«Հայաստանի համար սա ոչ ստանդարտ իրավիճակ է, այն պահանջում է հստակ հաշվարկ ու դրան համապատասխան արձագանք»

Իսրայելի կառավարությունն օրերս միաձայն հավանություն տվեց արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած բանաձևին, որով երկիրը պաշտոնապես ճանաչում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Այս քայլը, որն այժմ ուղարկվել է Քնեսեթի (խորհրդարանի) վերջնական վավերացմանը, տասնամյակներ տևած զգուշավոր հաշվարկների ավարտն է։

Թեև իսրայելական կողմը հայտարարում է «բարոյական և պատմական պարտքի» կատարման մասին, ակնհայտ է, որ պատմական արդարության հանկարծակի «զարթոնքը» թելադրված է Մերձավոր Արևելքում ընթացող խոր աշխարհաքաղաքական վերադասավորումներով և Անկարայի հետ ունեցած սուր հակամարտությամբ:

168.amի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր ՆադեինՌաևսկին ասաց, որ իսրայելական էլիտաները երկար ժամանակ առաջնորդվում էին երկու սկզբունքով՝ չփչացնել Թուրքիայի հետ հարաբերություններն այն ժամանակ, երբ դա կարող է իրենց խանգարել, և երկրորդ՝ պահպանել Հոլոքոստի առանձնահատուկ դերը միջազգային քաղաքականության մեջ, ինչը թույլ չէր տալիս հրեական աղետը համեմատել այլ պատմական իրադարձությունների հետ: Թեև նա նաև նշեց, որ Իսրայելը չի ժխտել Ցեղասպանությունը, ավելին՝ տարբեր փուլերում փորձել է ճանաչել այն:

Նրա խոսքով, իրավիճակը փոխվել է, թեմայի վերակենդանացումը պայմանավորված է բացառապես Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կոլապսով, տարածաշրջանում ընթացող պատերազմների, Իսրայելի վարած քաղաքականության ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դարձել է Իսրայելի ամենակատաղի քննադատներից մեկը՝ բացահայտորեն մեղադրելով հրեական պետությանը «ցեղասպանության» մեջ:

Կարդացեք նաև

«Թուրքիայի համար այս զարգացումը զգայուն է։ Անկարան տասնամյակներ շարունակ պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կանխելու համար։ Իսրայելի հնարավոր ճանաչումը մի փուլում, երբ թեման ակտիվ չի շրջանառվում, Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգն ակտիվ առաջ չի մղվում, կարող է ստեղծել նոր միջազգային նախադեպ, հատկապես այն տարածաշրջանում, որտեղ Թուրքիան փորձում է ամրապնդվել։ Բնականաբար, Իսրայելը սա դիտարկում է՝ որպես աշխարհաքաղաքական ճնշման գործիք։

Պետք չէ իդեալականացնել Իսրայելի քայլերը։ Միջազգային քաղաքականության մեջ պատմական արդարության թեմաները հաճախ ակտիվանում են ռազմավարական հաշվարկների արդյունքում։ Եթե Թուրքիա-Իսրայել հարաբերություններում լուրջ տարաձայնություններ չլինեին, քիչ հավանական է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այսօր հայտնվեր օրակարգում։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արտաքին քաղաքականությունում բարոյականությունն ու արժեքները հաճախ գործում են այն դեպքում, երբ համընկնում են պետական շահերի հետ»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Նա գտնում է, որ այս իրավիճակում Հայաստանի համար գլխավորը ճիշտ դիրքավորումն է։ Նրա կարծիքով, Երևանը պետք է աջակցի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման յուրաքանչյուր նախաձեռնության, սակայն միևնույն ժամանակ չպետք է դառնա Իսրայել-Թուրքիա հակամարտության կողմ կամ ոգևորվի, երբ այդ թեման օգտագործվում է՝ որպես ճնշման գործիք։ «Ռազմավարական հաշվարկը կարևոր է նաև Հայաստանի համար: Եթե Իսրայելը վերջնականապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա կլինի պատմական արդարության հաղթանակ, բայց նաև տարածաշրջանային նոր քաղաքական ազդակ։ Սակայն Հայաստանի համար իրական հաջողությունը կլիներ այն դեպքում, եթե Երևանը կարողանար այս զարգացումը վերածել երկարաժամկետ դիվանագիտական կապիտալի: Սակայն, եթե ներկայումս ՀՀ արտաքին քաղաքականության շրջանում այս օրակարգն ակտիվ չէ, ապա նման ճանաչումը վերաբերելու է միայն Իսրայել-Թուրքիա հարաբերություններին, ուստի այս իրավիճակում թեման դառնում է ազդեցության գործիք»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Ըստ նրա, թուրք-իսրայելական հարաբերություններն արդեն անցել են սովորական դիվանագիտական ճգնաժամի սահմանները, եթե նախորդ տասնամյակում կողմերը կարողանում էին կոշտ քաղաքական հայտարարություններին զուգահեռ՝ համագործակցել, ապա այսօր ձևավորվում է բոլորովին այլ պատկեր։

Վերլուծաբանի խոսքով, Թուրքիան և Իսրայելը սկսել են միմյանց դիտարկել՝ որպես տարածաշրջանային ազդեցության համար պայքարող մրցակիցներ, նրանց հակասությունները վերաբերում են ոչ միայն պաղեստինյան հարցին, այլև Սիրիայի հետպատերազմյան կառուցվածքին, Արևելյան Միջերկրականում էներգետիկ նախագծերին, Հարավային Կովկասի հաղորդակցային միջանցքներին և ամբողջ Մերձավոր Արևելքում նոր ուժային հավասարակշռության ձևավորմանը։

Ուստի, ըստ վերլուծաբանի, հարաբերությունների սրացումը պայմանավորված է աշխարհաքաղաքական շահերի խորքային բախմամբ։

«Հենց այս համատեքստում պետք է դիտարկել նաև Հայոց ցեղասպանության թեմայի վերադարձն Իսրայելի քաղաքական օրակարգ։ Երբ պետությունները վերանայում են իրենց ռազմավարական առաջնահերթությունները, նրանք վերաիմաստավորում են նաև այն հարցերը, որոնք տարիներ շարունակ հետաձգվել էին քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Հայաստանի համար սա ոչ ստանդարտ իրավիճակ է, այն պահանջում է հստակ հաշվարկ ու դրան համապատասխան արձագանք»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031