Ֆիթնեսի սխալ վարժությունից հետո բուժառուին ուշագնաց վիճակում տեղափոխել են հիվանդանոց․ Կարեն Զատիկյան
Կիֆոզը մեջքի վերին հատվածի` թիկունքի դեպի առաջ ուղղված չափազանց կորությունն է, որի արտահայտված ձևերը դրսևորվում են մեջքի խոնարհված կեցվածքով (կուզ): Պատճառների մասին զրուցել ենք կինեզիթերապևտ Կարեն Զատիկյանի հետ։

– Մեր օրերում շատերն են բախվում ողնաշարի խնդիրներին։ Խնդրեմ թվարկեք, թե որո՞նք են ամենատարածվածները։
– Խնդիրները բազմազան են՝ սկսած վարած կենսակերպից, առողջական խնդիրներից, մեխանիկական տրավմաներից՝ վերջացրած բնածին արատներով։
Ինչ վերաբերում է կուզիկությանն ու դրա առաջացմանը, ապա նշեմ, որ ողնաշարը ֆիզիոլոգիապես ունենում է չորս կորություն․ պարանոցային լորդոզ, կրծքային կիֆոզ, գոտկային լորդոզ, սրբոսկրային կիֆոզ։
Դրանցից յուրաքանչյուրի խախտման դեպքում առաջանում են ողնաշարի հավասարակշռության, մկանային լարվածության, քայլքի և այլ խնդիրներ։
Կուզիկությունն առաջանում է այն ժամանակ, երբ խախտվում է կրծքային կիֆոզը։ Կա հիպոկիֆոզ, հիպերկիֆոզ։ Հիպերկիֆոզն այն է, երբ բնական կորությունը, որի նորման ըստ գրականության՝ 20-45 աստիճան է, շատ է կորանում, պարանոցային և կրծքային հատվածում առաջանում է սապատ։
– Որո՞նք են կուզիկության պատճառները։
– Կարող են լինել մեխանիկական խնդիրներ, ողնաշարի վիրահատություններ, հետվիրահատական ընթացք։ Մեր օրերում շատ է նկատվում այն մարդկանց մոտ, ովքեր նստակյաց կյանքով են աշխատում։ Համակարգիչները, գաջեթները, պլանշետները մի կողմից՝ կյանքը հեշտացնում են, մյուս կողմից՝ առողջական խնդիրներ են առաջանում։ Երբ նույն դիրքով երկար ժամանակ սկսում ես աշխատել՝ ողնաշարի մկանային համակարգը սկսում է այլ կերպ աշխատել։ Որոշ մասը գերլարված է լինում, որոշ մասը սկսում է իր ֆունկցիան չկատարել, և ողնաշարի դիրքի խնդիր է առաջանում, այս դեպքում՝ հիպերկիֆոզ։
Լինում է նաև հակառակը, երբ կորությունը հարթվում է ավելի շատ, քան պետք է։
– Ե՛վ հիպերկիֆոզը, և՛ հիպոկիֆոզը ի՞նչ բարդություններ կարող են առաջացնել և ինչպե՞ս են արտահայտվում։
– Կարևոր է արտաքին տեսքը. հանգիստ կարող եք տեսնել ուսերի թեքվածություն, շեղվածություն, արտաքինից դիրքի խախտում։ Երկրորդ ախտանշանը կարող է լինել մարդու առողջական գանգատը՝ մեջքի ցավ, պարանոցի հատվածում գերլարված վիճակ։ Սակայն, եթե մարդը միայն մեջքի ցավից է գանգատվում, դա չի նշանակում, որ ունի ողնաշարային խնդիր։ Կարող է ներքին օրգանների խնդիրներից առաջացած ցավ լինի, օրինակ՝ երիկամների խնդիրների դեպքում։ Դրա համար անամնեզ հավաքելիս հասկանում ես՝ ուղեկցող հիվանդություններ ունի՞, թե՞ չունի, կատարվում են նաև գործիքային հետազոտություններ. ռենտգեն, ՈՒՁՀ։
Եթե մկանային խնդիրներ լինեն՝ խորհուրդ կտամ կինեզոթերապիան միքսել ֆիզիոթերապիայի հետ, քանի որ արդյունքը շատ ավելի շոշափելի և երկարատև է լինում։
– Մեջքի ցավ հանդիպում է 40 տարեկանից բարձր անձանց մո՞տ, թե՞ նաև երիտասարդների։
– Մեր ծնողների ժամանակ գուցե կար նման օրինաչափություն, իսկ հիմա, ցավոք, ոչ մի հիվանդություն ոչ մի օրինաչափություն, տարիքային սահմանափակում չունի և կարող է 40-ից բարձր լինել, 20 տարեկան, նույնիսկ դեռահաս։ Եղել են բուժառուներ, ովքեր դպրոցական են եղել և ունեցել են խնդիրներ՝ պայմանավորված սխալ կենսակերպով. սխալ նստել, պառկել, ճիշտ անկողին չընտրել։ Ունեցել ենք նաև բուժառուներ, որոնց դեպքում տարիքի հետ ունեցել են նման խնդիրներ։
