Իրանի ԱԳ փոխնախարարը Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձևը որակել է փաստերի խեղաթյուրման փորձ
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին խստորեն դատապարտել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդին ներկայացված ԱՄՆ-ի բանաձևի նախագիծն՝ այն որակելով փաստերի խեղաթյուրման փորձ։ Այս մասին նա հրապարակում է արել X սոցիալական հարթակում։
Ղարիբաբադիի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի և տարածաշրջանային մի քանի դաշնակիցների նախաձեռնությունն՝ առաջարկելու Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանաձևի նախագիծ, «խնդրի էությունը փոխելու նոր փորձ է՝ ռազմական ագրեսիայի և անօրինական պաշարման հետևանքները վերածելու սպառնալիքների, ճնշման և հարձակումների օբյեկտ դարձած երկրի դեմ գործի»։
«Ազատ նավագնացությունը հարգված իրավական սկզբունք է, բայց այն չի կարելի մեկնաբանել ընտրողաբար, քաղաքականապես կամ ՄԱԿ-ի կանոնադրությունից անջատ», – գրել է նա։
Փոխնախարարն այն կարծիքն է հայտնել, որ նման մոտեցումը չի նպաստի «ո՛չ լարվածության թուլացմանը, ո՛չ էլ ծովում անվտանգությանը»։
«Ցանկացած տեքստ, որը փորձում է նկարագրել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակն՝ առանց հիշատակելու ագրեսիան, պաշարումը, ուժի կիրառման սպառնալիքը և իր անվտանգությունն ու կենսական շահերը պաշտպանելու Իրանի օրինական իրավունքները, կլինի սխալ, կանխակալ, քաղաքականացված և ի սկզբանե ձախողման դատապարտված», – հավելել է Ղարիբաբադին։
Մայիսի 5-ին Միացյալ Նահանգները ՄԱԿ Անվտանգության խորհրդին ներկայացրել է բանաձևի նախագիծ, որով պահանջվում է, որ Իրանը դադարեցնի գրոհները Հորմուզի նեղուցում։ Հակառակ դեպքում Թեհրանին սպառնում են նոր պատժամիջոցներ և նույնիսկ ուժի հնարավոր կիրառում։



