Բաժիններ՝

Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ

Նորվեգիայի ազգային հավաքականի ռմբարկու Էրլինգ Հալանդը կիսվել է իր էմոցիաներով ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Անգլիայից կրած ցավալի պարտությունից (1:2) հետո։ Հարձակվողը համոզված է, որ մրցաշարում թիմի ելույթները Նորվեգիային հաստատեցին աշխարհի լավագույնների շարքում:

Խոսելով Անգլիայի դեմ ծանր դիմակայության և խաղի ելքի մասին՝ Հալանդը չի թաքցրել հիասթափությունը, սակայն ընդգծել է թիմի կատարած ահռելի աշխատանքը։

«Անկեղծ ասած, զգացողությունները շատ ծանր են։ Կարծում եմ՝ մենք ավելիին էինք արժանի և շատ մոտ էինք Անգլիային հաղթելուն։ Մի տեսակ դատարկություն կա ներսումս, բայց միևնույն ժամանակ՝ մեծ հպարտություն։ Ի վերջո, մենք հասանք քառորդ եզրափակիչ և իսկական մարտ տվեցինք Անգլիային։ Էմոցիաներս իրոք խառն են»,- անկեղծացել է նորվեգացին։

Անդրադառնալով վճռորոշ պահերին գլխավոր մրցավարի կայացրած երկու վիճահարույց որոշումներին՝ հարձակվողը փորձել է պահպանել օբյեկտիվությունը.

«Երբեմն առաջնության ելքը որոշվում է բառացիորեն առանձին դրվագներով։ Բրազիլիայի հետ նախորդ խաղում մեզ հաջողվեց բեկել ընթացքը, և այսօրվա հանդիպումից առաջ էլ շանսերը 50/50 էին։ Անգլիան շատ ուժեղ թիմ է, խաղը բարդ ստացվեց»։

Չնայած մրցաշարը լքելուն՝ Հալանդը վստահ է, որ իրենք պատմական արդյունք են գրանցել իրենց երկրի համար։ BBC-ի փոխանցմամբ՝ հարձակվողը հատկապես կարևորել է երկրպագուների աջակցությունը։

«Մեզ շատ է հուզում այն փաստը, որ մենք այսքան լավ հանդես եկանք, և դա համախմբեց Նորվեգիայի ողջ ժողովրդին։ Մեր երկրում հիմա հսկայական դրական լիցքեր ու ուրախություն կան։ Այս ամենը դեռ դժվար է գիտակցել. սա միանգամայն խելահեղ իրադարձություն է, որը պետք է անձամբ ապրես։ Նպատակս հենց դա էր. ուզում էի փառաբանել Նորվեգիան և հաստատել մեզ որպես աշխարհի լավագույն թիմերից մեկը։ Կարծում եմ՝ դա մեզ հաջողվեց»,- եզրափակել է նա։

Իր համար նորամուտային աշխարհի առաջնությունում Էրլինգ Հալանդը փայլուն արդյունավետություն գրանցեց՝ 6 հանդիպումներում դառնալով 7 գոլի հեղինակ։

Նորվեգիայի արգելքը հաղթահարելուց հետո Անգլիան կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հետ։ Մյուս կիսաեզրափակիչ զույգը կազմել են Իսպանիան ու Ֆրանսիան։

ԱԱ-2026-ն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ու կեզրափակվի հուլիսի 19-ին։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031