Սևան. անցյալի փորձարկումների հնօրյա հետևանքներն ու նոր մարտահրավերները. Լեռնային լճի ջրային հոսքերի վերաբաշխումը կարող է դառնալ հայ-ադրբեջանական բանակցային սյուժեներից մեկը

90 տարի առաջ՝ 1935-1936 թվականներին, Հայկական ԽՍՀ-ում մեկնարկեցին Սևանի հյուսիս-արևմտյան ջրատարածքից հոսող Հրազդանի հունում հողահեռացման աշխատանքները: Միաժամանակ սկսվել է լճից դուրս եկող ոռոգման ջրանցքների ճյուղավորված ցանցի կառուցումը դեպի Արարատյան դաշտ և հարակից որոշ շրջաններ։ Այնուհետև 1960-ականների սկզբին Հրազդանում կառուցվեց վեց ՀԷԿ-երից բաղկացած կասկադ՝ հիմնականում ստորգետնյա (դերիվացիոն)։ Ջուրը հոսում էր ոչ թե ջրամբարից դեպի տուրբոագրեգատների շեղբեր, այլ անմիջապես գետից դեպի հորատված ուղղահայաց հանք, որի հատակին տուրբիններ էին։ Առաջին կայարանում աշխատելուց հետո 5 կիլոմետրանոց ստորգետնյա թունելով ջուրը մատակարարվում էր կասկադի հաջորդ կայարան, և այլն։

Սակայն հողագործության և կոմունալ-կենցաղային մատակարարման համար Սևանից կառուցված մելիորատիվ ջրանցքներից և ջրահեռացումներից ջուրը շուտով դարձավ բոլորովին ոչ պիտանի՝ աղակալված և ալկալիական։ Անհրաժեշտ էր մաքրել այն, աղազերծել և (կամ) վերականգնել լճի հատակը։ Այս աշխատանքների որոշ տեսակներով սկզբնական շրջանում զբաղվում էին, սակայն շուտով այդ ամենը համարվեց ծախսատար և քիչ արդյունավետ։ Դրան հաջորդեց հիդրոէներգետիկայի ճահճացումը, քանի որ Սևանի մակարդակը որքան ավելի էր իջնում, այնքան ջրի ճնշումը նվազում էր էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Ըստ այդմ, Հրազդանի ՀԷԿ-երի կասկադի վերջին ՀԷԿ-երը, որոնք գտնվում էին լճից հեռու, սկսեցին պարբերաբար կանգ առնել 1950-ականների երկրորդ կեսին և ավելի ուշ:

1930-ական և 1940-ական թվականներին լճի ջրի մակարդակի և ծավալի արհեստական ​​իջեցման պատճառով հիդրոքիմիական հավասարակշռության խախտումը հանգեցրեց էվտրոֆիկ պրոցեսների կտրուկ աճի (Էվտրոֆիկացում (ճահճացում)՝ ջրամբարների հարստացում կենսածին տարրերով, ինչն ուղեկցվում է ջրային ավազանների կենսաբանական արտադրողականության աճով): Հետագայում ջրիմուռների կենսազանգվածը (մոտավորապես 20 անգամ) և ընդհանուր ազոտի պարունակությունը (մոտավորապես 30 անգամ) կտրուկ աճեցին, ընդ որում, մեծ քանակությամբ ազոտ տեղափոխվեց հատակային նստվածքներից դեպի ջուր: Առաջին անգամ գրանցվեց լճի «ծաղկում», մի երևույթ, որը շարունակում է պարբերաբար դիտվել մինչ օրս:

Սևանի մակարդակի իջեցման սյուժեն տեղ է գտել է նաև խորհրդային գրականության մեջ։ Օրինակ՝ Մարիետա Շահինյանը հիշատակում է այդ մասին «Գրողի օրագրում» գրքում. «Նոյեմբերի 20-ին։ Երկուշաբթի։ Մենք շատ վաղ արթնացանք, արագ հագնվեցինք, և մինչ Գերասիմ Իվանովիչը գնում էր հետախուզության, Ժենյայի հետ վազեցինք դեպի Սևան։ Մարտունին՝ մեծ, լայնորեն ցրված մարզկենտրոնը, նախկինում գտնվում էր լճի մոտ։ Հիմա այն զգալիորեն հեռացել է նրանից, քանի որ Սևանի ջրերը նահանջում են՝ բացահայտելով ավելի ու ավելի շատ ցամաքի մաս։ Մենք փորձեցինք հասնել ջրին այս ցեխոտ, անհարթ, անկայուն գետնի վրայով, բայց չհասանք նրան»։

