Նավթային հոսքերը Հորմուզի նեղուցով վերադարձել են նախապատերազմյան մակարդակին. Վենս
Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների ծավալը վերադարձել է մինչև պատերազմը դիտարկվող մակարդակին, իսկ առանձին օրերին նույնիսկ գերազանցում է այն՝ չնայած նավերի ընդհանուր երթևեկության նվազմանը, The Michael Knowles Show հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ մեկնաբանելով ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրի հետևանքները, գրում է The New York Post-ը։
Ըստ Վենսի՝ նեղուցի բացումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Թեհրանը համաձայնել է վերսկսել դրա աշխատանքը։
«Նեղուցը բաց է այն իմաստով, որ մենք տեսնում ենք դրանով անցնող ավելի մեծ քանակությամբ նավթ, և որոշ օրերին՝ նույնիսկ ավելի շատ, քան մինչև պատերազմի սկսվելը»,- ասել է նա։
Միաժամանակ Վենսը նշել է, որ նավագնացության ընդհանուր ծավալը դեռևս ցածր է նախապատերազմյան մակարդակից, երբ նեղուցով օրական մոտավորապես 130–150 նավ էր անցնում։
Lloyd’s List ծառայության տվյալներով՝ անցյալ շաբաթ Հորմուզի նեղուցով ընդհանուր առմամբ շուրջ 240 նավ է անցել։

