Ջերմոցները սնանկացման վտանգի առաջ են
Շատ հնարավոր է՝ հաջորդ ձմռանը Հայաստանի քաղաքացիները ստիպված լինեն ավելի շատ թուրքական լոլիկ ու այլ բանջարեղեն սպառել: Մեր երկրում գազի թանկացումից հետո շատ ջերմոցների աշխատանքը ոչ միայն շահութաբեր չի լինի, այլև պարզապես վնասակար կլինի: 168.am-ի հետ զրույցում Ջերմոցների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը նշեց, որ հուլիսի 1-ից գազի թանկացումն ահավոր բացասական հետևանքներ կունենա ոլորտի վրա:
«Մարդիկ սնանկ կլինեն, այսօր առանց այդ էլ աշխատում են զուտ գազի փողը տալու համար, էլ չեմ խոսում ջերմոցների զարգացման մասին: Ջերմատները կսկսեն հերթով փակվել: Մեր խոշոր ջերմատներից մեկն արդեն իր ջեռուցման խողովակները կտրում է՝ վաճառելու նպատակով, որպեսզի գոնե այս տարվա գազի վարձը վճարի»,- ասաց նա:
Ջերմոցները մինչև վերջերս բերք էին տալիս, հաջորդ սեզոնը կսկսվի հոկտեմբերից: Ըստ Պ. Գևորգյանի՝ գազի ծախսը բավականին կշատանա, ինչը ցանկացած չափի դեպքում արդեն աղետալի կլինի: Նա նշեց, որ մինչ այս ջերմոցներն ամսական մոտ 4-5 մլն դրամի գազ են սպառել՝ կախված եղանակից: Գազը ջերմոցների արտադրանքի ինքնարժեքի 60%-ն է կազմում, հետևաբար՝ կթանկանա նաև բերքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից մինչև 10 հազ. խմ սպառողների համար 1 խորանարդ մետր գազը թանկացել է 24 դրամով (132 դրամից դարձել է 156 դրամ), իսկ հուլիսի 7-ից էլեկտրաէներգիայի համար վճարելու ենք 8 դրամով ավելի (38 դրամ՝ ցերեկվա և 28 դրամ՝ գիշերվա համար՝ նախկին 30-ի և 20-ի փոխարեն)։