Ապրիլյան պատերազմի միակ ռազմական հանցագործը Բաքուն է. ՄԻԵԴ-ի հստակ արձանագրումները՝ ի պատասխան Բաքվի դատարանի անապացույց մեղադրանքներին

Օրերս հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ապրիլյան պատերազմից 10 տարի անց որոշում է կայացրել, որով Ադրբեջանին պարտավորեցրել է 90.000 եվրո փոխհատուցում վճարել դաժանաբար սպանված Մատաղիսի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, մայոր Հայկ Թորոյանի հարազատներին:

ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը (գլխատում և մարմնի պղծում)։
Նշենք, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած մայոր Հայկ Թորոյանի մահը վրա է հասել գլխատման հետևանքով:

Հայաստանն այս գործերով ներգրավված էր որպես երրորդ կողմ՝ ըստ դատարանի ընթացակարգերի, և չնայած Ադրբեջանը շարունակաբար հերքում էր իր մեղավորությունը, բայց հայկական կողմի մանրակրկիտ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել ներկայացնել անհերքելի ապացույցներ, այդ թվում՝ ադրբեջանական լրատվական ալիքներից նյութեր:

Իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ Ադրբեջանը շարունակել է իր նմանօրինակ հանցագործությունները, որոնց մասին, ինչպես ասել էր ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, այս դեպքերով ևս գանգատներ կան ՄԻԵԴ-ում, և «եթե իշխանությունները գանգատները հետ չվերցնեն, կքննվեն դատարանի կողմից, և շատ հավանական է, որ դարձյալ խախտումներ կարձանագրվեն»:

Կարդացեք նաև

Այլ խոսքերով՝ Հայկ Թորոյանի հետ տեղի ունեցածի հետ կապված ՄԻԵԴ որոշումը նախադեպային կարող է լինել 44-օրյայի ժամանակ տուժածների իրավունքների պաշտպանության համար տարված գանգատներով:

Ադրբեջանը, ինչպեսև սպասվում էր, կտրականապես մերժել է ՄԻԵԴ-ի որոշումը և հայտարարել, որ կքննարկի իր օրինական շահերի պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր։

Բաքուն՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, դժգոհություն է հայտնել, որ ՄԻԵԴ-ի որոշման տեքստում հիշատակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բանակը, Արցախի և Ադրբեջանի միջև եղած շփման գիծը, իշխանության մարմինները և այլն։ Այսինքն, Բաքուն, բնավ, չի հերքել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ իր կատարած ռազմական հանցագործությունները, և հայ զինծառայողների նկատմամբ կատարած վայրագությունները:

Սա չի հերքել անգամ ադրբեջանական քարոզչամեքենան: Եվ, մասնավորապես, Բաքվի լրատվամիջոցներից մեկը գրել է, որ իբր Հայկ Թորոյանը եղել է «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում ապօրինի գտնվող հայկական զինված կազմավորումների զինծառայող», որ «նա չէր պաշտպանում իր տունը, չէր գտնվում Հայաստանի տարածքում, այլ նա մասնակցում էր այն հողերի պահմանը, որոնք ողջ աշխարհը ճանաչում էր որպես ադրբեջանական»:

Մի պահ ենթադրենք, որ այդպես է, սա արդյո՞ք իրավունք է տալիս Բաքվին կենդանի ժամանակ գլխատել հակառակորդի զինվորին, կա՞ նման միջազգային նորմ: Եվ հետո՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանը 2004 թվականի փետրվարի 19-ին դարձյալ Ադրբեջանի տարածքո՞ւմ էր, որ քնած ժամանակ ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր: Ավելին, ավելի ուշ ադրբեջանցի մարդասպանը ոչ միայն հերոսացվեց, այլև մինչև հիմա ծառայում է Ադրբեջանի զինված ուժերում, իսկ անցած տարի գնդապետի կոչում է ստացել: Առհասարակ, ինչպես գրել ենք, Սաֆարովը և կինը վայելում են Ալիևի իշխանության հովանավորությունը:

Թե որքանով է Հայաստանն այս ամենի հետ հաշվի նստում, այդ թվում՝ ՄԻԵԴ-ի վճռի կարևոր և նախադեպային լինելու առումով, կարող ենք ենթադրություններ, նույնիսկ՝ պնդումներ անել, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն առաջիններից էր, ով 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանին մեղադրեց սպիտակ ֆոսֆոր պարունակող արգելված զենք օգտագործելու մեջ, երբ դա հենց իրենք էին օգտագործել, մոռանում է, որ Հաջիևը երբեք հետ չի կանգնելու Հայաստանին «Գյանջայի դեպքերի» համար պատասխանատվության կանչելու «արդար» պահանջից, և ոչ միայն:

