Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Իրանական լրատվամիջոցները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ։ Fars գործակալությունը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում իր աղբյուրին, գրում է, որ Իրանը շարունակում է փակ պահել Հորմուզի նեղուցը։ «Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նավերին անցման թույլտվություն չեն տալիս»,- գրել է լրատվամիջոցը։
Իրանը Հորմուզի նեղուցը կրկին փակելու մասին հայտարարել էր հունիսի 20-ին։ Իրանական կողմը հայտարարել էր, որ այդ կերպ պատասխանում է Լիբանանի նկատմամբ Իսրայելի շարունակական հարձակումներին և իրանա-ամերիկյան փոխըմբռնման հուշագրով սահմանված համընդհանուր հրադադարի վերաբերյալ դրույթի խախտմանը Միացյալ Նահանգների կողմից։
«Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից իր խոստումների կոպիտ խախտումը և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի առաջին կետը չկատարելը, ինչպես նաև Լիբանանի հարավում Իսրայելի կողմից հրադադարի շարունակական խախտումները՝ Հորմուզի նեղուցը հայտարարվում է փակված»,- նշված էր Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ռազմական հրամանատարության մեջ։ Իրանական կողմի այս հայտարարությունից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իր հերթին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման սահմանափակումների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։

