Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու
ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների թվայնացման գործընթացը շարունակվում է։ Օգոստոսի 27-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի շրջանակում ներկայացվել է Հայաստանում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի՝ կացության կարգավիճակների տրամադրման համար դիմումների ընդունման և դրանց ընթացքի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի նախնական տարբերակը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը և Ծառայության ներկայացուցիչներ։
Նոր հարթակի ներդրումը պայմանավորված է «Օտարերկրացիների մասին» օրենքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն՝ նոյեմբերի 1-ից կթվայնացվեն Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները։
Ծրագրային նոր լուծումների ներդրմամբ նախատեսվում է թվայնացնել ոչ միայն դիմումների ներկայացման, այլև դրանց հետագա ընթացքի և վարչական վարույթների իրականացման գործընթացը։ Համակարգի թվայնացումը կնպաստի փաստաթղթաշրջանառության ծավալի կրճատմանը, վարչական գործընթացների օպտիմալացմանը և ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։
Անդրադարձ է կատարվել հարթակի գործարկմանն ու դիմումների ընդունման գործընթացի մանրամասներին, տվյալների ավտոմատ ստուգման և պետական տեղեկատվական համակարգերից անհրաժեշտ տվյալների ստացման հնարավորություններին, ինչպես նաև տարբեր շահառուների համար նախատեսվող հիմնական առանձնահատկություններին։ Քննարկվել են նաև գործընթացների պարզեցման և առավել արդյունավետ կազմակերպման ուղղությունները։
Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ներկայացված հարթակի գործարկման արդյունավետությանն ու կիրառելիությանը, ընդգծել է թվայնացման աշխատանքները սահմանված ժամկետներում և անհրաժեշտ որակով ավարտելու կարևորությունը։
Նախարարը շեշտել է, որ թվայնացումը պետք է իրականացվի ոչ միայն տեխնիկական մակարդակում, այլև ուղեկցվի ծառայության մատուցման գործընթացի վերանայմամբ՝ դրանք հնարավորինս պարզեցնելու և քաղաքացիակենտրոն դարձնելու նպատակով։
«Արձանագրում ենք, որ այս և մնացյալ փոփոխությունների արդյունքում տարեվերջին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու։ Ժամկետի որևէ փոփոխություն այս տեսանկյունից չենք նախատեսում»,- ընդգծել է ՆԳ նախարարը։
Նախարար Սարգսյանը հանձնարարել է շարունակել հարթակի կատարելագործման աշխատանքները՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում բարձրացված հարցերն ու առաջարկությունները, և ապահովել անհրաժեշտ գործառույթների ամբողջական ներդրումը։

