«Ուկրաինականացման» նախազգուշացումը․ Մոսկվայի նոր ուղերձները Երևանին

Հայաստանի ընտրություններից հետո ռուսական քաղաքական և փորձագիտական շրջանակներից հնչող հայտարարությունները, առևտրատնտեսական սահմանափակումները գնալով ավելի համակարգված ու կոշտ բնույթ են ստանում։

Մոսկվայի հետընտրական լռությունը, Գյումրիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բողոքի նոտան, Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների և պատգամավորների կոշտ գնահատականները Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, Եվրասիական ինտեգրման ապագայի մասին զգուշացումները և այժմ արդեն Յուրի Ուշակովի հայտարարություններն ընդգծում են Կրեմլի հետևողական քաղաքականությունը։

Այս ֆոնին Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովի երեկվա մեկնաբանությունները հերթական ազդակն էին, որը ցույց է տալիս՝ Կրեմլը շարունակում է Հայաստանի նկատմամբ կիրառել քաղաքական ճնշման և ազդակների փոխանցման մարտավարություն։ Ռուսաստանի նախագահի ավագ օգնական Յուրի Ուշակովը երեկ ասել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի շուրջ որևէ հստակություն դեռ չկա։ Լրագրողների հետ զրույցում Ուշակովը նաև ընդգծել է, որ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների նպատակը «Ռուսաստանի մասնակցությամբ գործող ինտեգրացիոն միավորումներին հարվածելն է»։

«Պատրանքներ են ձևավորվում, որոնց համաձայն՝ կողք կողքի ապրող և միմյանց մշտապես օգնող ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը հնարավոր է փոխել։ Նայելով Ուկրաինայում կատարվող իրադարձություններին՝ հասկանալի է, թե ինչ ողբերգության դա կարող է հանգեցնել»,- նշել է Ուշակովը։

Կարդացեք նաև

Ուշակովի խոսքում ուշադրություն գրավեց ոչ միայն Փաշինյանի՝ Մոսկվա հնարավոր այցի վերաբերյալ անորոշությունը։ Ուշագրավ էր այն քաղաքական ուղերձը, որով նա նկարագրեց Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները։

Ըստ նրա՝ դրանք ուղղված են Ռուսաստանի մասնակցությամբ գործող ինտեգրացիոն կառույցներին հարվածելուն, իսկ «պատմությունն ու աշխարհագրությունը փոխելու պատրանքները» կարող են բերել նույնպիսի ողբերգական հետևանքների, ինչպիսին Ուկրաինայում են։ Սա պարզապես դիվանագիտական լեզու չէ, Ռուսաստանը կրկին Հայաստանի մասին խոսելիս որպես գլխավոր նախազգուշացնող օրինակ՝ առաջ է բերում Ուկրաինան։

Հարցն այն է, թե ինչու է Մոսկվան Հայաստանի համատեքստում այդքան հաճախ հիշատակում հենց ուկրաինական օրինակը։ Թերևս, առաջին հերթին այն պատճառով, որովհետև Ուկրաինան Ռուսաստանի քաղաքական հռետորաբանության մեջ վաղուց վերածվել աշխարհաքաղաքական ընտրության խորհրդանիշի։

Մոսկվայի ընկալմամբ՝ Կիևի արևմտյան վեկտորը ոչ թե սուվերեն ընտրություն էր, այլ Ռուսաստանի անվտանգային ճարտարապետությանն ուղղված անմիջական մարտահրավեր։ Երբ ռուս պաշտոնյաները հիշատակում են Ուկրաինան, նրանք փորձում են ձևավորել տրամաբանությունը, թե հետխորհրդային որևէ պետություն փորձի կտրուկ փոխել իր արտաքին քաղաքական ուղղությունը և դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց, ապա անխուսափելիորեն կհայտնվի լուրջ ցնցումների առջև։

Սակայն Ուկրաինայի մասին այս հիշատակումները միայն Հայաստանի իշխանություններին ուղղված ուղերձ չեն։ Դրանք առաջին հերթին ուղղված են հայկական հասարակությանը։ Մոսկվան փաստացի փորձում է ձևավորել պատճառահետևանքային կապ՝ հասարակությանը փոխանցելով, որ աշխարհաքաղաքական վերակողմնորոշումը կարող է հանգեցնել անվտանգության, տնտեսական և քաղաքական նոր ռիսկերի։ Այս հռետորաբանության նպատակը նաև հանրային կարծիքի վրա ազդեցություն գործելն է։ Ուկրաինան ներկայացվում է՝ որպես օրինակ, որը պետք է համոզի հասարակությանը, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների արմատական վերանայումը չափազանց բարձր գին կարող է ունենալ։

Միևնույն ժամանակ, այդ ուղերձը հասցեագրված է նաև Հայաստանի իշխանություններին։ Մոսկվան ակնհայտորեն փորձում է հասկացնել, որ Երևանի արտաքին քաղաքական յուրաքանչյուր քայլ դիտարկվում է ոչ թե առանձին որոշումների, այլ լայն աշխարհաքաղաքական գործընթացների շրջանակում։ Հետևաբար, ռուսական ղեկավարությունը ցանկանում է, որ Հայաստանը հստակեցնի իր ռազմավարական առաջնահերթությունները և չփորձի համատեղել փոխադարձաբար հակասող ուղղությունները՝ առանց հետևանքների մասին մտածելու։

Այս համատեքստում Ուշակովի հայտարարությունը դառնում է շատ ավելի կարևոր, քան պարզապես հերթական մեկնաբանությունը Փաշինյանի հնարավոր այցի վերաբերյալ։

Այն ցույց է տալիս, որ ընտրություններից հետո սկսված ռուսական լռությունը ոչ թե ավարտվում է, այլ փոխակերպվում ավելի բաց և ավելի կոշտ քաղաքական խոսույթի։ Եթե նախկինում Կրեմլը դժգոհությունն արտահայտում էր լռությամբ, ապա այժմ այն արտահայտվում է ուղիղ ակնարկներով, զգուշացումներով և Ուկրաինայի օրինակի միջոցով փոխանցվող քաղաքական հաղորդագրություններով։ Այս իրավիճակը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը Մոսկվայի օրակարգում արդեն իսկ ստացել է համակարգային և ռազմավարական նշանակություն, որը դուրս է գալիս սովորական դիվանագիտական տարաձայնությունների շրջանակից։

Այս ամենը հուշում է, որ Հայաստանը հայտնվել է դիվանագիտական մի նոր փուլում, որտեղ Մոսկվայի հետ երկխոսությունն այլևս չի կարող սահմանափակվել ստանդարտ արձագանքներով: Կրեմլի կոշտացող հռետորաբանությունը պահանջում է արտաքին քաղաքական հաշվարկների վերանայում: Հետևաբար՝ առաջիկա ամիսները որոշիչ կլինեն՝ պարզելու, թե որքանո՞վ է Երևանին հաջողվելու դիմակայել այս ճնշմանն ու պահպանել, այսպես կոչված, «ինքնիշխան» ընտրության ուղեգիծը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930