Եվրասիական տնտեսական միությունը պատրաստվում է նվազեցնել ռոումինգի ծախսերը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կապի օպերատորների հետ համատեղ աշխատանք է տանում՝ 2028 թվականից անդամ պետությունների տարածքում ռոումինգում ձայնային կապի ծառայությունների համար արդար սակագներ ներդնելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։
Արդար սակագների ներդրման աշխատանքներում Հանձնաժողովը հիմնվում է Միութենական պետության փորձի վրա, որտեղ արդեն 2020 թվականի նոյեմբերի 1-ից բելառուսական և ռուսական բջջային կապի օպերատորները իրենց բաժանորդների համար ռոումինգի սակագները Միութենական պետության տարածքում նվազեցրել են մինչև 90%-ով։
«Միութենական պետության փորձը լավ օրինակ է և այս ոլորտում համագործակցության ակնառու արդյունք։ Մենք ձգտում ենք այն տարածել ամբողջ Եվրասիական տնտեսական միության վրա», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը։
Ներկայումս Հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համատեղ մշակում է ռոումինգային զանգերի համար միջազգային ինտերկոնեկտի (միջցանցային փոխկապակցման) դրույքաչափերի և օպերատորների միջև ռոումինգային սակագների մակարդակը։ Այս աշխատանքը պետք է հանգեցնի այնպիսի սակագների սահմանմանը, որոնք հնարավորինս մոտ կլինեն «տնային» (ներքին ցանցում գործող) սակագներին։