Կարդացեք նաև

Իր «Ճամփորդությունը Խորհրդային Հայաստանում» գրքում գրողը հետևյալ կերպ է բացատրում ոռոգման համակարգի կառուցումը. «Սևանի ջրերի մակարդակի իջեցման մասին հայ ժողովուրդը խոսում է մեծ ցավով։ Եվ դա բնական է։ Չի կարելի առանց դառնության զգացողության տարեցտարի տեսնել աշխարհի ամենագեղեցիկ լճերից մեկի՝ հայկական հողի այս գեղեցկուհու ցամաքումն ու ափերից հեռացումը: Բայց փորձենք մտովի քայլել դեպի հանրապետության ողջ տարածքը, նույն Սևանի ափերը։

Նրա ջուրը, որը միայնակ գոյություն ուներ ծովի մակարդակից երկու հազար մետր բարձրության վրա, դուրս եկավ իր ծույլ անգործությունից և այժմ շնչում է ամենուր՝ ողջ երկրով մեկ՝ նրա հարթավայրերից վտարելով անապատի չոր, անկենդան կյանքը։ Ամեն քայլափոխի կարող եք կրկնել. Չէ՞ որ սա Սևանի գործողությունն է, Սևանի շունչը»։ Երկու անգամ Սևանի վերահաս ամբողջական ցամաքեցման մասին խոսում է նաև Բորիս Պիլնյակը «Պղուղների հասունացում» գրքում: «…Սևանա լիճը կիջեցվի լեռներից, նոր յոթ լճերով կսփռվի Հայաստանով մեկ՝ ոռոգելով հայկական անապատները և էլեկտրաէներգիա հասցնելով Հանրապետությունների Անդրկովկասյան Դաշնությանը»։ «Լճում ջրի մակարդակն ընկել է տասնչորս մետրով, մի տխուր, սև-դարչնագույն դաշտավայր է հայտնվել այնտեղ, որտեղ կանգնած էր լճի ջուրը։ Լիճը հեռանում է քարե թասից։ Էլեկտրականության լույսով ողողված Հայաստանը սգում է կործանվող Սևանի համար»,- 1967 թվականին սրտացավ գրում էր Վասիլի Գրոսմանը (Павлова Л., Романова И. Севан в русской литературе // Русская филология: ученые записки Смоленского государственного университета. 2024. № 24.)։

Լճի մակարդակի իջեցման հակառակ կողմը դարձավ տեխնիկական առաջընթացը, որի մասին գրում է Մ. Շահինյանը. «Սևանի ջրերի հոսքի վրա վեր են հառնում մի քանի հիդրոկայաններ։ Ներքևում՝ հենց լճի մեջ, կառուցվել է ստորգետնյա լճային կայանը։ Վերևում՝ հզոր Քանաքեռ ՀԷԿ-ը»։ Երբ ամբողջ Սևան-Զանգվյան կասկադը միանգամից և ամբողջությամբ աշխատի, դրա հզորությունը կհասնի մի քանի հարյուր հազար կիլովատտի, իսկ Հայաստանի չոր դաշտեր տարեկան կհոսեն հարյուր-միլիոնավոր խորանարդ մետր ջուր։ Երկիրը կըմպի այս ջուրը: Եվ մենք նույնիսկ մեր երազներում հիմա չենք կարող պատկերացնել, թե ինչ բնապատկերներ են բացվելու մեր ծոռների և այդ ծոռների զավակների աչքերի առաջ»։ «Էլեկտրականությունն ամենուր է՝ այն շարժիչների, էլեկտրագնացքների շարժման մեջ է, այն երաժշտության մեջ է, կինոդրամայի կադրերում, Արագածի վրա հեռադիտակների սահուն պտույտի մեջ։ Սևանն այրում է իր կապույտ մարմինը, այն վերածում լույսի և ջերմության»,- պատկերավոր արտահայտվում է Վ. Գրոսմանը (նույն տեղում)։

