Վահանաձև գեղձ. ի՞նչ պետք է իմանալ աուտոիմուն թիրեոիդիտի մասին
Վահանաձև գեղձի խնդիրներն ազդում են օրգանիզմի նյութափոխանակության գրեթե բոլոր կենսականորեն կարևոր օղակների վրա:
Էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանի հետ զրուցել ենք Աուտոիմուն թիրեոիդիտի մասին, որը հաճախ զարգանում է դանդաղ և առանց ախտանշանների: Մարմնի իմունային համակարգը «հարձակվում» է վահանաձև գեղձի հյուսվածքի վրա՝ վնասելով նրա բջիջները։ Վահանաձև գեղձի ֆունկցիան սկսում է աստիճանաբար նվազել։

– Ի՞նչ դեր է կատարում վահանաձև գեղձը մեր օրգանիզմում, և ո՞ր դեպքում է զարգանում աուտոիմուն թիրեոիդիտը։
– Վահանաձև գեղձը մեր օրգանիզմի կարևոր գեղձերից է։ Ընդամենը 15-25 գրամ է, բայց նյութափոխանակության բոլոր փուլերում մեզ ուղեկցում է։ Եթե համարենք, որ հիպոֆիզը, որը մեր գլխուղեղում է գտնվում, մեր օրգանիզմի դիրիժորն է, ապա առաջին ջութակը, իհարկե, վահանաձև գեղձն է։ Իսկ աուտոիմուն թիրեոիդիտը վահանաձև գեղձի քրոնիկական բորբոքման տեսակ է, որի դեպքում օրգանիզմն արտադրում է աուտոիմուն հակամարմիններ՝ վնասելով վահանաձև գեղձին։ Այսպիսի հիվանդությունները կարող են լինել՝ դրդված սթրեսից, վիրուսային, բակտերիալ ինֆեկցիայից։ Կարող է լինել նաև ժառանգական նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ։
Այդ է պատճառը, որ երբ խոսում ենք աուտոիմուն թիրեոիդիտի մասին՝ մենք չենք խոսում յոդի դեֆիցիտի մասին։ Նախկինում շատ էինք խոսում էնդեմիկ խպիպների մասին, որոնք պայմանավորված են յոդի պակասով, այսօր ապացուցված է, որ ՀՀ-ում գրեթե չկա յոդի պակաս, բայց շատացել է աուտոիմուն թիրեոիդիտների քանակը՝ ինչպես ամբողջ աշխարհում։
– Հիմնական պատճառները որո՞նք են։
– Ժառանգական նախատրամադրվածություն, սթրեսներ, վիրուսային, բակտերիալ ինֆեկցիա, ճառագայթումը նույնպես կարող է նպաստել հիվանդության զարգացմանը։
– Գրիպը կամ կորոնավիրուսը կարո՞ղ են զարգացնել աուտոիմուն թիրեոիդիտ։
– Այո, ցանկացած վնասում կարող է հանգեցնել աուտոիմուն հակամարմինների ավելի շատ սինթեզի, որոնք հետագայում կվնասեն վահանաձև գեղձը։
– Հիվանդությունն ունի՞ տեսակներ։
– Հիվանդությունն ունի զարգացման փուլեր։ Սկսվում է հիպերթիրեոզից, ինչը նշանակում է, որ վահանաձև գեղձի հորմոններն ավել են արտադրվում, քան մեր օրգանիզմը պահանջ ունի, երկրորդ փուլը նորմալ հորմոններով վահանաձև գեղձն է և էութիրեոզ փուլը, և երրորդը հիպոթիրեոզն է։ Այսինքն, ուշ թե շուտ, աուտոիմուն թիրեոիդիտը բերում է վահանաձև գեղձի բջիջների վնասման և հիպոթիրեոզի՝ քիչ հորոմնների արտադրության սինթեզի։
– Հիվանդությունը չբացահայտելու դեպքո՞ւմ են փուլերը հերթով զարգանում, թե՞ ոչ։
– Անգամ, եթե հիվանդությունը բացահայտում ենք առաջին փուլում, բնական է, հիպերթիրեոզ փուլը կարող է տարիներ տևել, բայց եթե բացահայտված է, ու սկսում ենք բուժումը և երկարատև պահում ենք բուժառուին էութիրեոզ փուլում, վահանաձև գեղձի հորմոնները նորմայի սահմաններում են և որևէ բուժման կարիք չունի, ուշ թե շուտ, միևնույն է, վահանաձև գեղձը միտում ունի վնասվելու՝ աուտոիմուն հակամարմինների շնորհիվ։ Եվ վերջին փուլը հիպոթիրեոզն է՝ թերֆունկցիան։
