Կատարում նախկին էմիր շեյխ Համադի մահվան կապակցությամբ քառօրյա սուգ է հայտարարվել
Կատարում նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ հայտարարվել է ազգային քառօրյա սուգ, հաղորդում է Khaleej Times-ը։
Նա մահացել է հուլիսի 12-ի առավոտյան՝ 74 տարեկան հասակում։
Էմիրի դիվանատան հայտարարության համաձայն, սուգը սկսվել է նախկին էմիրի մահվան օրը։ Երկուշաբթի՝ հուլիսի 13-ից, կդադարեցվի բոլոր պետական նախարարությունների, գերատեսչությունների և հիմնարկների աշխատանքը։ Աշխատակիցները աշխատանքի կվերադառնան կիրակի՝ հուլիսի 19-ին։
Սգո ողջ ժամանակահատվածում երկրի ամբողջ տարածքում պետական դրոշները կիջեցվեն։
Շեյխ Համադի հոգեհանգստյան աղոթքը տեղի կունենա հուլիսի 12-ի երեկոյան՝ Մաղրիբի աղոթքից հետո, Դոհայի Իմամ Մուհամմադ բին Աբդ ալ-Վահհաբ մզկիթում։ Դրանից հետո նախկին էմիրի մարմինը կհուղարկավորվի Լուսայիլի գերեզմանատանը։
Շեյխ Համադը կառավարել է Կատարը 1995-ից 2013 թվականներին, որից հետո իշխանությունը փոխանցել է իր չորրորդ որդուն՝ երկրի ներկայիս էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին։
Նրա կառավարման տարիներին Կատարը զգալիորեն մեծացրել է իր միջազգային ազդեցությունը։ Շեյխ Համադի օրոք ստեղծվել և համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Al Jazeera Media Network մեդիակորպորացիան, իսկ երկիրը ստացել է 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը։
Նրա կառավարման շրջանում Կատարը հյուրընկալել է մի շարք խոշոր միջազգային միջոցառումներ, ներառյալ 2006 թվականի Ասիական խաղերը, 2012 թվականի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը, ինչպես նաև մասնակցել է մի շարք տարածաշրջանային համաձայնագրերի կնքմանը։

