Ի՞նչ դեր ունեին հայերը միջնադարյան առևտրական աշխարհում. Մարկո Պոլոյի բացառիկ տեղեկությունները Հայաստանի և Կիլիկիայի մասին
Մարկո Պոլոն համարվում է միջնադարի ամենահայտնի ճանապարհորդներից մեկը, քանի որ նա եվրոպացիներին մանրամասն տեղեկություններ փոխանցեց Ասիայի մասին։ Նա երկար տարիներ անցկացրեց Չինաստանում և հնարավորություն ունեցավ ծանոթանալու այնպիսի երկրների ու ժողովուրդների կյանքին, որոնց մասին Եվրոպայում գրեթե ոչինչ հայտնի չէր։ Իր ճանապարհորդությունների ընթացքում նա նկարագրեց քաղաքներ, առևտրական ուղիներ, պետական կառավարման համակարգեր և տեղական սովորույթներ:

Մարկո Պոլոյի վկայությունները նպաստեցին աշխարհագրական գիտելիքների և նոր ճանապարհորդությունների զարգացմանը։ Նա Եվրոպայից Չինաստան հասած բացառիկ ճանապարհորդ լինելուց զատ, նաև յուրահատուկ էր ճանապարհորդության մասին իր գրագրությամբ: Մարկո Պոլոյի ուղեգրությունները բացառիկ են նաև մեզ համար, քանի որ գրքում հանդիպում ենք տեղեկություններ միջնադարյան Հայաստանի մասին: Վենետիկից դեպի Չինաստան մեկնելու ճանապարհին՝ 1271 թվականին, Մարկո Պոլոն լինում է նաև Կիլիկիայում.

«Մարկո Պոլոյի ճանապարհորդությունը դեպի Չինաստան անցնում է չափազանց հետաքրքիր վայրերով, նա ծովով գալիս է մինչև Կիլիկիա, որտեղ այն ժամանակ հայկական թագավորություն գոյություն ուներ և իշխանության գլուխն էր կանգնած Լևոն Լուսինյանը: Կիլիկիայի հայկական թագավորության տերիտորիան Մարկո Պոլոն անվանում է «Փոքր Հայաստան»: Նա հետագայում բարձրանում է դեպի Հյուսիս՝ Հայկական բարձրավանդակ, այսինքն՝ «Մեծ Հայաստան»: Մարկո Պոլոն մեծ հիացմունքով է խոսում հայկական լեռնաշխարհում գտնվող Երզնկա և Էրզրում, ինչպես և Վանա լճի հյուսիսային մասում գտնվող Արճեշ քաղաքների մասին: Էրզրումը նա անվանում է Արզիրոն, իսկ Արճեշը՝ Արզիզի: Մարկո Պոլոն խոսում է նաև հայկական բարձրավանդակի փարթամ արոտավայրերի մասին»: (Ավետիսյան Կ., «Անվանի աշխարհագրագետ ճանապարհորդներ», Երևան, 1951, էջ 6):

Հասնելով Կիլիկիա, նա մանրամասն ներկայացնում է Կիլիկիայի առևտրական քաղաքները: Գրում է, թե Կիլիկյան Հայաստանը հատկապես առևտրական ի՞նչ հումքերով էր հայտնի աշխարհում.
«Այս նահանգում կա մեծ ու լավ ծովափնյա մի քաղաք Լայաս (Այաս) անունով, որն աշխույժ առևտրական կենտրոն է, քանզի իմացա՛ծ եղեք, որ Եփրատից եկող բոլոր համեմունքներն ու ամբողջ կերպասեղենը բերվում են այս քաղաք, ինչպես նաև ուրիշ արժեքավոր ապրանքներ: Այստեղ բամբակի առատություն է: Եվ Վենետիկից, Պիզայից ու Ջենովայից և ցամաքի խորքերից բոլոր վաճառականները գալիս են այստեղ՝ առք ու վաճառքի, և այստեղ ունեին նաև իրենց պահեստները»: (Մարկո Պոլո «Աշխարհի նկարագրությունը. հրաշքների գիրքը», Երևան, 2018, էջ 45):
Խոսելով Կիլիկիայի մասին, Մարկո Պոլոն իր գրքում գրում է նաև միջնադարյան Հայաստանի մասին: Կիլիկիայի նման ևս ճանապարհորդը նկարագրությունից զատ տալիս է նաև, թե այդ շրջանում ինչով էր Հայաստանը հայտնի համաշխարհային առևտրական քարտեզում.

«Մեծ Հայաստանը շատ մեծ նահանգ է: Ամենուրեք նույն լեզուն է՝ մյուս նահանգներից տարբեր, բայց մնացած ամեն ինչով նման է Փոքր Հայաստանին, չհաշված, որ ավելի մեծ է թե՛ տարածքով, թե՛ մարզերի քանակով: Այն սկիզբ է առնում Արսինգա (Երզնկա) կոչվող քաղաքից, որտեղ արտադրվում է աշխարհի ամենալավ բոքրանը (կոշտ կտավ, թանկարժեք բեհեզ), քանզի դրա լավագույն վարպետներն այնտեղ են: Այնտեղ է ամենալավ ու գեղեցիկ բամբակը, և կան շատ ուրիշ արհեստներ, որոնք բոլորն այստեղ թվարկել չենք կարող: Մյուս քաղաքներից են Արզիրոնը (Կարին), որը շատ մեծ է, և որտեղ մեծ քանակությամբ արծաթ է արդյունահանվում, և Արշիշին (Արճեշ)» (Նույն տեղում, էջ 48):

Ճանապարհորդը նկարագրում է նաև Հայաստանի Եվրոպա ուղարկվող այլ ապրանքների, ինչպես նաև Կիլիկիայում առևտուր անող օտարազգիների մասին.
«Հայաստանից Եվրոպա էին ուղարկվում շատ թանկագին ապրանքներ, հատկապես գորգեր, այծի մազ, անտառանյութ, չորացած մրգեր և այլն: Հայտնի էր նաև Տավրոսի երկաթը: Հայաստանը հայտնի էր նաև իր ձիերով և ջորիներով: Կիլիկիայում շատ կային հատկապես ջենովացի վաճառականներ, որոնց Լևոն Երկրորդ թագավորը մեծ արտոնություն էր շնորհել»: (Ավետիսյան Կ., «Անվանի աշխարհագրագետ ճանապարհորդներ», էջ 7):

Մարկո Պոլոն 17 տարի ապրեց Չինաստանում և 7 տարի էլ ճանապարհորդեց: Նա Չինաստանից Եվրոպա բերեց վառոդը և կողմնացույցը, ինչպես նաև հանդիպեց և տեսավ, թե ինչպես են գործածում քարածուխը: Նա բացառիկ է նաև մեզ՝ հայերիս համար, քանի որ նրա ուղեգրությունները ցույց են տալիս, թե ինչպիսի զարգացած ու միջազգային համբավ ունեցող երկիր էր միջնադարյան Հայաստանը, որը համաշխարհային առևտրական ուղիների խաչմերուկում էր: Պատմական այս փաստերը, տեղեկություններն ընդգծում են, որ ազգային շահն առաջ տանելով՝ հայերը դեռևս դարեր առաջ կարողացան իրենց հստակ դիրքն ու տեղն ունենալ միջնադարի տնտեսական ու առևտրական աշխարհում:
Զ. Շուշեցի