– Այսինքն, եթե անգամ հորմոնալ ֆոնը նորմալ է, պետք է բուժվեն։
– Շատ են այս հարցով դիմում մարդիկ։ Ասեմ, որ եթե վահանաձև գեղձի հակամարմինները բարձր են, բայց TTG-ն, T3, T4-ը նորմայի սահմաններում են, նման բուժառուն բուժման կարիք չունի։ Միայն, երբ այս երեքը շեղված են, այդ դեպքում կարիք ունենք բուժելու կամ հիպերֆունկցիան, կամ հիպոֆունկցիան։
Այստեղ կարևոր է նշել, որ միայն հորմոնի թիվը չի խոսում այն մասին՝ արդյո՞ք մենք ունենք հիվանդություն, թե՞ ոչ։ Առանց բուժառուին զննելու, առանց սոնոգրաֆիկ հետազոտության՝ որևէ մեկը չի կարող ասել, որ խնդիր չկա։ Կարող է լրիվ նորմալ հորմոնալ ֆոն լինել, բայց ունենա վահանաձև գեղձի կարցինոմա։ Ուստի պետք է և՛ սոնոգրաֆիկ հետազոտություն, և՛ լաբորատոր քննություն։ Սոնոգրաֆիկ հետազոտությամբ տարանջատվում են թիրեոիդիտի, վահանաձև գեղձի հանգույցների տեսակները։ Սոնոգրաֆիան շատ կարևոր հետազոտություն է էնդոկրինոլոգիայում, առավել ևս վահանաձև գեղձի դեպքում։

– Ինչպիսի՞ ախտանշաններ են բնորոշ հիվանդությանը։
– Եթե խոսենք հիպերֆունկցիայի մասին, այսինքն՝ երբ հորմոնները շատ են արտադրվում, այդ դեպքում բուժառուն կարող է քաշի նվազում ունենալ, սրտխփոց, ձեռքերի, մարմնի դող, առատ քրտնարտադրություն, թուլություն, լիբիդոյի իջեցում, անպտղություն, տարատեսակ գանգատներ, որ թվում է՝ կարող են կապված լինել նյարդային համակարգի, սիրտ-անոթային խնդիրների հետ, բայց կարող է նաև վահանաձև գեղձի հիպերֆունկցիա լինել։
Գանգատները սպեցիֆիկ չեն։ Շատ կարևոր է նորմալ հետազոտությունն ու զննումը։ Ինչ վերաբերում է հիպոֆունկցիային, երբ թերի են արտադրվում T3, T4 հորմոնները, այդ դեպքում լրիվ հակառակն է․ բուժառուն քաշ է ավելացնում, մաշկը չոր է, մրսկան է, ունի մազաթափություն։ Խնդրի դեպքում մաշկաբանի, գաստրոէնտերոլոգի, սննդաբանի են դիմում, սակայն պատճառը կարող է լինել վահանաձև գեղձը։
– Ի՞նչ հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ աուտոիմուն թիրեոիդիտը։
– Եթե էութիրեոզ փուլում է, հորմոնալ ֆունկցիան խախտված չէ, գրեթե որևէ բարդություն մենք չենք ունենում։ Ուղղակի այն կանայք, որոնք պատրաստվում են հղիանալ, այդ դեպքում ավելի ուշադիր են, քանի որ աուտոիմուն թիրեոիդիտ ունեցող կանանց մոտ վիժման վտանգն ավելի մեծ է։ Նախապես հետազոտվելը բարենպաստ պայմաններ կստեղծի հղիության համար։
– Ռևմատոիդ արթրիտը, շաքարային տիպ 1 դիաբետը կարո՞ղ են աուտոիմուն թիրեոիդիտ առաջացնել։
– Աուտոիմուն թիրեոիդիտ չեն առաջացնում, բայց այն ասոցացվում է այդ հիվանդությունների, ինչպես նաև վիտիլիգոյի, ցելակիայի հետ։ Սրանք բոլորն աուտոիմուն բնույթի հիվանդություններ են։ Մեկը մյուսին չի առաջացնում։ Աուտոիմուն խնդիրն օրգանիզմում կա, և դա նշանակում է, որ աուտոիմուն թիրեոիդիտ ունեցողը կարող է ունենալ վերը նշված հիվանդությունները։
– Ի՞նչ է ենթասուր թիրեոիդիտը և ո՞ր դեպքում է զարգանում։
