Ուղիղ խոստովանություններ Բաքվից՝ ղարաբաղյան հակամարտության դաշտում պայքարը Երևանի դեմ չի ավարտել

Հուլիսի 13-ին՝ «Փաշինյանի և Ալիևի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի մեթոդները» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ նշել ենք՝ օկուպացված Շուշիում հրավիրված միջազգային մեդիաֆորումի ժամանակ Ալիևը փորձեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում Ադրբեջանի պահանջները տեղավորել միջազգային իրավունքի տրամաբանության մեջ, «օրինական ուժ» տալով 44-օրյա պատերազմը սկսելուն, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ Ալիևի, միայն ուզում էր վերցնել Ղարաբաղը՝ ներառյալ Լաչինն ու Քելբաջարը, և տալ Հայաստանին:

Սրան հակադիր ցանկացած դիրքորոշման Բաքուն տալիս է «հիբրիդային սպառնալիք» որակումը: Այս մասին, ըստ էության, բաց տեքստով միջազգային մեդիաֆորումի ժամանակ հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նա, մասնավորապես, նշել է, թե 2025 թվականին Հայաստանի հետ բանակցությունների և ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին որոշ միջազգային զանգվածային լրատվամիջոցներում նախկինի պես գերակշռել են «կանխակալ և խնդրահարույց նյութերը» ։

«Ղարաբաղյան կոնֆլիկտը երկար տարիներ եղել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Եվ որոշ միջազգային մեդիակառույցներ փորձում էին մեզ ներկայացնել՝ որպես այս հակամարտության մեղավոր կողմ։ Դա ափսոսանք էր առաջացնում։ Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ հարկ է նշել, որ մեր նպատակը միայն սեփական ինքնիշխանության վերականգնումն էր, և մենք հասանք դրան։ Չնայած դրան, միջազգային լրատվամիջոցներում Ադրբեջանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքը շարունակվեց»,- շարունակել է Հաջիևը:

Կարդացեք նաև

Այսինքն, Ադրբեջանը, այսպես ասած, իր տարածքային ամբողջականությունը վերականգնել է, բայց ղարաբաղյան հակամարտության էջը չի փակել առնվազն հիբրիդային, տեղեկատվական պատերազմի և հայկական կողմի դեմ իրավաքաղաքական և պատմագիտական պայքարի համատեքստում, որի աշխարհագրությունն անընդհատ ընդլայնվում է:

«Ղարաբաղյան կոնֆլիկտը երկար տարիներ եղել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Եվ որոշ միջազգային մեդիակառույցներ փորձում էին մեզ ներկայացնել որպես այս հակամարտության մեղավոր կողմ։ Դա ափսոսանք էր առաջացնում։ Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ հարկ է նշել, որ մեր նպատակը միայն սեփական ինքնիշխանության վերականգնումն էր, և մենք հասանք դրան։ Չնայած դրան, միջազգային լրատվամիջոցներում Ադրբեջանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքը շարունակվեց»,- շարունակել է Հաջիևը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը նույնիսկ ավելի հեռուն է գնացել և հայտարարել, որ Շուշիի մեդիաֆորումի հիմնական խնդիրն էր՝ ցույց տալ, որ՝

– Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքները հետ ստանալն Ադրբեջանի օրինական և բարոյական իրավունքն էր,

– «Ղարաբաղում հայկական ժառանգության մասին պնդումները խորհրդային շրջանի քաղաքական հորինվածք է, ինչպես «Ստեփանակերտ» անունը»,

«Օկուպացիոն» և «մարիոնետ» իշխանությունների՝ «ռազմական հանցագործությունների» մասին վկայող փաստերի մերկացումը և այլն (չակերտները.- Մ.Պ.):

Փաստացի Բաքուն ոչ միայն միջազգային հանրության աչքի առաջ փորձում է իր վրայից «մաքրել» ռազմական հանցագործությունները, այլև հայկական կողմին, Հայաստանին վերագրել դրանք, ինչպես ուղիղ խոստավանում է Ադրբեջանի նախկին պաշտոնյան, ինչի մասին ոչ մեկ անգամ գրել ենք, մասնավորապես, Բաքվի դատավարության օրերին, որ այն իրականում ոչ թե Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ է, այլ՝ Հայաստանի: Եվ պատահական չէ կամ լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ, որ օտար երկրների ներկայացուցիչների՝ Ադրբեջան կատարած ցանկացած մակարդակի այցելության և նրանց հյուրընկալության ծրագրում ներառվում է այց «Խոջալուի ցեղասպանության» և «Գյանջայի դեպքերին» նվիրված հուշահամալիրներ և այլ նմանօրինակ վայրեր:

