Կրծքագեղձի կիստա, ֆիբրոադենոմա՞, թե՞ քաղցկեղ․ ինչպե՞ս տարբերել վտանգավոր ազդակները
Կիստան և ֆիբրոադենոման կրծքագեղձում շոշափվող ամենատարածված բարորակ (ոչ քաղցկեղային) գոյացություններն են։ Ինչո՞ւ են առաջանում, որքանո՞վ են վտանգավոր, ե՞րբ պետք է վիրահատել։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մամոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուռուցքաբան Արտյոմ Սիմոնյանի հետ։

– Ինչի՞ հետևանքով են զարգանում կիստաները։
– Կիստաները կարելի է դիտարկել մաստոպատիաների կառուցվածքի մեջ։ Դրանք, որպես կանոն, հեղուկով լցված պարկեր են։ Մի քանի պատճառ ենք առանձնացնում՝ սկսած գինեկոլոգիական խնդիրներից։ Մյուսը հորմոնալ շեղումներն են՝ կապված ձվարանների, վահանաձև գեղձի հետ, երբ լինում է ոչ լիարժեք ձվազատում, այսինքն՝ ձվարանների կիստաների առաջացում, և վահանաձև գեղձի թերֆունկցիա կամ հիպոֆունկցիա է լինում։
Առավել հաճախ հանդիպող ախտանշաններից են դաշտանային ցիկլի խանգարումները, մազաթափությունը, մազակալումը, քաշի ավելացումը, մաշկի չորությունը, ուսի, կրծքի, պարանոցի վերին հատվածներում ակնեի, պզուկի առաջացումը։ Սրանք նշաններ են, որոնք մեզ կարող են անուղղակի հուշել, որ կա հորմոնալ շեղում։ Մյուսը՝ կնոջ ոչ ռեգուլյար, ոչ բավարարված սեռական կյանքն է։
Եթե կիստաները լինում են բազմակի՝ մինչև 2սմ, որպես կանոն, ուղղակի դիտարկում ենք, բայց եթե կա հատուկ շեղում, առաջարկում ենք բջջաբանական հետազոտություն։ Եթե կա կիստայի բորբոքում կամ ցիստոպապիլոմա՝ դիտարկում ենք, երբ կիստայի մեջ է առաջանում պապիլոմա, առաջարկում ենք վիրահատական բուժում։
Եթե չէ, որպես կանոն, առաջարկում ենք դեղորայքային բուժում։ Չնայած դեղորայքային բուժումը կարևոր է, առավել կարևոր է պատճառի բուժումը։ Մինչև պատճառը չբուժենք՝ հետևանքն ինքնուրույն չի անցնի։
– Կիստաները շոշափելի՞ են, թե՞ մինչև չստուգվեն՝ չեն իմանա առկայության մասին։
– Շոշափվում են փոքրիկ պարկերի ձևով։ Ցավ սովորաբար չի լինում մինչև նախադաշտանային շրջանը։ Իսկ երբ այդ շրջանում կնոջը բնորոշ կրծքագեղձերի փքվածության երևույթներն են լինում, այդ ժամանակ նկատվում է կիստաների հեղուկի ավելացում, որը բերում է կիստայի պատի ձգվածության, այսինքն՝ ցավի առաջացման։ Ընդ որում, բուժառուն կարող է ունենալ մինչև 5-6սմ կիստա, բայց արտառոց գանգատ չնշի, միայն ասի, որ ինչ-որ փափուկ բան է շոշափում։ 5-6մմ կիստաներն ուժեղ ցավ կարող են առաջացնել, որի դեպքում ավելի շատ են դիմում, քան մեծ կիստաների պարագայում։
Ցավը դիտակում ենք՝ որպես մաստոպատիայի ախտանիշ, և առաջարկում ենք մաստոպատիայի բուժում։ Վիրահատություն առաջարկում ենք, երբ կա կիստայի բորբոքում։
– Բարորակ են համարվում նաև ֆիբրոադենոմաները։
– Ֆիբրոադենոմաներն առավել հաճախ հանդիպող բարորակ գոյացություններ են, և եթե մինչև 2սմ է լինում, մենք վիրահատություն չենք առաջարկում, միայն հսկողություն։ Եթե տեսնում ենք, որ չափը մեծանում է, առաջարկում ենք հեռացնել։
