Փաշինյանի և Ալիևի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի մեթոդները
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի նախարարները հաստատելու են Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծումը, այն պայքարելու է հիբրիդային սպառնալիքների դեմ:
«Մենք նաև համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների, արտասահմանյան տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են»,- շեշտել է նա:
Թե ինչ նկատի ունի Կալասը, կամ՝ ըստ նրա, ո՞ր երկիրն է դրա աղբյուրը, պարզից էլ պարզ է: Թե որտեղից է տեսնում հիբրիդային սպառնալիքներ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, դա էլ գաղտնիք չէ:
Հիբրիդային սպառնալիքների մասին մշտապես խոսել է նաև Բաքուն, և ինչ-որ պահի դրանք տեսել է Կրեմլից, հիմա մեղադրանքի սլաքն արևմտյան կամ եվրոպական տարբեր երկրների ուղղությամբ է՝ Բրյուսել, Ֆրանսիա, Լեհաստան և այլն: Ընդ որում, Ադրբեջանը հիբրիդային սպառնալիք է դիտարկում նաև ի պաշտպանություն Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ցանկացած նախաձեռնությունը:
Բայց կոնկրետ դեպքում խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի մեթոդների մեջ է, թեև բովանդակային և թիրախային առումով էլ կան տարբերություններ:
Օրինակ, Հայաստանը ԵՄ-ից ֆինանսական միջոցներ է ակնկալում, որ պայքարի հիբրիդային սպառնալիքների դեմ, որոնց՝ որպես հեղինակ, Փաշինյանը կարող է տեսնել ընդդիմախոսներին, և հարց է՝ դա պետության ազգային շահերի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերի դեմ է: Եվ հետաքրքիր է, որ ՀՀ իշխանությունները չտեսնելու են տալիս Ադրբեջանից եկող հիբրիդային սպառնալիքները՝ Հայաստանի, և երբեմն՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի դեմ:
Ի՞նչ է անում Ալիևը. նա պարբերաբար տարբեր երկրների ներկայացուցիչների «տուրեր» է կազմակերպում օկուպացված Արցախ՝ դիվանագետներ, ռազմական կցորդներ, լրագրողներ և այլն, կամ՝ տարբեր թեմաներով միջազգային ֆորումներ է կազմակերպում, որտեղ ներարկում է ադրբեջանական թեզերը: Դեռ մի կողմ ենք դնում Ադրբեջան-Թուրքիա միասնական տեղեկատվական հարթակը և թյուրքական պետությունների միջև նման պայմանավորվածությունները:
Իսկ վերջին թարմ փաստը. օկուպացված Շուշիում միջազգային մեդիաֆորում է կազմակերպվել, որին մասնակցություն է ապահովել 60 երկրի մոտ 300 մասնակից, և Ալիևն իր ելույթից հետո պատասխանել է ներկաների հարցերին և առաջ մղել Ադրբեջանի համար մի քանի կարևոր թեզ:
■ Առաջին, նախ Բաքվի քարոզչամեքենան Փաշինյանի վրա է թողնում տարածաշրջանային հնարավոր ցնցումների և գլխավոր խաղացողների միջև բախման պատասխանատվությունը, նշելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը վերածում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև դաժան դիմակայության արենայի, այնուհետև Շուշիում հրավիրված միջազգային մեդիաֆորումի ժամանակ հայտարարում, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական դիմակայության դաշտ, և, որ ինքը կարողացել է հասնել նրան, որ իր երկիրը չներքաշվի աշխարհաքաղաքական ինտրիգների մեջ: Ամեն ինչ ճիշտ հերթականությամբ դասավորել են, այնպես չէ՞:
Այնուհետև Ալիևը հավելել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասը «կարդինալ փոխվել է», և հետագա իրադարձությունները, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման և «Հայաստանի եվրաինտեգրման ձգտումների և այդ գործընթացն ուղեկցող հանգամանքների» հետ կապված, թելադրում են Հարավային Կովկասի վերաիմաստավորման անհրաժեշտությունը՝ ինչպես վերլուծաբանների, այնպես էլ՝ պետական գործիչների կողմից։
