Փարաքար համայնքի ղեկավարը՝ երեկվա միջադեպի մասին

Երեկ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում փլուզվել էր ոռոգման ջրանցքի պատնեշը: Արդյունքում՝ ոռոգման ջուրը լցվել է գյուղի Նաիրի փողոցի տները: shamshyan.com կայքի փոխանցմամբ՝ գյուղում 200-ից ավելի տներ հայտնվել էին ջրի մեջ: Միջադեպի հետ կապված 168.am-ի հարցերին պատասխանել է Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը:

 

– Պարոն Վարդանյան, ի՞նչն է ոռոգման ջրանցքի պատնեշի փլուզման պատճառ դարձել:

– «Մուսալեռ ջուր» գրասենյակի մասնագետներն այժմ տեղում են, ուսումնասիրում են փլուզման պատճառները, «Մուսալեռ ջուրօգտագործողների ընկերությունը» կասի պատճառների մասին: Ես երկու բառով ասեմ: Մենք այդտեղից միշտ մյուս ջրանցքը սնում ենք այս ամառվա ամիսներին, որպեսզի կարողանանք բնակիչներին ապահովել ոռոգման ջրով: Չգիտեմ՝ ինչ է եղել: Մասնագետները կասեն պատճառի մասին: Մի ջրանցքից որ ջուրը տեղափոխվել, անցել է մյուս ջրանցք, այդ ջրանցքով ջրօգտագործողները հիմնականում քիչ են: Միանգամից ամբողջ երկու ջրանցքից ջուրը կուտակվել է ու ափերից դուրս եկել գյուղի մոտ երեք հատվածում ընդամենը: Եվ այդ մի տան բակի միջով ջուրը դուրս է եկել, անցել մյուս փողոց: Մյուս փողոցի բնակիչներն անմիջապես քարերով, ավազով, թիթեղներով փակել են դեպի իրենց փողոց մտնող այդ հատվածը, և ջուրը դուրս է եկել ոռոգման առու և ամբողջ գյուղով մեկ գնացել է՝ ուր պետք է գնար:

paraq2

 
– Shamshyan.com կայքի փոխանցմամբ՝ գյուղում 200-ից ավելի տներ հայտնվել էին ջրի մեջ: Արդյոք ճշտել ե՞ք` քանի ընտանիք է տուժել պատահարի արդյունքում, և ինչ չափի վնասներ են նրանք կրել:
– Համացանցում տեղեկություն կար, որ 200 տուն մնացել է ջրի տակ: Ջրի տակ ընդհանրապես ոչ մի տուն, տնտեսություն չի մնացել: Առավոտյան իմ  կողմից ստեղծվել է հանձնաժողով: հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է այդ ամբողջ հատվածի տնային տնտեսությունները՝ լուսանկարներով, բնակիչների հայտարարություններով: Այսօր երևի չհասցնենք, բայց վաղը մինչև օրվա կես մենք կունենանք լրիվ պատկերը, թե քանի տնտեսություն է տուժել, և մոտավորապես ինչ վնաս է հասցվել գյուղացիներին: Երկու-երեք տուն կա ընդամենը, որոնց նկուղները ջուր է լցվել: Ոչ մի տուն ջրի տակ չի մնացել: Դա պարզապես աբսուրդ է: Ինձ թվում է՝ վնասվել է ամենաշատը 8-10 տնտեսություն:

paraq3
– Փաստորեն 200 տնտեսության մասին տեղեկատվությունը չափազանցվա՞ծ էր:
– Գիտեք՝ համացանցում տեղեկատվություն կա այն մասին, որ այնտեղ ոչ ոք չկար: Այդ օրը Սունդուկյանի թատրոնում երեխաները տալիս էին հաշվետու համերգ: Հենց ինձ տեղեկացրին, ես անմիջապես դուրս եմ եկել միջոցառումից, եկել եմ գյուղ, զանգել եմ մարզպետարան, զանգել եմ՝ Ջրօգտագործողների ընկերության տնօրենին եմ անմիջապես հրավիրել, փակել ենք երկու ջրանցքները Երևանյան լճից: Այդ ջրանցքները փակելուց հետո մի 2-3-ից ավելի ժամ է հարկավոր, որպեսզի ջուրը դադարի, որովհտև 2-3 կմ ջուրը գալիս է, ծորակ չի, որ ջուրը փակեցին՝ կտրվեց: Արտակարգ իրավիճակներից եկան, մեզ օգնեցին, շատ օպերատիվ աջակցեցին մեզ: Ամբողջ գիշեր Ջրօգտագործողների ընկերությունը եղել է դեպքի վայրում:

paraq4
– Փլուզված ոռոգման ջրանցքի պատնեշի վերականգնման աշխատանքները ե՞րբ են սկսվելու:
– Հիմա արդեն սկսվել են շինարարական աշխատանքներ, այդ պատը նորից վերականգնվում է:
– Համայնքի՞, թե՞ ընկերության միջոցներով է վերականգնվում պատնեշը:
– Ջրօգտագործողների ընկերության միջոցով, որովհետև առուները մենք տվել ենք «Մուսալեռ ջրօգտագործողների ընկերությանը՝ անհատույց օգտագործման: Իրենք և՛ ջուր են տրամադրում, և՛ գումարն են հավաքում, և՛ իրականացնում են առուների վերանորոգումը:
– Իսկ ի՞նչ միջոցներով են փոխհատուցվելու վնասներ կրած գյուղացիները:
– Հիմա որ ասեմ՝ ես ինչ-որ բան կարող եմ ասել… Մենք ուղղակի կճշտենք Ջրօգտագործողների ընկերության հետ: Աjսօր-վաղը նրանք վերականգնման աշխատանքները կիրականացնեն, իսկ մյուս օրը կքննարկենք: Ում` ինչ օգնություն հնարավոր է, կօգնենք: Ուղղակի պետք է ապահովենք, որ հետագայում չլինի նման բան, որովհետև բնակիչներն էլ մեղք ունեն, այդ ջրանցքի կողքի տարածքները զբաղեցրել են, մենք երեկ չկարողանցանք օպերատիվ տրակտոր մտցնել, մեկը ցանկապատ է արել, մեկը՝ մի մետր ավելի հող օգտագործել: Ընդհանուր թերություններ են, որոնք մենք կփորձենք շտկել: Այդպիսի բան երևի 61-ին է եղել:

Տեսանյութեր

Լրահոս