Կարող է լինել մեկ կամ բազմակի։ Եթե բազմակի է, կա հավանականություն, որ վիրահատությունից հետո կարող է կրկին առաջանալ։ Կա ֆիբրոադենոմայի մի տեսակ՝ տերևանման ֆիբրոադենոմա, որին ասում ենք՝ ֆիլոիդ ուռուցք, որը, ի տարբերություն սովորական ֆիբրոադենոմայի, ունի հավանականություն վերափոխվելու դեպի վատը։
– Ֆիբորադենոմայի առաջացման պատճառները նո՞ւյնն են, ինչ կիստայի դեպքում։
– Չկա հստակ պատճառ, բայց հավանականը հորմոնալ շեղումներն են։ Եթե կինը պատրաստվում է հղիության, այդ դեպքում սովորաբար խորհուրդ ենք տալիս ազատվել ֆիբրոադենոմայից, որպեսզի հղիության ժամանակ որևէ այլ փոփոխությունների չենթարկվի։ Ունեցել եմ բուժառու, ում հղի ժամանակ վիրահատել ենք, բայց, հավատացեք, դա հոգեբանորեն շատ ծանր է նաև բժշկի համար։ Հղիության ժամանակ չափերով մեծանալով՝ ֆիբրոադենոման կարող է ստեղծել խնդիրներ, օրինակ, կերակրման ժամանակ՝ սեղմել որևէ կաթնային ծորանի, բերել կաթի հոսքի խանգարման, որը կարող է մաստիստի զարգացման պայմաններ ստեղծել։
– Կիստաներն ու ֆիբրոադենոմաներն ավելի շատ երիտասարդ աղջիկների՞ն են բնորոշ։
– Այո։ Սա ևս մեկ անգամ փաստում է հորմոնալ ակտիվ վիճակը։ Ունենում ենք դեպքեր, երբ դաշտանադադարի ժամանակ ենք հանդիպում ու այդ դեպքում շատ զգուշավոր պետք է լինել, որովհետև գիտենք, որ ֆիբրոադենոման ավելի բնորոշ է երիտասարդ կանանց, իսկ 45 կամ 50 տարեկան կնոջ մոտ առաջացած ֆիբրոադենոման շատ կասկածելի է։ Այդ դեպքում խորհուրդ ենք տալիս վիրահատություն, քանի որ այդ տարիքին բնորոշ չէ։

– Ինչպե՞ս են երիտասարդ կանայք բացահայտում խնդիրները։
– Եթե ավելի շատ գեղձի մակերեսային շերտերում է լինում՝ շոշափում են՝ որպես փոքր կլոր գոյացություն։ Հետաքրքիր է, որ երբ հարցնում ես, թե ի՞նչ գանգատներ ունեն, ասում են՝ ցավ չունենք, հարցնում եմ՝ գոյացություն շոշափո՞ւմ եք, ասում են՝ իհարկե։ Դիմում են, երբ նկատում են, որ գոյացությունը չափերով մեծանում է կամ կա ցավ։ Ունեցել եմ բուժառու, ում ֆիբրոադենոման 6սմ էր ու ասում էր՝ երկու օր առաջ եմ շոշափել։ Բոլորս էլ հասկանում ենք, որ 2 օրում չէր կարող այդ չափի ֆիբրոադենոմա ձևավորվել, դա ամիսների, տարիների պատմություն է։ Ժամանակ առ ժամանակ կարելի է կատարել ինքնազննում ու փոփոխություն նկատելիս դիմել բժշկի։ Ֆիբրոադենոման սովորաբար ցավ չի առաջացնում, եթե չի զուգակցվում բորբոքային կամ այլ երևույթների հետ։
Եթե կա արտադրություն ու բաց գույնի է՝ դեղին կամ սպիտակ, վախենալու չէ, բնորոշ է մաստոպատիային։ Եթե լինում է շագանակագույն, արյունային կամ սև, այդ դեպքում պետք է զգուշանալ․ դա արդեն բնորոշ է ներծորանային պապիլոմատոզ կոչվող հիվանդությանը։ Դրանք գորտնուկի պես փոքրիկ գոյացություններ են՝ արտատար ծորաններում։ Որպես կանոն, բարորակ են, բայց եթե լինում են 3-5 մմ, անպայման առաջարկում ենք վիրահատություն, որովհետև պապիլոման կարող է ամիսների, տարիների ընթացքում վերափոխվել դեպի չարորակը։