– Կուզիկությունը լինում է բնածի՞ն, թե՞ ձեռքբերովի։
– Երկուսն էլ։ Երբ երեխան արտահայտված ողնաշարային խնդրի դեֆորմացիայով է ծնվում, ժամանակի ընթացքում դա ավելի է մեծանում և արտահայտվում։ Այս դեպքում առաջարկվում է վիրահատական միջամտություն։ Եթե քիչ է, փորձում ենք կինեզոթերապիայի միջոցով շտկել։
– Շտկվո՞ւմ է, թե՞ ոչ, և որքա՞ն ժամանակ է պահանջվում։
– Կախված է աստիճանից ու առաջացման պայմաններից։ Պետք է հասկանալ՝ խնդիրը որտեղի՞ց, ինչպե՞ս է առաջացել և ի՞նչ է արվել։ Ցանկացած բուժառուի համար անհատական վարժություն ենք մշակում, որովհետև նույն վարժությունը մեկի համար օգտակար է և արդյունավետ, մյուսի դեպքում եթե նույն վարժությունով աշխատենք, կարող է շատ ավելի վատ արդյունք ունենանք։
Եթե կուզիկությունը ձեռքբերովի է, առաջացել է ժամանակի ընթացքում, վարած կենսակերպի արդյունքում, այո՛, միանշանակ հնարավոր է բուժել։
– Շուկայում վաճառվում են օրթոպեդիկ կորսետներ և այլ պարագաներ, որ մարդիկ կարող են գնել և օգտագործել։ Արդյո՞ք դրանք արդյունավետ են։
– Մարդ, ով կուզի դա գնել և կրել՝ խորհուրդ կտամ խորհրդակցել բժշկի հետ, որովհետև դրանք տարբեր են։ Այն չափեր ունի, բարձրացնում, իջեցնում եք, պետք է բժշկի հետ խորհրդակցել, որ ասի՝ 3 օր հետո ինչքան բարձրացնել։ Չես կարող տարիների եղածը մեկ րոպեում կորսետ հագնել ու ուղղել. ժամանակ ու միջամտություն է պահանջելու։ Ցանկացած հիվանդության դեպքում ինքնաբուժումը միշտ սխալ է։
– Որո՞նք են բուժման հիմնական եղանակները։
– Եթե բացառում ենք վիրահատական միջամտությունը, ապա կինեզոթերապիա, ֆիզիոթերապիա, բժշկական մերսում, բուժական վարժություններ։ Ճիշտ և գրագետ պետք է լինի նաև ֆիթնեսը։ Ունեցել եմ բուժառու, որին ուշագնաց վիճակում տեղափոխել են հիվանդանոց և հասկացել ենք, որ պարանոցային հատվածում ուներ գրիժա, որը սեղմում էր նյարդն ու անոթը, իսկ ֆիթնեսի մարզիչն ասել էր, որ դու կարող ես ուժային վարժության ժամանակ, ենթադրենք, իքս կիլոգրամը բարձրացնել։
Երբ փորձել էր բարձրացնել՝ ճնշվել, սեղմվել էր, դանդաղել էր գլխուղեղի արյան սնուցումը և առաջացել էր ուշագնացություն։ Շատ կուզեմ, որ վերահսկվի և ֆիթնես վարժություններն արվեն մասնագետների հետ խորհրդակցելուց հետո՝ կինեզիստ, տրավմատոլոգ և այլն։ Մարդը որ գնում է պարապելու, գոնե ինքն իր համար պետք է հասկանա՝ ունի՞ այդ խնդիրները, թե՞ ոչ, եթե նույնիսկ մարզիչը դա չի պահանջում։ Համացանցում կան վարժություններ, բայց ամեն մեկի համար ինդիվիդուալ է։ Կարող է նույն վարժությունը մեկի մոտ ցավեր առաջացնել, օրինակ՝ մեջքի ցավ։ Այսինքն, գուցե դա ձեզ չի կարելի։

– Նկատում եմ, որ երեխաները ծանր պայուսակներով են գնում դպրոց, նաև չեն հետևում, որ ճիշտ նստեն. սա հետագայում կհանգեցնի կուզիկությա՞ն։
– Հանգեցնելու է ողնաշարի դեֆորմացիաների։ Պայուսակը սխալ կրելու դեպքում ունենալու է ողնաշարի դեֆորմացիա, իսկ թե սա ժամանակի ընթացքում ինչպե՞ս կդրսևորվի և կարտահայտվի՝ դա արդեն ընթացքում կերևա։ Մեկ ուսով պայուսակը կրելը բերելու է ուսագոտու դեֆորմացիայի՝ դիսբալանսի, վերև-ներքև ու այստեղից շեղվելու է ողնաշարը, առաջանալու է դեֆորմացիա։

