Երևանում կապարակնքվել է հնդկական ուտեստների ռեստորանը. տեսչական մարմինը խախտում է գտել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կապարակնքել է Երևանի կենտրոնում գտնվող հնդկական ուտեստների ռեստորանն ու Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գտնվող առևտրի մի օբյեկտ։ Տեղեկությունը հայտնում է տեսչության մամուլի ծառայությունը։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ռեստորանի և առևտրի օբյեկտի գործունեությունը դադարացվել է։
Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում Ս. Ղազարյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող առևտրի օբյեկտում և Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Մեհակ գրուպ» ՍՊԸ–ի կողմից շահագործվող ռեստորանում։
«Հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար»,– նշել են ՔՏՀԱ տեսչական մարմնից։
Տեսչական մարմինը որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող առևտրի օբյեկտի և ռեստորանի գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