Իսկ, օրինակ, Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիին Ալիևը տարել է օկուպացված Շուշի և ցույց տվել հայկական կողմի մեկ այլ «հանցագործության ապացույց»՝ գնդակոծվել են ադրբեջանական մշակութային գործիչների կիսանդրիները:

Կատարյալ զավեշտ: Շուշիում հայկական, պատմական գերեզմանոցները, եկեղեցիները, Քարինտակ գյուղը ոչնչացրած Ալիևը՝ որպես հայկական կողմի «հանցագործության ապացույց», մատուցում է ադրբեջանական մշակութային գործիչների չոչնչացված կիսանդրիները, եթե անգամ դրանց վրա, ենթադրենք, հրազենային կրակոցների հետքեր կան: Բնականաբար, Ալիևն իրենց հանցագործության հետքերով որևէ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի չի տանի, և ոչ էլ եվրոպացի բարձրաստիճան այդ պաշտոնյաները հարցեր կտան այդ մասին:

Բնականաբար, սրանում հայկական կողմի թերացումը կա՝ արդյո՞ք ավելի քան 30 տարիների ընթացքում բավարար չափով ներկայացվել է հայկական Արցախն աշխարհին, օտարերկրյա երկրների ղեկավարներին:

Սա, իհարկե, չի արդարացնում ադրբեջանական հանցագործությունները, աշխարհի, Եվրոպայի լռությունն Արցախի պատմամշակութային ժառանգության և հայկական հետքի, Արցախում հայկական և համաշխարհային քաղաքակրթության ոչնչացման հարցում: Եվ Բաքվին բնավ չի փրկում դրանց լինելիության բացառումը, ամեն դեպքում, փաստերը հզոր գործիք են, որոնք, այո, այսօր անտեսվում են հենց ՀՀ իշխանությունների կողմից:

ՀՀ գործող իշխանությունները, ըստ էության, օրինաչափ են համարում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը և դրանց պահպանման համար պայքարը, բարձրաձայնումը համարում կոնֆլիկտածին և խաղաղության օրակարգի իրականացմանը խոչընդոտող քայլ: Ավելին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նույնիսկ հասկացնում է, որ հայելային պատասխան տալու առիթ կարող ենք ունենալ: Եվ ոչինչ, որ այսօր Ալիևը միակողմանի հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ, չստանալով ոչ մի պատասխան, և վաղը կարող է անգամ փոխհատուցում պահանջել վնասների, որոնք հաշվարկել են: Իսկ Հայաստանը ներքաղաքական կամ ներքաղաքական ֆոն ունեցող ու Արևմուտքի քաղաքական շահերի տրամաբանության մեջ տեղավորվող հիբրիդային սպառնալիքներ է փորձում չեզոքացնել:

Ի դեպ, Սլովակիայի նախագահն Ադրբեջան այցի ընթացքում հայտարարել է, որ Աղդամում՝ Ակնայում, դպրոց են կառուցելու, հիմնարկեքի արարողությունը հենց այցի հետ են հարմարեցրել: Կրթօջախը կրելու է գեներալ Միլան Ռաստիսլավ Շտեֆանիկի անունը: 1993 թվականի այս օրերին հայկական ուժերն Աղդամը վերցնելու ռազմական գործողություն էին սկսել, որը հաջողությամբ էր պսակվել:

Սլովակիայի նախագահի՝ օկուպացված Արցախ այցի և տարբեր նախագծեր իրականացնելու համատեքստում նշենք, որ 2025 թվականին «Հետքը» գրել էր, որ Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը (Robert Kaliňák) տեղական TA3 հեռուստաընկերությանը տված հարցազրույցներում երկու անգամ հայտարարել էր, թե իբր Հայաստանն «օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը»:

Իսկ երեկ գրել ենք, որ Ադրբեջան-Սլովակիա ռազմական գործարքների առաջին արդյունքները կներկայացվեն այս տարի սեպտեմբերին՝ Բաքվում: Իսկ մինչև այդ Ադրբեջանը և Սլովակիան գազային պայմանավորվածություններ են ձեռք բերում:

Ավելին, Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիսա Սակովան օկուպացված Շուշիում հայտարարել է, որ իր երկիրը 2027 թվականից հետո պլանավորում է Ադրբեջանից ստանալ տարեկան 1,2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, երբ այլևս ռուսական գազ չեն ներմուծի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031