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը և Թուրքիան այն կարծիքին են, որ «3+3» համագործակցության ձևաչափը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Իրան, Ռուսաստան Թուրքիա) պետք է զբաղվի ամբողջ տարածաշրջանի խնդիրներով: Եվ, թերևս, այս տրամաբանության մեջ է, որ Ալիևը մեդիֆորումի ժամանակ շեշտել է, թե Բաքվի և Մոսկվայի հարաբերություններն ամբողջովին կարգավորված են։ Այսինքն, Բաքուն իր մեսիջը հստակ հասցրել է և՛ Արևմուտքին, և՛ Հայաստանին, և՛ Ռուսաստանին:
■ Երկրորդ, Ալիևն իր հարևաններին խաղաղության կոչ է արել, որ անեն այնպես, որ իրենց կոնֆլիկտները գլոբալ հակամարտության չվերածվի: Այսինքն, Բաքուն ընդունել է, որ Իրան-ԱՄՆ-Իսրայել կոնֆլիկտն ընտրության առաջ է կանգնեցնում իրեն, բայց ինքը կարողանում է դիմակայել դրան՝ զերծ պահելով տարածաշրջանն ավելորդ ցնցումներից: Իսկ ամեն ինչ դեռ հաղթահարված չէ:
«Ցավոք, այսօր մեր տարածաշրջանում սպառնալիքները միանգամայն իրական են: Մենք այդ մասին չենք կարդում գրքերում, մենք դա տեսնում ենք իրական կյանքում:
Մի խոսքով, մենք պետք է ընդլայնենք մեր կարողությունները, ամրացնենք մեր պաշտպանությունը, պաշտպանենք մեր ազգային շահերը և ամրապնդենք գործնական համագործակցությունը հնարավորինս մեծ թվով երկրների հետ»,- հայտարարել է Ալիևը՝ ընդունելով, որ բանակի կարողությունները հզորացնելու առումով իրավունք չունեն «պարապուրդի» մատնվելու, այսինքն, բացատրել է իրենց զինվելու պատճառը և դրա արդարացված լինելը:
Մասնավորապես, Ադրբեջանի նախագահն առանձնացրել է Չինաստանի հետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում։ Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանն արդեն իսկ Չինաստանից ձեռք է բերել մի շարք ռազմական արտադրանքներ։ Դրանց մի մասը ցուցադրվել է մեր Հաղթանակի հնգամյակին նվիրված զինվորական շքերթի ժամանակ։ Մնացածը ներկա պահին մատակարարվում է, իսկ որոշ նախագծեր դեռ գտնվում են քննարկման փուլում։
Նշենք, որ 2025 թվականի նոյեմբերին Բաքվի զորահանդեսին ցուցադրվել են չինական զենիթահրթիռային հեռահար HQ-9BE համալիրները:
Իսկ Ալիևը հստակ զգուշացրել է նաև, որ՝ «Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն եղբայրական ու բարեկամական երկրներ են, այլ նաև դաշնակիցներ»:
«Կողմերից մեկի համար սպառնալիքի առաջացման դեպքում, մյուսը գործի կդնի իր ամբողջ ներուժը, այդ թվում՝ ռազմական` պաշտպանելու եղբայրական պետությունը»,- ընդգծել է նա՝ նկատի ունենալով Շուշիի հռչակագիրը:
Այսինքն, ինչպես օրեր առաջ օկուպացված Մարտունու շրջան այցի ժամանակ վերաբնակիչներին էր ասել Բաքվի բռնապետը՝ «հավատում եմ, որ «Երկաթե բռունցքը» կիրառելու անհրաժեշտություն այլևս չի լինի, բայց ցանկացածը պետք է իմանա, որ այն իր տեղում է մնում»: Ըստ էության, նա ասում է՝ խաղաղություն են ուզում, բայց որևէ պատերազմի հնարավորություն չեն բացառում, այսինքն, դրանց պատրաստությունը դուրս չի մղվել Բաքվի քաղաքական օրակարգից:
■ Երրորդ, բնականաբար, Ալիևը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում Ադրբեջանի պահանջները տեղավորել է միջազգային իրավունքի տրամաբանության մեջ, «օրինական ուժ» տալով 44-օրյա պատերազմը սկսելուն:
Նշենք, որ Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին էլ Ալիևը հայտարարել էր նույն բանը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը թղթի վրա էին մնացել 30 տարի, ուստի այլ բան չէր մնում, քան ուժով հասնել դրանց իրագործմանը: Այսինքն, Ալիևը միջազգային հանրությանն ասում է, որ պետք է համակերպվել նոր իրողություններին և իրենց՝ միջին տերություն լինելու կարգավիճակի հետ:
Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Օրինակ, նա բանակին հրահանգում է, որ պիտի հաշվի նստի նոր իրողությունների հետ, որ պիտի կոչվի ոչ թե մարտունակ, այլ պաշտպանունակ: Բայց արդյո՞ք նոր իրողությունները հուշում են, որ չպետք է ունենալ մարտունակ բանակ և վախենալ առհասարակ այդ բառն օգտագործել, արդյո՞ք նոր իրողությունները թելադրում են՝ նախ հայտարարել, որ ունես 200 քկմ օկուպացված տարածք, հետո դրանցից որոշների հայապատկանությունը կասկածի տակ դնել, արդյո՞ք նոր իրողությունները չեն պահանջում հայելային գործընթաց, որքան էլ դիմացինդ հաղթող կողմ է:
Արդյո՞ք նոր իրողությունները պահանջում են փոխել սեփական սահմանադրությունը, երբ խաղաղության օրակարգի մյուս կողմը պահպանում է իր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ ճանաչված Հայաստանի Հանրապետության հանդեպ, կամ՝ ոչ հավաար պայմաններում իրականացնել սահմանազատման և սահմանագծման գործընթաց: Կամ՝ նա թմրեցնում է երիտասարդների դիմադրողականությունը, փոխում արժեքները, երբ Ադրբեջանի ղեկավարն իր երկրի երիտասարդներին հորդորում է հետևյալը.
«Որպեսզի ադրբեջանական ժողովուրդն ապրի որպես հավերժ հպարտ, հաղթանակած ժողովուրդ, ազգային ինքնությունն ու ազգային արժանապատվությունը պետք է ամեն ինչից վեր լինեն։
Բայց դուք երբեք չպետք է կռանաք, չպետք է կոտրվեք։
Դուք երբեք չպետք է համաձայնեք «օկուպանտի» հետ։
Դուք չպետք է ենթարկվեք «օկուպանտի» թելադրանքին։
Անհրաժեշտ պահի նույնիսկ եթե մեռնեք, դուք պետք է ապրեք արժանապատվորեն, դա սերմանեք ձեր երեխաների, թոռների և սերունդների մեջ։
Մեր ապագա զարգացումը կախված է լինելու երիտասարդ սերնդից։
20, 30, 50 տարի հետո նրանք պետք է լինեն այնպիսին, ինչպիսին մենք ենք՝ հայրենիքին նվիրված, տոկուն, ուժեղ, որպեսզի Ադրբեջանը միշտ բարձունքում լինի»:
Հիմա կասեք՝ կապ ունի՞ այս ամենը հիբրիդային պատերազմի կամ սպառնալիքների հետ, իհարկե՝ ունի: Ալիևը հիբրիդային և տեղեկատվական պատերազմի դեմն առնում է միջազգային հանրության շրջանում սեփական թեզերը գեներացնելով, ընդ որում, դա անում է, ինչպես նշեցինք՝ խորամանկ ձևով, միաժամանակ սեփական երիտասարդությանը պատրաստում ցանկացած սցենարի:
Ինչո՞ւ Հայաստանը նման տակտիկա չի որդեգրում, ինչո՞ւ է ինքնիշխանությունից խոսող Հայաստանի իշխանությունն անընդհատ ինչ-որ առաքելություններ տեղակայում իր տարածքում, որտեղ, բնականաբար, գերտերությունների շահերի բախման ռիսկ կա:
Նշենք, որ օկուպացված Շուշիում կազմակերպված միջազգային մեդիաֆորումի հիմնական նպատակը՝ զանգվածային լրատվամիջոցներում և տեղեկատվական դաշտում «պատմական ճշմարտության վերանգնումն է և համապատասխան նարատիվների ձևավորումը՝ հիմնված ստուգված փաստերի վրա»:
Թե ինչ պատմական ճշմարտության մասին է խոսքը, դժվար չէ կռահել, իսկ կար ժամանակ, երբ միջազգային մամուլը Հայոց ցեղասպանության մասին էր գրում:
Ղարաբաղյան հակամարտության առումով մենք միշտ բացթողումներ ենք ունեցել հայկական դիրքորոշումը տեղ հասցնելու և ընկալելի դարձնելու առումով:

