Բաժիններ՝

Գազային խաղեր. Քարտերը բացելու ժամանակը

«ՀայՌուսգազարդի», «Գազպրոմի» և ՀՀ իշխանությունների մասնակցությամբ եռակողմ խաղն աստիճանաբար պարզվում է. խաղաքարտերն ու խաղացողների դեմքերն աստիճանաբար բացվում են։ Իհարկե, խաղացողները դեռ փորձում են հնարավորության սահմաններում շարունակել բլեֆը, սակայն իրականությունն արդեն ուրվագծվում է։ Իսկ գազային պատկերի վերջին շտրիխները ավելացան հունիսի 30-ին։

Հենց այդ, ընդ որում՝ կիրակի օրը, Երևանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2012թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը, որտեղ երևում է, որ ընկերությունը 2012թ. ընթացքում կրել է ռեկորդային վնաս՝ 64,9 մլրդ դրամի չափով:
Նշենք, որ նախորդ տարիներին ընկերությունը նույնպես վնասներ էր կրել, սակայն ոչ այս մասշտաբների (վնասը չէր գերազանցում 10-15 միլիարդ դրամը)։ Վնասի այս չափը ռեկորդային է ոչ միայն «ՀայՌուսգազարդի», այլև Հայաստանի տնտեսության համար։ Դժվար է մտաբերել որևէ հայաստանյան ընկերություն, որը մեկ տարվա ընթացքում ունենա 64.9 միլիարդ դրամի (շուրջ 160 միլիոն դոլար) վնաս։ Դա առավել աբսուրդային է, եթե հաշվի առնենք, որ ընկերությունը վաճառում է լայն սպառման ապրանք և ունի մենաշնորհային դիրք։
Սակայն դա միակ աբսուրդը չէ։ Լուրջ ընկերություններում թոփ-մենեջերներին պաշտոնանկ են անում անգամ այն դեպքում, երբ շահույթը քիչ է լինում։ Իսկ ընկերության ներկայիս տնօրեն Վարդան Հարությունյանին բաժնետերերը պաշտոնանկ չեն արել։ Ինչո՞ւ, եթե նրա ղեկավարման օրոք ընկերությունը տարիներ շարունակ վնասով է աշխատում։ Պատասխանը կարող է լինել միայն մեկը՝ տնօրենը մեղավոր չէ վնասի համար։ Իսկ թե ո՞վ է մեղավոր, այդ հարցի պատասխանը պաշտոնական հաղորդագրության մեջ, բնականաբար, տրված չէ: Սակայն այն կարելի է գտնել տրամաբանության միջոցով։
Թե ինչո՞ւ է «ՀայՌուսգազարդն» այսպիսի վնաս կրել՝ երևում է հաշվետվությունից։ Մասնավորապես, 2012 թվականին վաճառված գազի ինքնարժեքը կազմել է 219.5 միլիարդ դրամ, իսկ հասույթը՝ 182.1 միլիարդ դրամ։ Այսինքն՝ «ՀայՌուսգազարդը» գազը վաճառել է ինքնարժեքից ցածր գնով։ Արդյունքում՝ միայն բարձր ինքնարժեքի պատճառով գոյացել է 37.4 միլիարդ դրամի վնաս։ 10 միլիարդ դրամ էլ ընկերությունը վճարել է՝ որպես վարկի տոկոսավճար։ Սրան էլ ավելացել են նաև վարչական ծախսերը, և այլն։ Կարճ ասած՝ վնասի պատճառն այն է, որ ընկերությունը գազը վաճառել է գերվնասաբեր գնով։
Հաշվետվությունից հեթական անգամ բացահայտվում է նաև ՀՀ իշխանությունների շարունակվող սուտը։ 2011-ին իրացվել է 1.534 միլիարդ խմ գազ՝ 151.5 միլիարդ դրամ ինքնարժեքով, իսկ 2012-ին՝ 1.608 միլիարդ խմ գազ՝ 219.5 միլիարդ դրամ ինքնարժեքով։ Սա նշանակում է, որ 1000խմ գազի ինքնարժեքը 2011 թվականին եղել է 98 000 դրամ, իսկ 2012-ին՝ 137 000 դրամ (40%-ով ավելի)։ Իսկ դա էլ նշանակում է, որ «ՀայՌուսգազարդը» նախորդ տարվանից է գազը գնում թանկ գնով։ Այսինքն՝ հայտարարությունները, թե գազի գինը նոր է թանկացել, հեքիաթասացության ժանրից են։

Ընդ որում, «ՀայՌուսգազարդիի» հաշվետվությունից պարզվում է ևս մեկ հետաքրքիր իրողություն։ «ՀայՌուսգազարդի» տնօրեն Վարդան Հարությունյանի՝ մայիս ամսին «Արմենիա» հեռուստաընկերության «ՌԷվոլյուցիա» հաղորդման ընթացքում արտահայտած մտքերին մասամբ անդրադարձել ենք։ Վերհիշելու արժանի է հատկապես այն հատվածը, երբ, պատասխանելով հարցին, թե այս պահին Հայաստանն ի՞նչ գնով է գազ գնում Ռուսաստանից՝ Վ. Հարությունյանն ասել էր՝ 1000 խորանարդ մետրի համար վճարում ենք 180 դոլար։ Ճշտող հարցին ի պատասխան, թե ՊԵԿ-ի տվյալներով՝ այդ գինը 240 դոլար է, և ինչպե՞ս կարելի է բացատրել այդ հակասությունը, Վարդան Հարությունյանն ասել էր՝ այդ հակասության բացատրությունը կտրվի 2 շաբաթից, և կրկին շեշտել էր՝ գազի համար վճարում ենք 180 դոլար։ Ուշադրություն դարձրեք՝ Վարդան Հարությունյանը ոչ թե ասում էր՝ գազն ԱՐԺԵ 180 դոլար, այլ ասում էր՝ ՎՃԱՐՈՒՄ ենք 180 դոլար։ Այն ժամանակ մենք գրել էինք, որ սա անուղղակիորեն նշանակում է մի բան՝ «ՀայՌուսգազարդը» գազի մի մասը ձեռք է բերում պարտքով։
Եթե այն ժամանակ դա զուտ ենթադրություն էր, ապա «ՀայՌուսգազարդի» հաշվետվության մեջ կարելի է գտնել այդ ենթադրության թվային ապացույցները։ Բանն այն է, որ ապառիկ գնելու պարագայում, եթե տարվա վերջին պարտքը չի մարվում, ընկերության հաշվեկշռում գոյանում է կրեդիտորական պարտք։ «ՀայՌուսգազարդի» հաշվեկշռում 2012-ի վերջի դրությամբ առկա է 57 միլիարդ դրամի կրեդիտորական պարտք։ Թե ում է պարտք ընկերությունը՝ դժվար չէ գուշակել։
Ամփոփելով այս տեղեկատվությունը և վերջին ամիսների ընթացքում հնչած ելույթներն ու զարգացումները, կարելի է արձանագրել, որ տեղի է ունեցել հետևյալը։ «Գազպրոմը» նախորդ տարվանից թանկացրել է Հայաստան մատակարարվող գազի գինը (դա երևում է թե՛ մաքսային տվյալներից, թե՛ «ՀայՌուսգազարդի» հաշվետվությունից)։ Սակայն «ՀայՌուսգազարդը»  շարունակել է «Գազպրոմին» վճարել նախկին գնով՝ այսինքն՝ գազի մի մասը ձեռք է բերել ապառիկ, ինչի արդյունքում գոյացել է 57 միլիարդ դրամի կրեդիտորական պարտք։ Միևնույն ժամանակ՝ «ՀայՌուսգազարդը»  երկրի ներսում սակագինը չի փոփոխել՝ ինչի արդյունքում կրել է 65 միլիարդ դրամի վնաս։
«ՀայՌուսգազարդը»  բարեգործական կազմակերպություն չէ, որ ինքնակամ այդպիսի վնաս կրի։ Իսկ քանի որ ընկերության տնօրենին աննախադեպ վնասի համար աշխատանքից չեն ազատում, նշանակում է՝ վնասն արձանագրվել է ՀՀ իշխանությունների մեղքով, որոնք քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել, որ գազի գինը թանկանա մինչև նախագահական ընտրությունները։ Հետևաբար՝ նույն իշխանությունն այժմ պետք է այդ վնասը փակի։ Եվ դա տեղի է ունենալու «ՀայՌուսգազարդում» ՀՀ կառավարությանը պատկանող  20% բաժնեմասը ռուսական կողմին փոխանցելու միջոցով։
Այսինքն, որքան էլ տխուր լինի, գալիս ենք այն եզրակացության, որ 20% բաժնեմասը փոխանցելու հարցը քննարկվում է ոչ թե գազի գնի սուբսիդավորման համատեքստում, այլ «Գազպրոմի» հետ արդեն անցած հաշիվները փակելու համար։ Այսինքն՝ 20%-ը փոխանցելու են՝ որպես վնասի փոխհատուցում։ Իսկ 30%-անոց սուբսիդավորման աղբյուրը դեռ հետո կերևա։
Այս ամենի մեջ ամենացավալին այն է, որ կուլիսային գործարքներ են կատարվում քաղաքական նկատառումներով՝ մարդկանց որոշակի խմբի շահերից ելնելով։ Սակայն դրա համար վճարում են հարկատուները։ Այլ կերպ ասած՝ հայ ժողովուրդը վճարում է ոչ միայն գազի դիմաց, այլև հոգում է իշխանության վերարտադրության ծախսերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս