Հում ձուն, բղավելն ու շշուկով խոսելը՝ առողջությանը սպառնացող գործոններ

Ձայնալարերի, դրանք պահպանելու հիգիենայի և հնարավոր բարդությունների մասին զրուցել ենք ֆոնիատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Էլյա Մուրադյանի հետ։

– Ինչպե՞ս պահպանել ձայնը։

– Նրանք, ովքեր որպես գործիք՝ օգտագործում են ձայնը, ձայնալարերը, կոկորդը, պետք է շատ խիստ տիրապետեն ձայնի հիգիենային։ Այն ներառում է և՛ առողջ քունը, և՛ սննդակարգը։ Համերգներից, հաղորդումներից առաջ սնվելու հատուկ կարգ կա։ Կան նաև ճիշտ շնչառական ձայնավարժություններ, որոնք ձայնը պատրաստում են գերծանրաբեռնվածության, ինչը կարևոր է և ցավոտ թեմա է Հայաստանում։ Պետք է ժամանակին հասկանալ, որ անհրաժեշտ է դիմել բժշկի, որպեսզի էլ ավելի չվնասենք մեր ձայնալարերը։

– Մի քանի ժամվա ընթացքում հնարավո՞ր է կարգավորել ձայնի հետ կապված խնդիրը։

Կարդացեք նաև

– Այո, գոյություն ունեն պրոցեդուրաներ, որ ներմուծվում են հենց ձայնալարերի վրա, այդ պահին ակտիվացնում են ձայնալարերը, որպեսզի կարողանան ելույթ ունենալ, բայց դա բուժում չէ։

Հիմնական ամենամեծ և ցավալի գործոնը սխալ ձայնարտաբերումն է՝ ոչ բավարար ժամանակ տրամադրելը նախավարժանքին։

– Գոյություն ունի նաև ձայնալարերի հոգնածություն եզրույթը, դա ո՞րն է։

– Երբ անընդմեջ ելույթներ են ունենում՝ հատկապես երգիչները, կարևոր է լռելը, որպեսզի վերականգնվեն։ Մեր կոկորդ-ձայնալարը մկան-կապանային համակարգ է, այսինքն՝ ինչպես մարզում ենք որովայնի առաջնային պատի մկանները՝ բիցեպսը, այնպես էլ ձայնի մասնագետները մարզում են իրենց կոկորդի մկանները։

Մեր ձայնալարերը գտնվում են շատ օրգան-համակարգերի խաչմերուկում․ նյարդային, էնդոկրին, ստամոքս-աղիքային, շնչառական, քիթ-կոկորդ։ Որպես առաջին ախտանշան՝ բոլոր օրգան-համակարգերը կարող են բերել ձայնի փոփոխության։ Երբեմն հոգեբանական մեծ սթրեսի դեպքում ունենում ենք ձայնի կորուստ։

– Ո՞ր օրգանների խնդիրներն են հանգեցնում ձայնի կորստի։

– Հիմնականում նյարդային համակարգի, հոգեբանական սթրեսի ժամանակ է լինում ձայնի լրիվ կորուստ, ինչպես նաև սուր-շնչառական վարակների դեպքում։

Լարինգիտը ձայնի կորստի հիվանդությո՞ւն է։

– Լարինգիտ նշանակում է՝ ձայնալարերի բորբոքում։ Կարող է լինել սուր և քրոնիկ, օրգանական, ֆունկցիոնալ։ Բուժումը դեղորայքային և վիրահատական է, եթե կան պոլիպներ, կիստաներ։

Լարինգիտի գլխավոր ախտանշանը ձայնի խռպոտությունն է, փոփոխությունը։

– Բնորո՞շ է նաև արյունային հազը։

– Կարող է լինել՝ հիմնականում նորագոյացությունների դեպքում։

Ինչպե՞ս հասկանալ, որ ձայնալարերի հետ կապված խնդիր կաև հում ձուն կարո՞ղ է օգնել։

– Հում ձու խմելն իրականում ամենամեծ միֆն է, որը եղել է միշտ, հիմա էլ բուժառուներ կան, որ օգտագործում են, և ոչ մի ձև չի ստացվում համոզել, որ ճիշտ չէ։ Միակ էֆեկտը, որ տալիս է հում ձուն, դա ձայնալարերի կամ կոկորդի լորձաթաղանթը խոնավեցնելն է։ Բայց հում ձու խմելով՝ կարող ենք վարակվել սալմոնելոզով, ինչը խնդիրներ կառաջացնի և ոչ մի օգուտ չի տա։

– Երբ վատառողջ են լինում՝ ասում են, տաք հեղուկ խմեք՝ «վառելով» գնա, կլավանաք։ Տաք հեղուկը վնասո՞ւմ  է ձայնալարը։

– Տաք հեղուկը չի հասնի ձայնալարերին, բայց ճանապարհին լորձաթաղանթը կվնասի, ինչը կբարդացնի վերականգնվելու շրջանը։ Կհորդորեմ ավելի գոլ հեղուկներ օգտագործել. ոչ շատ տաք, ոչ շատ սառը։

Մի՞ֆ է, թե՞ իրականություն, երբ ասում են, որ եթե երեխան ծնվել է փաթաթված պորտալարով՝ մեխանիկորեն ցածր է խոսում հետագայում։

– Ծնվելիս արդեն մեր ձայնալարերը զարգացած են։ Առաջին ճիչը նշանակում է, որ ունենք ձայնալարեր, որոնք հպվում են իրար։ Հիպոքսիան կարող է բերել ավելի ցածր ձայնի, որը կարելի է շտկել վարժություններով։

Վտանգավո՞ր է շշուկով խոսելը։

– Ոչ թե վտանգավոր է, այլ կարող է հանգեցնել բուժման ավելի երկար պրոցեսի, քանի որ մեր ձայնալարերը ծույլ օրգաններ են (շշուկի ժամանակ աշխատում է այլ մկան՝ կեղծ ձայնալարերը), և եթե կեղծն իրենց փոխարեն աշխատում է, վերականգնվելու պրոցեսը կամ երկարում է, կամ ձայնի խռպոտություն է լինում, ու երկար պետք է աշխատենք ՝մկաններն իրենց տեղում դասավորելու համար։

Մի քանի կարևոր կանոն կնշե՞ք՝ ձայնի հիգիենային հետևելու համար։

– Շատ չգոռալ։ Մենք սովոր ենք սենյակից սենյակ իրար գոռալով կանչել։ Խորհուրդ կտամ առաջինը դա չանել, շատ ջուր խմել, փորձել առողջ, բալանսավորված սնվել, բավականաչափ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր օգտագործել։ Երեկոյան շատ ուշ չսնվել, քանի որ, երբ ունենք ստամոքսահյութի արտանետում դեպի ավելի վեր գտնվող օրգաններ, դա կխանգարի մեր առավոտյան ձայնին։

– Ձայնալարերի հետ կապված խնդիրը երեխաների դեպքում ինչո՞վ է պայմանավորված լինում։

– Երեխաների դեպքում հաճախ հանդիպում են ձայնալարերի հանգույցներ, հատկապես նրանց մոտ, ովքեր շատ են գոռում, շատ լացկան են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930