– Հնարավո՞ր է՝ մեկ կրծքագեղձում և՛ կիստա լինի, և՛ ֆիբրոադենոմա։
– Իհարկե։ Այդ դեպքում երբեմն ռադիոլոգներն ասում են՝ շատ խառը գեղձ էր։ Հաճախ առաջարկում են ՄՌՏ հետազոտություն, որը մեզ տալիս է ավելի հստակ պատասխան՝ արդյոք վտանգավոր բան կա՞, թե՞ չէ։
– Էստրոգենի բարձր մակարդակը հուշող նշա՞ն է։
– Այո, բայց այստեղ կարևոր է մնացած հորմոնների փոխհարաբերությունը։ Հնարավոր է՝ այն բարձր լինի, բայց մաստոպատիան այդքան արտահայտված չլինի։ Կարևոր է հորմոնալ բալանսը, դրա համար հաճախ դիմում ենք էնդոկրինոլոգին, գինեկոլոգին։
– Մի չգրված օրենք կա՝ ասում են, եթե վահանաձև գեղձի խնդիր ունես, նշանակում է՝ ֆիբրոադենոմա կունենաս, ձվարանների խնդիր։ Սա ճի՞շտ է։
– Ինչ-որ տեղ կարելի է ասել՝ այո, որովհետև, որպես կանոն, լինում է մեկ ընդհանուր խմբում։ Երբ կնոջ հետ խոսում ես՝ պարզվում է, որ ունի գինեկոլոգիական խնդիրներ՝ էնդոմետրիոզներ, կիստաներ, միոմաներ և այլն։ Սա խոսում է այն մասին, որ կա հորմոնալ ֆոնի փոփոխություն։
– Եթե երեխային կրծքով երկար ժամանակ են կերակրում կամ հակառակը՝ չեն կերակրում, դա և՞ս խնդիրներ է առաջացնում՝ կրծքագեղձի կիստա, քաղցկեղ․․․։
– Կրծքով կերակրելը բնությունից տրված է ու անհրաժեշտ է։ Եթե ծննդալուծումը լինում է բնական ճանապարհով, օրգանիզմն ինքնըստինքյան պատրաստվում է դրան։ Երբ ինչ-ինչ պատճառներով կատարվում է կեսարյան հատում, վաղաժամ ծննդաբերություն է լինում, կրծքագեղձերը դեռ լիարժեք պատրաստ չեն լինում, և ինչ-ինչ պատճառներով կաթի արտադրություն չի լինում։ Իհարկե, կրծքով կերակրելն անհրաժեշտություն է և՛ մայրիկի, և՛ բալիկի համար։ Բալիկին փոխանցվում են կենսական կարևոր հակամարմիններ, անհրաժեշտ նյութեր, իսկ մայրիկին պետք է, որպեսզի գեղձն «աշխատի»։
Հայտնի է, որ եթե կինը չի կերակրում, քաղցկեղի կարևոր գործոններից մեկն էլ դա է։ Մյուս գործոնը շատ վաղ տարիքում դաշտանն է կամ ուշ կլիմաքսը։ Դրանք նշաններ, պատճառներ են, որոնք կարող են հետագայում քաղցկեղի առաջացման հիմք հանդիսանալ։
– Ժամանակին ասում էին, որ դաշտանը 12 տարեկանից է նորմալ, հետո գինեկոլոգները նշեցին՝ հիմա դրանից ցածրն էլ է նորմալ։
– Իմ աշխատանքային պրակտիկան փոքր-ինչ վերլուծելով՝ ասեմ, որ երբ կինը 70 և ավելի բարձր տարիքի է լինում, երբ հարցնում ես, ասում են՝ վերջին դասարաններում, 15-16 տարեկանում է սկսվել դաշտանը։ Ավելի միջին տարիքի՝ 40-50 տարեկան կանայք 11-14 տարեկանն են նշում, իսկ հիմա 10-11 տարեկանն է, բայց եթե հաշվենք 50 տարում 6-7 տարվա փոփոխությունը, դա իսկապես հսկա փոփոխություն է, և հետագայում կերևա, թե դա ինչքանով է վտանգավոր կամ՝ ոչ։ Վաղ դաշտանը նաև օրգանիզմի հասունության վրա է ազդում։
– Եթե կիստաների դեպքում ախտանշաններից է ցավը, ֆիբրոադենոմայի դեպքում՝ գոյացության առկայությունը, ապա կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ ի՞նչ ախտանշաններ կան։
