Ո՞վ էր ասում՝ ընտրություններից հետո կգնամ ու տեղում կլուծեմ բոլոր հարցերը. դե գնա՛
Ընտրություններից առաջ իշխանությունները հույս էին տալիս գյուղացիներին ու գյուղմթերք արտադրողներին, որ ոչ միայն չարտահանվող բիբարի ու ծաղկի փողը կտան, այլև ընտրություններից հետո շատ արագ կլուծեն Ռուսաստանի հետ սրված հարաբերությունները, կվերաբացեն ռուսական շուկան հայկական ապրանքների համար։
«Ես ունեմ բավարար լծակներ, որ ընտրություններից հետո ձեր վստահությանն արժանանալու դեպքում, կգնամ ու հարցերը տեղում կլուծեմ»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։
Ընտրություններն ավարտվեցին, սակայն ռուսական շուկան շարունակում է փակված մնալ։ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը գնաց ու տեղում լուծեց հայկական գյուղմթերքի արտահանման հարցերը, ո՛չ էլ որևէ մեկը։
Էկոնոմիկայի նախարարը, ով համակարգում է գյուղատնտեսության ոլորտն ու հիմնական պատասխանատուներից մեկն է, որ ֆիտոսանիտարական նորմերի խախտման և այլ պատճառներով հայկական գյուղմթերքը բախվել է ռուսական շուկայի արտահանման պատնեշին, հայտարարում է, թե հունիս-հուլիս ամիսներին նախնական նախատեսում է 1-2 այց կատարել Ռուսաստան՝ տարբեր միջոցառումների մասնակցելու համար։ Այդ միջոցառումների շրջանակներում էլ ակնկալում է «ձեռքի հետ» քննարկել ռուսական շուկայում հայկական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները։
Տպավորություն է, որ իշխանությունները ձեռքները լվացել են։ Հույսները կտրել են, որ ռուսական շուկան շուտով կբացվի հայկական ապրանքների համար։ Ու մինչ այն շարունակում է փակ մնալ՝ տուժում է Հայաստանի տնտեսությունն ու գյուղմթերք արտադրողը։ Այլ շուկաներ մտնելու հեռանկարները հուսադրող չեն, որքան էլ կառավարությունը փողեր է խոստանում արտահանողներին։
Փաստի առաջ են կանգնեցրել գյուղմթերք արտադրող-արտահանողներին ու հիմա պետության հաշվին պատրաստվում են փակել իրենց պատճառով հասցված վնասները։ Բյուջեից գումարներ են տալիս։
Ջերմոցային լոլիկի, բիբարի, ելակի ու ծաղկի արտահանման սուբսիդավորման գինը գնահատել են 1.9 մլրդ դրամ։ 3.9 մլրդ դրամ էլ գնահատել են ծիրանի, կեռասի, սալորի, գինու, բրենդիի ու հանքային ջրերի արտահանումը սուբսիդավորելու գինը։ Ընդհանուր առմամբ 5.8 մլրդ դրամ կամ ավելի քան 15 մլն դոլար։
Սա այն վնասն է, որն իշխանությունների պատճառով կարող է կրել պետությունը՝ 1 ամսում նշված ապրանքների արտահանումը սուբսիդավորելու համար։
Այդ գումարը ո՛չ իրենց տնից, ո՛չ էլ իրենց գրպանից են տալու, տալու են հարկատուների ու քաղաքացիների վճարած հարկերից։ Եթե այս իրավիճակը սարքած չլինեին, այդ գումարները վճարելու ու փոխհատուցում տալու խնդիր էլ չէր առաջանա, ինչպես նախկինում չէր առաջանում։
Սա իշխանությունների «փայլուն» կառավարման հետևանք է, որի բեռը կրելու է պետական բյուջեն։ Այդ գումարները կարող էին գնալ այլ ծրագրերի, այդ թվում՝ սոցիալական ծրագրերի, նաև գյուղատնտեսությունը զարգացնելուն ուղղված ծրագրերի իրականացմանը, բայց պատրաստվում են ծախսել մի բանի վրա, որի համար կարող էին չծախսել, եթե մի քիչ հաշվետու լինեին իրենց արարքների հանդեպ։
