Նիդերլանդների վարչապետը պաշտոնապես ներողություն է խնդրել մոլուքյան համայնքից

Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետտենը կիրակի օրը պաշտոնապես ներողություն է խնդրել մոլուքյան համայնքի ներկայացուցիչներից՝ Ինդոնեզիայի՝ գաղութային իշխանությունից անկախություն ստանալուց հետո Նիդերլանդների իշխանությունների կողմից տարիներ շարունակ ցուցաբերված անարդար վերաբերմունքի համար, հայտնում է AFP-ն։

Մոլուքցիները՝ Ինդոնեզիայի արևելքում գտնվող Մոլուքյան, այսպես կոչված, «համեմունքների կղզիներից» սերած մարդիկ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անկախության համար պայքարի ընթացքում ծառայել են Նիդերլանդների գաղութային բանակում։

1949 թվականին Ինդոնեզիայի անկախության հռչակումից հետո մոտ 12,5 հազար մոլուքցիներ պետական վերաբնակեցման ծրագրի շրջանակում տեղափոխվել են Նիդերլանդներ, ինչը ենթադրում էր նրանց ժամանակավոր կեցություն՝ հայրենիք հետագա վերադարձով։

Սակայն խոստացված վերադարձը այդպես էլ չի իրականացվել։ Վերաբնակները հայտնվել են ծանր պայմաններում, բախվել աջակցության բացակայությանը, ինտեգրման դժվարություններին և փաստացի սոցիալական մեկուսացմանը։

Այս պատմական շրջանին նվիրված հուշարձանի բացման արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ Յետտենը հայտարարել է, որ եկել է պետության պատասխանատվությունը ճանաչելու ժամանակը։ Նա ներողություն է խնդրել բնակեցման վատ պայմանների, վերաբնակների խնդիրների անտեսման, հայրենիք վերադառնալու չիրականացած սպասումների, ինչպես նաև ընտանիքների կրած ցավի ու կորուստների համար։

Ըստ նրա, իշխանությունները չեն կատարել Նիդերլանդների և Ինդոնեզիայի միջև հետպատերազմյան պայմանավորվածությունների ընթացքում տրված խոստումները։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ պատմական անարդարության հետևանքները միայն խոսքով հնարավոր չէ վերացնել, սակայն պաշտոնական ճանաչումը կարող է դառնալ պատմական արդարության վերականգնման և տուժած համայնքի նկատմամբ հարգանքի դրսևորում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930