– Ցավոք, քաղցկեղն իրեն այնպես է պահում, որ հնարավորինս աննկատ լինի։ Ցավ չեն զգում, և լինում են դեպքեր, որ քայքայված է արդեն կրծքագեղձը։ Զգում են կոշտություն, ինչպես իրենք են նշում, բայց դա չի անհանգստացնում իրենց ու չեն դիմում բժշկի։ Ախտանշանը գոյացությունն է, պնդությունը, քայքայված ուռուցքը։ Փոփոխություններից կարող են լինել կրծքի դեֆորմացիան, մաշկի այտուցվածությունը, պտուկի ներքաշվածությունը, բայց այս կլինիկական նշանները նկատում են, երբ գոյացությունն արդեն չափերով բավականին մեծացել է։
Դրա համար տարին մեկ անգամ պետք է պրոֆիլակտիկ զննություն կատարվի ու հայտնաբերվի գոյացությունը, երբ մի քանի մմ է ու դեռ չի շոշափվում։ Իսկ երբ գոյացությունը մեծ է, կրծքի պահպանումը մեծ խնդիր է։ Բուժման մի շարք եղանակներ կան՝ քիմիոթերապիա, ճառագայթային, հորմոնալ բուժում, վիրահատություն, ու կապ ունի ուռուցքի տեսակը և շատ այլ հանգամանքներ։ Հիվանդությունը քանի որ չարորակ է՝ կարող է կրկնվել ու, ցավոք, լինում են դեպքեր, որ մի քանի ամիս անց տեսնում ենք կրկնություն։ Դա վերաբերում է շատ ագրեսիվ ուռուցքներին։ Բայց կարող է կրկնություն լինել 1, 10, 20 կամ 50 տարի հետո։
Կրկնությունը լինում է տեղային և հեռակա։ Եթե փոքր է լինում գոյացությունը՝ կարողանում ենք լայն մասնահատել, կուրծքը պահպանել՝ դրանով իսկ կանխելով հետագա տեղային կրկնողությունը։ Իսկ հեռավոր կրկնությունը վերաբերում է այլ օրգան-համակարգերում մետաստազների արտահայտմանը։ Իսկ դրա համար առաջին տարվա դեպքում՝ 3 ամիսը մեկ, 2-րդ տարվանից սկսած՝ 6 ամիսը մեկ հետազոտություն ենք կատարում և ամբողջ կյանքի ընթացքում խորհուրդ ենք տալիս լինել հսկողության ներքո, տարին մեկ կատարել մի քանի հետազոտություն։ Որպես կանոն՝ կրծքագեղձի քաղցկեղն առաջին հերթին մետաստազներ է տալիս՝ ոսկորներ, լյարդ, գլխուղեղ, թոքեր։ Ոսկորների մետաստազի դեպքում բուժման լավ արդյունք է լինում, թոքերի դեպքում՝ բուժման արդյունավետությունը ավելի քիչ է, լյարդի և գլխուղեղի դեպքում, ցավոք, ելքը վատ է ու բուժման հնարավորություններն են սակավ, արդյունավետությունն ավելի ցածր է։

– Վերջերս բացառիկ վիրահատություն էիք կատարել՝ 10 կգ-անոց ֆիլոիդ ուռուցք էիք հեռացրել։ Դա ինչպե՞ս էր բացահայտվել։
– Այո, եզակի դեպք էր։ Երիտասարդ կինը պարզապես թողել էր, որ կուրծքը հասներ այդ վիճակին։ Չգիտեմ՝ ինչպես էր դա պահել։ Պարզապես պետք է պատկերացնել, թե 10 կգ կրծքով ինչպե՞ս էր ապրում։ Եկել էր այն ժամանակ, երբ արդեն սկսել էր քայքայվել, երբ արնահոսել էր, նոր էր դիմել։ Երբ հարցրինք՝ ինչո՞ւ է ուշ դիմել, պատասխանեց՝ մեծանում էր, բայց չէր խանգարում։ Բայց երբ սկսել էր արնահոսել, այդ պահից որոշել էր, որ արդեն իրեն խանգարում է։ Ուռուցքը հիմնականում բարորակ էր, բայց որոշակի հատվածներում արդեն կար վերափոխում։ 10 կգ ուռուցքն արդեն հսկա ուռուցք է, ու դժվար է պատկերացնել, որ չի լինի հատված, որը վերափոխված չի լինի չարորակի։ Ցավոք, այս դեպքում ստիպված եղանք գնալ կրծքագեղձի հեռացման։

