TRIPP-ը՝ աշխարհաքաղաքական սակարկության առարկա՞. Ինչի՞ է պատրաստվում Ռուսաստանը. Երևան-Մոսկվա լարվածությունը՝ նոր հարթությունում
Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են իրենց հետխորհրդային պատմության ամենաճգնաժամային փուլում, որտեղ դիվանագիտական սառնությունը կարող է վերածվել դիմակայության։
Հունիսի 7-ից ի վեր հարաբերություններում հաստատված «լռությունը»՝ երկկողմ պաշտոնական շփումների, բարձր մակարդակի հեռախոսազանգերի և միմյանց քաղաքական օրակարգերի նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը, հայկական կողմը կարծես փորձեց մեղմել այսօր։ ՌԴ Կառավարության հաղորդագրության համաձայն, հայկական կողմի նախաձեռնությամբ Փաշինյան-Միշուստին հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Սա Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո առաջին հայ-ռուսական բարձրաստիճան հեռախոսազանգն էր։ ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներին։ Ի դեպ, ուշագրավ է, որ ռուսական կողմը Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ, թեև ՍԴ-ում ընտրություններում խախտումների հետ կապված հարցերը շարունակում են քննարկվել, որևէ շնորհավորանք չի հղել նաև այս հեռախոսազրույցում։
Օրերս, խոսելով դեռևս հունիսի 1-ին իր իսկ կողմից հայտարարված այցից Մոսկվա, ընտրություններից, Փաշինյանն ասաց, որ նախատեսված հանդիպում չի եղել, իսկ ռուսական կողմի հետ առաջիկայում կլինեն շփումներ։
Թերևս Միշուստինի հետ հեռախոսազրույցը նկատի ուներ Փաշինյանը։ Հարցին՝ օգոստոսին կայանալիք ԵԱՏՄ նիստի շրջանակներո՞ւմ է նախատեսվում հանդիպում, Փաշինյանը պատասխանել է. «Այնտեղ միջկառավարական խորհրդի նիստ է և վարչապետներն են մասնակցում, նախագահները չեն մասնակցում»։
Այսինքն՝ օգոստոսյան հանդիպմանը ՌԴ նախագահը չի մասնակցելու, այլ մասնակցելու է Միշուստինը։ Ուստի, եթե ռուսական կողմն ամենաբարձր մակարդակով չշնորհավորի Փաշինյանին նաև ՀՀ ՍԴ-ում իրավական գործընթացների ավարտից հետո, իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում կդառնա աննախադեպ։ Այս ամենը կվկայի, որ հարաբերությունները ոչ թե ժամանակավոր ճգնաժամ են ապրում, այլ լուրջ խնդիրների են բախվել։ Մոսկվայից հնչող սպառնալից հռետորաբանությունը, տնտեսական լծակների կոշտ կիրառումը և Երևանի արտաքին քաղաքական քայլերի նկատմամբ հրապարակային դժգոհությունները ցույց են տալիս, որ Կրեմլը Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում անցել է բացահայտ անհանդուրժողական քաղաքականության։
Այս ամենի հետ մեկտեղ՝ Ռուսաստանից, սակայն, նաև ուշագրավ հայտարարություններ են հնչում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ TRIPP-ի նախագիծն անցնելու է այն տարածքով, որի անվտանգությունն ապահովում են ռուս և հայ սահմանապահները, ուստի Երևանը ցանկացած դեպքում ստիպված է լինելու հաշվի առնել Մոսկվայի դիրքորոշումը։ Նա նշել է, որ Ռուսաստանի մասնակցությունը միայն օգուտ կտար նախագծին:
««Թրամփի երթուղին» անցնելու է այն գոտով, որը պահպանվում է ռուս սահմանապահների կողմից, որոնք արդեն տասնամյակներ շարունակ իրենց հայ գործընկերների հետ միասին ծառայություն են իրականացնում Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պահպանության ուղղությամբ։ Հետևաբար, այս կամ այն կերպ անհրաժեշտ կլինի հաշվի առնել Ռուսաստանի կարծիքը, անհրաժեշտ կլինի հաշվի առնել նաև Եվրասիական տնտեսական միության կարծիքը։ Այդ պատճառով մենք կարծում ենք, որ Ռուսաստանի մասնակցությունը միայն օգուտ կտար նախագծին»,- ասել է նա։
Նա նաև հստակեցրել է․ «Հայաստանի տարածքով տարանցումը, ի դեպ, եթե խոսում ենք Եվրասիական տնտեսական միության մասին, պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության նորմերին և կանոններին համապատասխան, որից Հայաստանը, ինչպես ինքն է հայտարարում, չի ցանկանում դուրս գալ»։
ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանն էլ երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ այս պահին TRIPP-ն իրականացվում է ՀՀ-ԱՄՆ ձևաչափով, կնքվել է համաձայնագիր, և դա իրականացման փուլում է։ Փոխարտգործնախարարը, պատասխանելով հարցին, թե Մոսկվայից TRIPP-ի արդյունավետությունն առանց ռուսական կողմի կասկածի տակ է դրվում, պաշտոնական Երևանի համար որևէ ձևաչափով TRIPP-ում Մոսկվայի ներգրավվածությունն ընդունելի՞ է կամ կարո՞ղ է քննարկվել հետագայում, նաև ընդգծել է. «Չէի ուզի այս պահին ապագայի մասին ինչ-որ բան ասել»:
Մնացական Սաֆարյանը նշել է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, և տարանցման կանոնները ԵԱՏՄ-ի կարգավորումներով են, ուստի նա ակնարկել է, որ TRIPP-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով։ «ԵԱՏՄ մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ, մենք այդտեղ հարց չենք տեսնում»,- շեշտել է փոխարտգործնախարարը:
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի՝ TRIPP նախագծի վերաբերյալ հայտարարությունները պատահական չեն։ Գալուզինը, օգտագործելով Ռուսաստանի կողմից վերահսկվող սահմանային և ենթակառուցվածքային լծակների թեման, ուղղակիորեն ակնարկում է, որ Հայաստանի ցանկացած տրանսպորտային նախագիծ առանց Մոսկվայի «դաբրոյի» կամ անմիջական մասնակցության՝ դատապարտված է անորոշության։
Մոսկվայի այս մոտեցումը, բնականաբար, ունի հստակ նպատակ՝ վերադարձնել տարածաշրջանային կոմունիկացիաների նկատմամբ կորցրած վերահսկողությունը։ Ռուսական կողմի փաստարկները՝ ԵԱՏՄ նորմերի, երկաթուղային գծերի լայնության և սահմանային անվտանգության մասին, իրականում ցույց են տալիս ՌԴ ցանկությունը՝ մասնակցել ԹՐԻՓՓ-ին։ ՀՀ փոխարտգործնախարարը զգուշավոր արձագանք է տվել ռուսական հերթական այսբովանդակ պնդմանը։
Սակայն այստեղ կա թաքնված է մի նուրբ հարց՝ հնարավո՞ր է արդյոք կողմերի միջև «մեծ սակարկություն» այս հարցով մի իրավիճակում, երբ Ռուսաստանը ճնշումներ է բանեցնում ՀՀ իշխանությունների նկատմամբ, Հայաստանի՝ եվրաինտեգրացիայի օրակարգի շարունակականության դեպքում բարձրացնում Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս բերելու հարցը։
Այս իրավիճակում չի բացառվում, որ Գալուզինի հայտարարությունը հենց հրավեր է բանակցության այս հարցով։ Մոսկվան կարող է վերացնել տնտեսական սահմանափակումները, կոշտ դիրքավորումը ԵԱՏՄ-ի հարցով ՀՀ-ի նկատմամբ, եթե ՀՀ իշխանությունները ռուսական կողմին տրամադրեն ԹՐԻՓՓ-ին տեխնիկական մասնակցություն։ Եթե Ռուսաստանի մասնակցությունը TRIPP-ին ապահովվի որևէ եղանակով, ապա դա կարող է դառնալ այն կետը, որը կմեղմի հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս սուր ճգնաժամը։
Մոսկվան ճնշումներով փորձում է ոչ միայն ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը լուծել, ապա նաև՝ հնարավորության դեպքում ամրապնդվել։ Եվ տարբերակներից մեկն ըստ ամենայնի կարող է լինել TRIPP-ը։
Կրեմլը ոչ միայն փորձում է արգելակել Երևանի արտաքին քաղաքական կողմնորոշումը դեպի Արևմուտք, այլև փնտրում է անվտանգային ու տնտեսական գործիքներ, որոնցով հնարավոր կլինի պահպանել ազդեցությունը տարածաշրջանում։ Երևանի համար ռուսական ուղղությամբ խնդիրները բարդանում են՝ արդյո՞ք TRIPP-ի շուրջ փոքր համագործակցությունը կդառնա հարաբերությունների լիցքաթափման միջոց, արդյո՞ք Մոսկվան կընդունի փոքր համագործակցությունը, միևնույն ժամանակ՝ քիչ հավանական է, որ Արևմուտքի հետ ակտիվորեն համագործակցող ՀՀ իշխանություններն ավել լծակներ շնորհեն ԹՐԻՓՓ-ում Ռուսաստանին և հայտնվեն կախվածության մեջ։
Ի վերջո, որքան էլ խորն են երկկողմ ճգնաժամի գործոնները, Ռուսաստանը, դատելով հայտարարություններից, կարծես այս փուլում սակարկությունների է պատրաստվում։