Իսկ ՄԻԵԴ-ի վերը նշված որոշումը կարևոր է ոչ միայն նախադեպային լինելու առումով, այլ, որ այն, ըստ էության, պատասխան է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով Բաքվի ավարտված «դատավարության», ինչն իրականում Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի դեմ էր: Այս պահին Ադրբեջանի Վերաքննիչ դատարանում քննվում են Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության վերաքննիչ բողոքները, նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները: Իսկ բուն դատավարության ժամանակ, ինչպես տեղեկացրել ենք, ոչ մեկ անգամ անդրադարձ է եղել նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմին, Ալիևն այս թեմայով ևս «տուժածներ» էր գործուղում դատարան:

Օրինակ, Ադրբեջանի պետական մեղադրողը հայ ռազմաքաղաքական էլիտայի դեմ «հանցագործության դրվագներ» ներկայացնելիս հիշատակելով, մասնավորապես, 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, փորձել էր ցույց տալ, թե իբր թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը: 2016 թվականին նման պնդումներ պարբերաբար անում էր նաև այսօր Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, որն այն ժամանակ իր երկրի արտաքին գերատեսչությունն էր ներկայացնում, ավելին, նա փորձում էր ապացուցել, որ հայկական կողմը կտտանքների է ենթարկել ադրբեջանցի գերիներին տարբեր ժամանակներում, երբ դա իրենց «մենաշնորհն է»: Սա առանձին քննարկման թեմա է:

Ադրբեջանն է 2016 թվականին խախտել միջազգային մարդասիրական իրավունքը և կատարել դիակների խոշտանգում, ողջ մարդկանց գլխատում: Նույնը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի օրերին, 2022 թվականին արդեն ՀՀ տարածքում սանձազերծված սեպտեմբերյան մարտերի ժամանակ:

Դեռ չենք խոսում այս դեպքերից առաջ հայ գերիների խոշտանգման և սպանության դեպքերի մասին: Այսինքն, շատ ավելի վաղ նկատել ենք, որ Ադրբեջանի ռազմական հանցագործություններն ապացուցելի են, եթե հայկական կողմը միջազգային հարթակներում հետևողական աշխատանք իրականացնի, ինչն ապացուցեց ՄԻԵԴ վերջին որոշումը: Ավելին, պետք է օգտագործել այն ապացույցները, երբ Ադրբեջանն իր հրետանին 2016-ին, դրանից առաջ էլ տեղակայել էր սեփական բնակավայրերին մոտ՝ թիրախ դարձնելով իր իսկ քաղաքացիներին: Սա, եթե Բաքուն ակտիվացնի Հայաստանի դեմ մեղադրանքները՝ «խաղաղ բնակավայրերը թիրախավորելու» հետ կապված:

Այս համատեքստում հավելենք, որ Բաքվի «դատավարության» ժամանակ, օրինակ, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանն ադրբեջանցի «տուժածներին» մի քանի անգամ բռնել է ստի վրա: Օրինակ, «տուժած» ոմն Էլմիր Աբբասովը, ով նշել է, թե Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ Տերտերի շրջանում է վիրավորվել, որտեղ զինվորական ծառայության է եղել, հայկական զինված ուժերին մեղադրել է պատերազմական օրենքները խախտելու համար, և անգամ «քաղաքացիական բնակչության նկատմամբ է արգելված զինամթերք օգտագործվել՝ թունավոր և հրկիզող արկեր»:

Լևոն Մնացականյանն ի պատասխան՝ հայտարարել էր, որ՝ եղել եմ բանակի հրամանատար, բայց առաջին անգամն է, որ լսում եմ ներկայացվածի մասին: Մեկ այլ նիստի ժամանակ գեներալը Բաքվում հստակ պնդել էր՝ «Ապրիլյան պատերազմի օրերին ՊԲ-ն չի եղել հարձակվող կողմը»:

Եվ երբ ահազանգում ենք, որ պատերազմը չի ավարտվել, այլ հնարավոր է՝ ժամանակավոր տեղափոխվել է այլ հարթություն, հենց սա նկատի ունենք: Իսկ Ադրբեջանը ձեռքերը ծալած չի նստելու, ուստի ՀՀ իշխանությունը պետք է հակասցենարներ ունենա, և դա ոչ մի դեպքում չպետք է լինի միջազգային դատական ատյաններից գանգատների հետկանչը, քանի որ անպատժելիությունն է պատերազմը տեղափոխում ռազմական հարթություն:

Ինչի՞ց է հայկական կողմը վախենում, «Գյանջայի դեպքերի՞ց», Ադրբեջանը չի՞ թիրախավորել հայկական բնակավայրեր, և նույնիսկ՝ սեփական բնակչությանը, ինչի մասին նշեցինք, բայց 2016 թվականին, 44-օրյայի ժամանակ և ոչ էլ դրանից առաջ Երևանը չի գլխատել ադրբեջանցի զինծառայողի, չի սպանել ոչ մի ադրբեջանցի գերու: Չի կարելի Բաքվի ձեռքերն արձակել անգամ այն դեպքում, երբ ձեռքիդ «պարան» են տվել և քեզ մնում է միայն այն կիրառելը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930