Իշխանության արկածախնդրությունը պետության վրա կարող է ամսական տասնյակ-միլիոնավոր դոլարներ արժենալ։ Բայց անգամ դա չի երաշխավորում, որ հայկական գյուղմթերքը կարտահանվի ու կկարողանա տեղավորվել այլ երկրների շուկաներում։ Մինչև հիմա աջակցության ծրագրերով կամ դրանցից դուրս որոշ սիմվոլիկ արտահանումներ արվել են առանձին երկրներ, սակայն դրանք բավարար չեն այդ շուկաներում հաստատվելու ու երկարաժամկետ տեղ զբաղեցնելու համար։
Մատակարարումների այն ծավալը, որը կար ռուսական շուկայում, որևէ այլ շուկայում տեղի չի ունենում, անգամ այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց, երբեմն՝ անգամ բավական մեծ գումարի, սուբսիդավորում տրամադրել։
Կարծում են՝ միայն սուբսիդավորումով բոլոր խնդիրները կլուծվեն։ Փաստը ցույց է տալիս, որ այդպես չէ։ Մյուս բոլոր խնդիրներն անգամ մի կողմ թողնելու պարագայում կա մի էական խոչընդոտ՝ հայկական գյուղմթերքն այդ շուկաներում ճանաչելիություն չունի։ Իսկ դրան անհնարին է հասնել 1 օրում, 1 ամսում, անգամ 1 տարում։ Ոչ մի եվրոպացի չինովնիկ չի կարող այդ խնդիրը կարճ ժամանակում լուծել։ Այն հավաստիացումները, որ՝ կօգնենք, կաջակցենք, կհեշտացնենք Հայաստանի առևտուրը հարևանների ու Եվրոպայի հետ, ձևականություններ են։
Մինչև հիմա տեսել ենք, թե ինչպես են աջակցել ու օգնել։ Տարիներ շարունակ նույն եվրոպաշտոնյաները նույն ֆինանսական օգնության փաթեթը տարբեր ձևերով ծախում են Հայաստանի քաղաքացիների վրա։ Օգնություն կոչվածն էլ հիմնականում վարկեր են, երբեմն էլ՝ առևտրային թանկ վարկեր։ Բայց անգամ այդ գումարները ժամանակին տեղ չեն հասնում։ 2021թ. սկսած հնգամյա ներդրումային ծրագիր են խոստացել 2.6 մլրդ եվրոյի շրջանակներում, մինչև հիմա մի քանի հարյուր միլիոնի ծրագրեր են արել, այն էլ՝ վարկերով։ Որոշ անհատույց օժանդակություններ տրամադրել են, բայց հիմնականում քաղաքական նպատակներով։
Ինչքան նախկինում նախատեսված այս ծրագրերն են իրականացրել ու իրականացնում, այնքան էլ հիմա կօժանդակեն հայկական գյուղմթերքը հարևան երկրներում ու եվրոպական շուկաներում իրացնելուն։
Ընտրություններից առաջ, երբ հայտնի դարձավ, որ փակվել է ռուսական շուկան հայկական գյուղմթերքի համար, իշխանության իրենց հովանավորյալներին աջակցելու նպատակով շտապեցին հայտարարել, թե 50 մլն եվրոյի օժանդակություն են տրամադրում։
Այդպես էլ հայտնի չդարձավ, այդ օժանդակությունը տեղ հասա՞վ, թե՞ նախորդների նման դեռ ճանապարհին է։
Այսպիսի «օժանդակություններով» հայկական գյուղմթերքը երբեք էլ եվրոպական շուկաներում տեղ չի կարողանալու գտնել։ Հիշո՞ւմ եք, թե Քովիդի համավարակի ժամանակ ինչպես էր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում հայկական ապրանքներով լցնել համաշխարհային շուկայում՝ մատակարարումների շղթաների խաթարման հետևանքով, բացված տեղերը։ Ինչքան այն ժամանակ հայկական ապրանքներով լցրեցին այդ բացերը, այնպես էլ հիմա հայկական գյուղմթերքով կնվաճեն եվրոպական ու այլ երկրների շուկաները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