– Դա վահանաձև գեղձի ենթասուր բորբոքումն է։ Բորբոքում, որն առաջացել է վիրուսի հետևանքով։ Մենք շատ տեսանք ենթասուր թիրեոիդիտի բռնկում՝ կորոնավիրուսից հետո։ Դիմում էին կոկորդի ցավով, ջերմությամբ, վահանաձև գեղձի մեծացմամբ, լիմֆատիկ հանգույցների մեծացմամբ։ Ցավը «խփում» էր դեպի ծնոտ, ատամնաշար, ականջ, ու մարդիկ դիմում էին ԼՕՌ բժիկների, ատամնաբույժի, ովքեր ուղղորդում էին վահանաձև գեղձի հետազոտման։ Այսինքն, ենթասուր թիրեոիդիտի առաջացման պատճառը հստակ վիրուսն է։ Եվ ունենք մեկ մեծ սխալ և դա վերաբերում է բոլոր վիրուսային հիվանդություններին, նաև ենթասուր թիրեոիդիտին։ Մեր ժողովուրդը սկսում է հակաբիոտիկներով բուժել, բայց որևէ վիրուսային հիվանդություն հակաբիոտիկով չի բուժվում։
Հիմնականում կա սխեմատիկ բուժում, և հետո այլևս չենք անդրադառնում այդ թեմային։

– Աուտոիմուն թիրեոիդիտի դեպքում ինչպիսի՞ սնունդ չի կարելի օգտագործել։
– Միֆ է, որ որևէ սնունդ չի կարելի օգտագործել, ամեն ինչ թույատրվում է։ Ասում էին՝ կաղամբ, բողկ չի կարելի, բայց ապացուցված որևէ փաստ, որ այդ սնունդը կարող է վնասել վահանաձև գեղձին՝ մենք չունենք։ Ուրիշ հարց է, որ պետք է փորձենք բալանսավորված, ճիշտ սնվել, որ մեր բոլոր գեղձերը լինեն առողջ։
– Հոդվածներ կան, որտեղ նշվում է, որ մեղրը, տաք թեյն անգամ վնասում են վահանձև գեղձին։
– Չկա նման բան։ Բայց այսօր շատ են պատվիրում բիոհավելումներ և խմում ՝չիմանալով թե արդյո՞ք օրգանիզմում կա դրա պակասը։ Շատ են հանդիպում բուժառուներ, որոնք պատվիրում, ինքնուրույն խմում են այդ հավելումները, որոնք ի վերջո վնասում են վահանաձև գեղձին, լյարդին, երիկամներին։ Խոսքը սելենի, յոդի, մագնեզիումի և այլ հավելումների մասին է։ Օրինակ, եթե վիտամին D-ի դեֆիցիտ չկա՝ չենք խմում։
– Բուժումն ամբողջ կյանքի համա՞ր է։
– Ոչ միշտ։ Եթե կայուն հիպոթիրեոզ է, աուտոիմուն թիրեոիդիտ է, որի դեպքում արդեն վահանաձև գեղձն այնքան է վնասվել, այդ դեպքում Լ-տիրոքսինը նշանակվում է ամբողջ կյանքի համար։
– Հաճախ ինքնուրույն դադարեցնում են դեղ խմելը, սա ինչի՞ կահնգեցնի։
– Մեր մենթալիտետն է այդպիսին, չենք սիրում երկարատև պրեպարատներ խմել, ինչ-որ մի փուլում գուցե հոգնում ենք խմելուց, բայց դեղ խմելով՝ երկարացնում ենք կյանքի տևողությունը, լավացնում կյանքի որակը։

– Երբեմն ասում են՝ գիրացել եմ, չեմ խմում։
– Վահանաձև գեղձը կարող է 2-5 կգ քաշ ավելացնել, բայց դա հիմնականում այտուցի հաշվին է, եթե հիպոֆունկցիա կա։ Սակայն, եթե հորմոնները նորմալ են, այդ այտուցը չենք ունենում։ Քաշի ավելացումը միշտ չէ, որ հորմոնալ է։ Սննդային վարքի խանգարումներն են հիմնականւմ ճարպակալման բերում, ոչ հորմոնները։
– Ո՞րն է առաջին ախտանշանը, որին պետք է ուշադրություն դարձնեն ու դիմեն բժշկի։
– Միշտ համեմատում եմ հորմոնները աղի հետ։ Եթե ճաշ եք պատրաստում, և աղը մի թեթև քիչ է՝ համեղ չէ, եթե մի քիչ շատ է, էլի համեղ չէ։ Եթե ախտանշան կա, առավոտյան արթնանում են հոգնած, ունեն փորկապություն, սրտխփոց, այդ ամենը կարող է լինել մեկ հիվանդություն ու մեկ դեղորայքով բուժվող։

