Պետք է հստակ տարանջատել քարոզչական խոսակցությունը և իրական տնտեսական միտումները․ Հրանտ Միքայելյան
«Ռոսսելխոզնադզոր»-ի դիտակետում արդեն հայկական կաթնամթերքն է․ այն համարել են վտանգավոր ու արգելել ներմուծումը։ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը մասնավորապես հայտնել է, թե արտադրության մեջ օգտագործվել է հիվանդ կենդանիներից ստացված կաթ և չհաստատված ծագմամբ հումք։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի գնահատմամբ՝ իրավիճակը շարունակ խորանալու է, քանի որ ակնհայտ է` ո՛չ Փաշինյանը, ո՛չ Պուտինը չեն փոխելու իրենց քաղաքականությունը։
Տնտեսության վրա այս սահմանափակումների ազդեցության մասին իր դիտարկումներում Հրանտ Միքայելյանը 168․am-ի հետ զրույցում ընդգծեց․ «Այս պահին մակրոազդեցությունը փոքր է․ ավելի շուտ տնային տնտեսությունների, փոքր տնտեսվարողների վրա է։ Երկրի մակարդակով ազդեցությունը դեռևս փոքր է այն պատճառով, որ վերջին տարիներին գյուղատնտեսության կշիռն Էկոնոմիկայի մեջ արագ նվազում է՝ հատկապես Գյուղատնտեսության նախարարության փակումից հետո:
Բայց մակրոազդեցության էլ ականատես կլինենք, քանի որ տեսնում ենք՝ բացի գյուղատնտեսությունից, արդեն ագրոարդյունաբերությունն էլ է ազդվել, հետո, հավանաբար, նաև հասնելու է գազի գնին։ Եվ ինչքան քաղաքական մակարդակում ուշ լինի փոփոխությունը, այդքան խոր տնտեսական ազդեցություն է լինելու։ Ենթադրում եմ, որ ոչ մի արձագանք էլ Փաշինյանը չի տալու, բացի տեխնիկական փորձերից, քաղաքական կուրսը նույնն է լինելու, և արդեն հաջորդ տարի, կարծում եմ, տնտեսության համար բավականին ծանր հարված է լինելու»։
Հրանտ Միքայելյանն արձանագրեց նաև, որ իշխանությունների դիվերսիֆիկացիայի մասին խոստումները ու սուբսիդիաների հատկացումը չեն կարող փոխել իրավիճակը։
«Սուբսիդիաները շատ փոքր են, իսկ եվրոպական շուկայում հայ առևտրականները հասանելիություն չունեն»,- հավելեց նա։
Դիտարկմանը, թե ասում են՝ հայկական ծիրանը հասել է Փարիզ, իսկ վարդերը՝ Նյու Յորք, տնտեսագետն արձագանքեց․
«Ես հասկանում եմ, որ քարոզչական նպատակով կարելի է այդպիսի բաներ ասել, բայց տնտեսության տեսանկյունից սա 0.01 % է։ Հայկական գյուղատնտեսական ապրանքները Ֆրանսիայում շուկա չունեն։ Կարելի է շատ խոսել, բայց շուկա չունեն, որովհետև Իսպանիան, օրինակ, ծիրան անհամեմատ շատ է արտադրում և արտահանում Ֆրանսիա և ավելի մատչելի»։
Նա նաև մեր ժողովրդին ուղղված ծաղր համարեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հայկական ծիրանի ջեմի տեսարանը։
Ըստ տնտեսագետի՝ հայկական որոշ ապրանքանիշներ կարող են եվրոպական շուկաներում տեղավորվել, սակայն այդ ժամանակ էլ մրցակցության մասին պետք է մտածել։
«Ուզում եմ շատ հստակ տարանջատենք քարոզչական խոսակցությունը և իրական տնտեսական միտումները։ Իրական տնտեսական միտումներում պետք է եղած գործընկերների հետ, Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություն պահել, ոչ թե վատթարացնել, հետո մտածել` լավ, ո՞նց կոմպենսացնենք»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը։

