«Բանակցություները գաղտնի են՝ չգիտենք, ինչ են քննարկում. այդ ամենն արժեք չունի, քանի դեռ սահմանները պաշտոնապես չեն բացվել». Թուրքագետ
2022 թվականից Հայաստանն ու Թուրքիան սկսեցին ակտվորեն խոսել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին։ Դրանից հետո Հայաստանը սկսեց ինտենսիվորեն կահավորել ու նորոգել Մարգարայի անցակետը, վերջերս էլ արդեն հայտնի դարձավ, որ անցակետն ամբողջովին պատրաստ է շահագործման, սակայն սահմանն այդպես էլ երրորդ երկրների քաղաքացիների համար շարունակում է փակ մնալ։
Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրություններից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել և իր գոհունակությունը հայտնել, որ խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ ավարտվել են «խաղաղ և հանգիստ միջավայրում»։
«Մենք ցանկանում ենք, որ ընտրությունների արդյունքներն օգտակար լինեն հայ ժողովրդի համար։ Հուսով ենք, որ հետընտրական շրջանում կստեղծվեն պայմաններ, որոնք հնարավոր կդարձնեն Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այս նպատակով Թուրքիան, ինչպես մինչ այժմ արել է, կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա»,- նշել էր Թուրքիայի արտգործնախարարությունը։
Հայաստանում իշխանության վերարտադրության արդյունքում ի՞նչ զարգացումներ են սպասվելու հայ-թուրքական հարաբերություններում, որքանո՞վ է իրատեսական, որ սահմանը մոտ ապագայում կարող է բացվել։
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը պատասխանելով այս հարցերին, նկատեց՝ հայ-թուրքական հարաբերություններին ուղղված բանակցություններն ավելի աշխուժացան 2023 թվականի սեպտեմբերին Արցախում պատերազմից հետո, երբ Ադրբեջանը վերջնականապես գրավեց Արցախը։
«Դրանից հետո համարեցին, որ Արցախի հարցը «վերջականապես լուծված» է և կարելի է բանակցություններ սկսել հայ-թուրքական հարաբերությունների շուրջ։
Իհարկե, բանակցություններն ընթանում են, բայց Թուրքիան հստակ նախապայման է դրել, որ քանի դեռ Թուրքիան հստակ պայման է դրել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի ստորագրվել հստակ պայմանագիր, ապա հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելն անիմաստ է։
Իհարկե, քայլեր կատարվում են, վերջերս Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները, զբոսաշրջային գործարարներն են հանդիպել, բայց այստեղ խնդիրը հետևյալն է՝ քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններ չի ստորագրվել, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առաջընթացի մասին խոսելը վաղ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մուշեղ Խուդավերդյանը։
Ըստ թուրքագետի, ինչպես Մարգարայի, այնպես էլ մյուս սահմանային անցակետերը վերանորոգվում ու վերազինվում են, այս առումով կարելի է նշել, որ կողմերը պատրաստվում են սահմանի բացմանը։ Կողմերն այս հարցում փորձում են, այսպես ասած՝ մանրուքներից սկսել՝ երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար բացել սահմանը, բայց սա էլ ոչինչ չի նշանակում, քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերություններում լուրջ առաջընթաց չկա։
«Ես ասում եմ թուրքական կողմի խոսքերը։ Նման պայմանավորվածություններ եղել են նաև մինչև 2018 թվականի իշխանափոխությունը, օրինակ՝ Թուրքիայի հրավերով Հայաստանն անդամակցեց Սևծովյան տնտեսական համագործակցությանը, Թուրքիան ներկայումս թույլ է տալիս, որպեսզի Թուրքիայից ապրանք արտահանվի Հայաստան, բայց չի թույլատրում ներմուծումը։ Նմանատիպ պայմանավորվածություններ կան, բայց այդ ամենն արժեք չունի, քանի դեռ սահմանները պաշտոնապես չեն բացվել և դիվանագիտական հարաբերություններ երկու երկրների միջև չի հաստատվել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մի շարք պահանջներ է առաջ քաշում, գլխավորը Սահմանադրությունը փոխելն է, որքանո՞վ է իրատեսական, որ այդ պահանջներով Ադրբեջանը բավարարվելու է, Մուշեղ Խուդավերդյանը պատասխանեց՝ Ադրբեջանից հիմնական պահանջը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելուն, այսինքն՝ մայր օրենքից պետք է հանվեն այն կետերը, որոնք Արցախի հայկականության մասին են վկայում։ Դեռևս բաց է «անկլավների» մասին հարցը, և այլն։
«Միաժամանակ բանակցությունները գաղտնի են, մենք չգիտենք, թե ինչ են քննարկում։
Տվյալ պարագայում պետք է սպասենք, որպեսզի տեսնենք՝ ինչ արդյունք են ունենալու, որովհետև մենք չգիտենք, թե այդ փակ բանակցություններով ի՞նչ հարցեր են քննարկում, Ադրբեջանն ի՞նչ նոր պահանջներ է դրել։ Նաև պետք է տեսնենք, թե ինչ է լինելու Հայաստանում ընթացող գործընթացները, քանի որ իշխանությունը սահմանադրական մեծամասնություն չի հավաքել, և ամենայն հավանականությամբ Սահմանդրությունը փոխելու հարցը կդրվի հանրաքվեի։ Իսկ «անկլավների» մասով Ադրբեջանը դեմ չէ, որ Հայաստանից ստանա մի քանիսը, քանի որ դրանք բավականին մեծ ռազմավարական նշանակություն ունեն իր համար»,- ընդգծեց թուրքագետը։

