Իշխանություններն այդ համաձայնագրում ներդրել են իրենց ամբողջ քաղաքական կապիտալը, ՀՀ-ն թողել են առանց էական այլընտրանքների․ Հրանտ Միքայելյան
«Խաղաղության» վաշինգտոնյան հռչակագրից 1 տարի անց շնորհավորանքի տեքստ հրապարակեց Նիկոլ Փաշինյանը, ապա՝ զանգահարեց Ալիևին, հաղորդագրություն հղեց ԱՄՆ պետքարտուղարը, և նույնիսկ Թուրքիան՝ Ադրբեջանի ու Հայաստանի՝ դեպի խաղաղություն շարժվելու մասին նշեց, բայց Ադրբեջանը շարունակեց ի ցույց դնել նկրտումները։ Ադրբեջանական պետական հեռուսատաալիքով՝ AZ TV-ով, ադրբեջանական կողմը պնդեց՝ նախագիծը, որի հիմքերը մեկ տարի առաջ փորձում էին հչակագրով դնել կողմերը, ընդամենը «Զանգեզուրի պատմական միջանցքն է»։
Հակառակ սրան՝ իշխանության տարբեր դերակատարներ շարունակում են շնորհավորել միմյանց մեկ տարի առաջ Վաշինգտոնում ունեցած ձեռքբերումների համար։
Իսկապե՞ս շնորհավորելու առիթ կա, և մեզ ո՞ւր է տանելու այդ համաձայնագիրը՝ 168․am-ը հետաքրքրվեց քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյանից։
«Իշխանությունները շահագրգռված են, որ այդ համաձայնագիրը հասցվի մինչև վերջ, որովհետև դրա մեջ ներդրել են իրենց ամբողջ քաղաքական կապիտալը և թողել են Հայաստանի Հանրապետությունը առանց որևէ էական և իրական այլընտրանքների։
Վերջինս դիվանագիտորեն սխալ է, որովհետև դիվանագիտական տեսության դիտանկյունից՝ բանակցվող համաձայնագրին միշտ ցանկալի է այլընտրանքներ ունենալ և ստեղծել, որպեսզի դու բանակցային դիրք ունենաս։ Այլ պարագայում՝ դու ստիպված ես լինելու գործընկերոջ կամ հակառակորդի ճնշման տակ լինես։
Ադրբեջանը, գիտակցելով դրությունը, որի մեջ հայտնվել է Հայաստանի ներկա իշխանությունը, օգտագործում է այս պահը՝ ձևացնում, թե իրեն սա պետք չէ, թե դա արդեն «Զանգեզուրի միջանցք» է՝ այս կերպ, մեծ հաշվով, փորձելով վերաբանակցել,- նախ արձանագրեց Հրանտ Միքայելյանը, ապա հավելեց,- Այստեղ շնորհավորելու իրավիճակ չկա, առավել ևս, որ մենք որևէ հստակության չենք հասել»։
Քաղաքագետը սա ամենևին խաղաղություն չի համարում, այլ պատերազմի հետաձգում։
«Եթե մենք խաղաղության հասնենք ու ցանկալի է՝ առանց զիջումների, ապա դա կլինի արդյունք, բայց այս պահի դրությամբ՝ իշխանությունները ևս խոսում են պատերազմի մասին․ օրինակ, նախընտրական արշավի ժամանակ ասում էին՝ եթե չհաղթեն սահմանադրական մեծամասնությամբ, ապա սեպտեմբերին կլինի պատերազմ։ Սեպտեմբերը դեռ չի եկել, բայց, ամեն դեպքում, այն, որ իրենք դնում են պատերազմի հարցը, նշանակում է՝ «խաղաղություն» հաստատված չէ»,- նշեց նա։
Հրանտ Միքայելյանը TRIPP-ի տնտեսական օգուտների մասին խոսակցությունները համարում է քարոզչական։
«Իրականությունը հետևյալն է՝ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Հայաստանի Հանրապետությունը պատերազմի վտանգով, այդ շանտաժը չի դադարել առնվազն 2005 թվականից, բայց այն վերջին 5-6 տարվա ընթացքում առավել ուժգնացավ՝ պարտությունների ու անհեթեթ դիվանագիտության հետևանքով,- պարզաբանեց մասնագետը՝ հայտնի հռչակագրի օգուտ համարելով միայն իրավիճակի մեղմացումն ու շահած մեկ տարին,- Շահել ենք 1 տարի, որը չենք օգտագործել, այսինքն՝ այս իշխանությունները դա օգտագործել են միայն ներքաղաքական նպատակների համար։
Հաջորդը՝ TRIPP-ը , այնուամենայնիվ, փոխարինում է «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, մեղմացնում այն, բայց թեև TRIPP-ն ինչ-որ առումով մեղմացնում է, բայց հարցը չի լուծվում․ այդտեղ գրված է, որ Հայաստանի ինքնիշխանությունը ապահովվում է և այլն, բայց գրելով չի․ եթե դա պարտադրվում է, արդեն չի ապահովվում»։
Ըստ նրա՝ անգամ Թրամփի իշխանությունից հեռանալու պարագայում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին»՝ TRIPP-ը, չի չեղարկվի, որովհետև այդ նախագիծը հին քաղաքական գծի շարունակությունն է, վաղուց պատրաստած ծրագիր։

