Ֆինլանդիան և Նորվեգիան կարգելեն ռուս մարզիկների մուտքը մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը
Ֆինլանդիան և Նորվեգիան որոշել են արգելել ռուսաստանցի մարզիկների մուտքն իրենց երկրներ՝ միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով։ Սահմանափակումները կգործեն մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը, հաղորդում է Deutsche Welle-ն։
Ֆինլանդիայի կառավարությունը նոյեմբերի 12-ին ընդունած որոշմամբ սահմանափակել է Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր՝ կարճաժամկետ աշխատանքի, այդ թվում՝ մասնագիտական սպորտով զբաղվելու նպատակով։ Նոր կանոնները վիզաների տրամադրման և երկիր մուտքի թույլտվությունների քննարկման ժամանակ կկիրառվեն նոյեմբերի 16-ից։
«Քանի դեռ շարունակվում է Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը, ռուս մարզիկները Ֆինլանդիայում անելիք չունեն։ Նրանց մուտքը սպառնալիք կլինի Ֆինլանդիայի միջազգային հարաբերությունների համար», – հայտարարել է երկրի արտգործնախարար Էլինա Վալտոնենը։
Սահմանափակումները կտարածվեն նաև չեզոք կարգավիճակով հանդես եկող ռուս մարզիկների վրա։ Ֆինլանդիան կարող է մերժել նաև Շենգենյան գոտու այլ երկրների տրամադրած վիզաներով ռուսաստանցիների մուտքը։
Նույն օրը նմանատիպ սահմանափակումների մասին հայտարարել է Նորվեգիան։ Ի տարբերություն Ֆինլանդիայի՝ Օսլոյի նախատեսած արգելքը կտարածվի նաև Բելառուի պրոֆեսիոնալ մարզիկների և նրանց ուղեկցող անձանց վրա։ Նորվեգիայի կառավարությունը հայտնել է, որ համապատասխան փոփոխությունները շուտով ուժի մեջ կմտնեն։
Նորվեգիայի իշխանությունները որոշումը հիմնավորել են ռուսական պրոֆեսիոնալ սպորտի և պետական կառույցների սերտ կապերով՝ ընդգծելով, որ Բելառուսն էլ աջակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։

