Ո՞վ է ասում, որ Արցախի վերադարձը պիտի լինի 2 տարում, բայց ո՞վ է ասում, որ դրանից պետք է հրաժարվել. Ավետիք Չալաբյան
«Ո՞վ է ասում, որ Արցախի վերադարձը պետք է տեղի ունենա 2 տարում. Ի վերջո, Ադրբեջանին 29 տարի պետք եղավ հաջողության հասնելու համար: Բայց ո՞վ է ասել, որ պետք է հրաժարվել այդ հարցից: Ադրբեջանի հետ խաղաղության կարելի է հասնել այլ եղանակներով: Արցախյան հարցը կրկին պետք է վերադարձվի բանակցային սեղան: Խաղաղության պետք է հասնել այն պայմաններում, երբ ոչ մի կողմը տուժած չէ, և յուրաքանչյուրը ստացել է իր հասանելիքը: Չի կարող լինել երկարաժամկետ խաղաղություն, եթե կողմերից մեկը համարում է, որ իր հիմնարար իրավունքները խախտված են: Ադրբեջանցիներն էլ են դա հասկանում, գիտեն, որ Արցախն իրենցը չէ, չեն էլ ուզում ապրել այնտեղ»,- 168TV-ի «Դասեր» հաղորդաշարի եթերում ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նրա խոսքով՝ երբ դու պատրաստ ես մի քանի ադրբեջանական ցիստեռնի դիմաց հրաժարվել քո հայրենիքից, ուրեմն երբեք ոչնչի էլ չես հասնի, և ոչ մեկը քեզ ոչինչ չի վերադարձնելու:
«Հիմա աշխարհայացքային ընտրության ֆունդամենտալ խնդիր կա: Ճամփաբաժանը հետևյալն է՝ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ ու դառնալ կամուրջ նրա միավորման համա՞ր, թե՞ հզորանալ ու թույլ չտալ, որ թուրքական աշխարհն իր գերիշխանությունը հաստատի մեր մեծ Հայրենիքից մնացած մի փոքր կտորի վրա: Սա է ընտրությունը՝ ապրե՞լ թուրքական գերիշխանության տակ, թե՞ ոչ:
Մենք մի անգամ արդեն ապրել ենք թուրքական գերիշխանության տակ, և դա ավարտվել է հայրենազրկմամբ ու Ցեղասպանությամբ, ու մեր Հայրենիքի 300 000 ք/կմ տարածքի վրա ոչ մի հայ չի ապրում: Մենք պատրա՞ստ ենք հանուն պատրանքային խաղաղության մեզ նորից վտանգի ենթարկել, և սա այն դեպքում, երբ թուրքերը որոշել են, որ այստեղ այլևս հայ չպետք է լինի»,- ասաց Ավետիք Չալաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

