Բաժիններ՝

Մի մեքենա ծիրանի կռիվ. Գյուղացին բողոքում է, մթերողը՝ նույնպես…

Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Աշոտ Գաբրիելյանը դիմել է 168.am-ի խմբագրություն և հայտնել, որ իր աճեցրած բարձրորակ ծիրանը հրաժարվել են մթերել «Արալեզ-ալկո» գինու-կոնյակի գործարանի տարածքում գործող «Արարատի Աբրիկոն» ՍՊԸ-ում: Ըստ Գաբրիելյանի՝ երեկ 2.5 տոննա ծիրանով բեռնված մեքենան գործարանի մոտ հերթում սպասելիս է եղել, մի քանի ավտոմեքենաներ առանց հերթի են ներս մտել:

«Փորձեցի միջամտել, հերթ պահպանել, բայց կոմբինատի աշխատողներն ասացին, որ բեռնաթափողներն իրենց մոտիկներն են, և իրենց չի հետաքրքրում, թե քանի ժամ կսպասեմ: Երբ այդ վերաբերմունքից վիրավորվածությունս արտահայտեցի, ասացին, որ իմ ապրանքը չեն ընդունի, ինչ ուզում եմ՝ անեմ»,- ասաց Ա.Գաբրիելյանը:

Նա ահազանգել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության թեժ գծին, քիչ անց իրեն զանգահարել է փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ով փորձել է հարցին լուծում տալ: Սակայն մեկ ժամ հետո զանգահարել և ասել է, որ գործարանում ծիրանը չմթերելու պատճառը դրա որակն է եղել:

«Նույն ծիրանից ես արդեն մթերել էի նույն գործարանում: Ես փոխնախարարին խնդրեցի, որ իմ բերքը ենթարկեն լաբորատոր քննության, սակայն նա խուսափեց այս առաջարկից: Նշեմ նաև, որ գործարանում լաբորատորիա ևս գոյություն չունի, և բերքի որակը որոշվում է կամայականորեն՝ իրենց աշխատողների խոսքով՝ մատերից հոտ քաշելով»,- նշեց Ա. Գաբրիելյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ իրեն առաջարկել են բերքը տանել Հոկտեմբերյան, որտեղ մթերման կետ ունի «Նոյան» հյութերի գործարանը: Սակայն այնտեղ 1 կիլոգրամի դիմաց վճարում են 50 դրամ, ի տարբերություն «Արարատի Աբրիկոնի» 70 դրամի, իսկ հավելած նաև հավելյալ ճանապարհածախսը, բերքահավաքի համար աշխատողներին վճարված 50 հազար դրամը, ըստ հողագործի, արդեն իմաստ չուներ: Արդյունքում՝ 2 հեկտար այգու բերքի մոտ 10-15%-ը կազմող ծիրանը բեռնատարում փչացել է, և դրանից միայն տնական պայմաններում կարելի է օղի թորել:

Մեզ հետ զրույցում ԳՆ փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հաստատեց, որ թեժ գծով ահազանգ էին ստացել, որ ծիրանի մթերման հետ կապված խնդիր կա. «Անմիջապես զանգահարել եմ գործարանի տնօրենին, որը պատճառաբանել է բերքի որակը: Մեր կողմից դրա ստուգելու խնդիր չկա, երկու մասնավոր սուբյեկտներ են, եթե չեն պայմանավորվում, կարող է այլ տեղ իրացնել: Ես Գաբրիելյանին առաջարկել եմ, որ եթե խնդիրն իրացումն է, տանի Պռոշյանի գործարան կամ Արարատի պահածոների գործարան: Քաղաքացին հրաժարվել է»:

Ռ. Մակարյանը նաև նկատեց, որ այդ գործարանները «Արարատի Աբրիկոնից» շատ հեռու չեն գտնվում, նույն մարզում են, ընդամենը մի քանի կիլոմետր են իրարից հեռու:

«Արարատի Աբրիկոն» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Խաչիկյանը 168.am-ին վստահեցրեց, որ խնդիրն իսկապես բերքի որակն է եղել, և նման դեպք, որ գործարանը խնդիր ունենա հողօգտագործողի հետ, առաջին անգամ է:

«Ես էն մարդը չեմ, որ կոպիտ բառ ասեմ: Ինքը թույլ չտվեց, որ գործարանի մեքենան մտնի, ինքը մտավ, բայց բերքը փչացած էր: Նման էժան բաների մենք հաստատ չենք գնում, մենք լուրջ գործարան ենք, բարձրորակ ապրանք ենք արտադրում, 95% արտահանում ենք Եվրոպա: Փչացած ծիրանից չենք կարողանում լավ խմիչք արտադրել: Փչացած ծիրանը, որտեղ միկորօրգանիզմներ են զարգացել, հնարավոր չէ օգտագործել»,- ասաց Կ.Խաչիկյանը՝ հավելելով, որ Գաբրիելյանն է փորձել դրդել իրավիճակի սրման, կոնֆլիկտ ստեղծել, մինչդեռ ինքը չի արձագանքել նրան:

«Հավատացեք, որ սա այն դեպքը չի , որ ընդամենը մի թեթև վեճի համար ես իջնեմ այն մակարդակի, որ դաշտում չարչարված մարդուն հետ ուղարկեմ, որովհետև իմ անձնական քմահաճույքն է»,- հավելեց գործարանի տնօրենը:

Նրա խոսքով՝ ծիրանի լաբորատոր ստուգման կարիք չի եղել, քանի որ նույնիսկ շուկայից ծիրան գնելիս՝ զգացվում է՝ թթվա՞ծ է, թե՞ ոչ: Խաչիկյանն առաջարկել է նախարարությունից մասնագետ ուղարկել, որ ստուգեն բերքի որակը ու, եթե բարձրորակ է, ինքը պատրաստ է կրկնակի վճարել:

Միաժամանակ Խաչիկյանը նկատեց, որ Պռոշյանի գործարանը և «Արտֆուդը» թթված ծիրան ընդունում են ու, եթե Գաբրիելյանն իր բերքը տաներ այնտեղ, խնդիր չէր ունենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս