Պուտինը Կուստուրիցային պատմել է, թե ինչն է ավելի կարևոր հաղթանակի համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տեխնոլոգիական սրընթաց փոփոխությունների պայմաններում մտածողության արագությունն ավելի կարևոր է դառնում, քան հրթիռների արագությունը։ Այս մասին նա ասել է սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցային տված հարցազրույցում՝ «Մեր մկրտությունը. Առաջնորդը» նախագծի շրջանակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կուստուրիցան Պուտինին հարցրել է, թե այսօր Ռուսաստանի համար ինչն ավելի մեծ նշանակություն ունի՝ հրթիռների արագությո՞ւնը, թե՞ ուղղափառ ոգին։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ներկայում վճռորոշ դեր է խաղում ոչ թե հրթիռների արագությունը, այլ արագ մտածելու և տեղի ունեցողին արձագանքելու կարողությունը։
«Ռազմական մասնագետներն ինձ ասում են, որ եթե դեռ երեկ կարևոր էին ժամանակակից սպառազինության տեխնիկական բաղադրիչները, ապա այսօր կարևոր են մաթեմատիկական գիտելիքները, քանի որ ռազմատեխնիկական ոլորտում փոփոխությունների արագությունն անհավանական է», — հայտարարել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ ժամանակակից պայմաններում առավելություն է ստանում նա, ով կարող է ավելի լավ մտածել և ավելի արագ արձագանքել տարբեր իրադարձություններին ու մարտահրավերներին։

