Ադրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
Նավթի արտահոսք է տեղի ունեցել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ Դյուբենդի լողափի շրջանում։ Ակվատորիայի զննությունից հետո մասնագետները պարզել են, որ աղտոտման աղբյուրը եղել է «Ազնեֆթ» արտադրական միավորմանը պատկանող ստորջրյա նավթամուղը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
SOCAR-ից հայտնել են, որ նավթային աղտոտման հետքերի մասին տեղեկությունը մասնագիտացված ծառայություններին փոխանցվել է հունիսի 19-ին։ Պիռալահի կղզու և Դյուբենդի ավանի միջև ընկած ակվատորիայի նախնական զննության ընթացքում՝ նավերի և ուղղաթիռի կիրառմամբ, հայտնաբերվել է նավթային բիծ։ Քանի որ արտահոսքի աղբյուրը միանգամից որոշել չի հաջողվել, դիտարկվել են միջադեպի մի քանի հնարավոր պատճառներ։
Ավելի ուշ անցկացված ախտորոշումը ցույց է տվել, որ արտահոսքը տեղի է ունեցել «Ազնեֆթի» ստորջրյա նավթամուղներից մեկից։ Վնասված հատվածի հայտնաբերումից հետո խողովակաշարով նավթի տեղափոխումն անմիջապես դադարեցվել է, իսկ հետևանքների վերացման համար ստեղծվել է օպերատիվ շտաբ։