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման նպատակով լճի ջրի մակարդակի բարձրացմանը զուգընթաց (1981 թվականից շահագործվում է Արփա-Սևան թունելը, որով տարեկան Արփա գետով տեղափոխվում է շուրջ 250 մլն խմ ջուր) իրականացվում են որոշ բնապահպանական միջոցառումներ, որոնք դեռևս չեն հանգեցնում լճի ջրային էկոհամակարգի էական փոփոխությունների և վերականգնման (Маргарян Л. и др. Оценка антропогенных нагрузок на экологическое состояние озера Севан // в сб.: Архитектура многополярного мира в XXI веке: экология, экономика, геополитика, культура и образование. Сборник материалов IХ Международной научно-практической конференции. Биробиджан, 2024.): 1950-ականների կեսերին Սևանի մակարդակն իջավ 12 մետրով, ինչը հանգեցրեց ափամերձ գծի նահանջին 300 կամ նույնիսկ 800 մետրով, բայց տեղ-տեղ՝ մի քանի կիլոմետրով: Անհետացան կամ սկսեցին ճահճանալ շատ լճային ծոցեր, Սևանավանք հինավուրց վանքով կղզին դարձավ թերակղզի։

Այստեղ կեղտաջրերի պարբերաբար խոշոր արտահոսքերի հետ մեկտեղ, ջրի մակարդակի իջեցմամբ Սևանում թթվածինը նվազեց, սկսվեցին մինչ օրս շարունակվող ծաղկումները ծանծաղուտներում, բարձրացան ափամերձ ճահճացման տեմպերը, և այլն: Նաև, ըստ էության, վրա հասավ ձկնաբուծության փլուզումը։ Հայտնի Սևանի իշխանը գրեթե դադարեց ձվադրել: Այնինչ, Սևանի ջրի մակարդակը 1957 թվականին նվազել էր ընդամենը 12 մետրով՝ պլանավորվածի մեկ քառորդով»։

1930-ականների երկրորդ կեսին և 1940-ականների վերջին Սևանից ագրոմելիորատիվ ցանցի ստեղծման նախաձեռնողներից մեկն Անաստաս Միկոյանն էր։ Խորհրդանշական է, որ 1957 թվականին Սևանից ամենաերկար (ավելի քան 40 կմ) Հարավային մելիորատիվ ջրանցքի վերջի մոտ գտնվող Միկոյան քաղաքին վերադարձվեց Եղեգնաձոր նախկին անվանումը:

1975 թվականին տեխնիկական գիտությունների դոկտոր Գ. Կ. Գաբրիելյանը կանխատեսել էր Հայաստանի քաղաքների «անխուսափելի» ջրամատակարարումը հենց Սևանի ջրով: «…Այժմ միտում կա լճի մակարդակը բարձրացնել 3-4 մետրով: Այդ դեպքում անհրաժեշտ կլինի ջրեր տեղափոխել նաև այլ ավազաններից», ինչը նախատեսվում էր անել 1970-ական թվականների կեսերին-վերջում Արաքսի միջին հոսանքի վտակներից կամ Կուրի ադրբեջանական միջին հոսանքից, «կամ էլ քիչ ջուր բաց թողնել լճից: Սա էլ ավելի կնվազեցնի հանքայնացումը (միներալիզացիան), այդ թվում՝ աղայինը (այն բարձրացել էր 1960-ականներից սկսած՝ ջրի մակարդակի իջեցման և հիշատակված ջրամատակարարման նախագծերի պատճառով Սևանի ճահճացման հետևանքով), ինչը բարենպաստ գործոն է այս ջրերի տնտեսական օգտագործման մեջ ոչ միայն ոռոգման, այլև կոմունալ տնտեսության համար: Ներկայում Խորհրդային Հայաստանի քաղաքների և, մասնավորապես, Երևան քաղաքի ջրամատակարարումը խնդրահարույց է: Սևանա լճի ջրի հանքայնացման շարունակական նվազման դեպքում կես դար անց, ծայրահեղ դեպքում՝ 21-րդ դարի երկրորդ կեսին, հնարավոր կլինի Սևանի ջրերն օգտագործել։

Բարձրլեռնային լճի անբարենպաստ վիճակը բնավ էլ վերջին հերթին չէ, որ բխում է վերոնշյալ նախագծերից և միջոցառումներից՝ երկարաժամկետ և դժվար հաղթահարելի հետևանքներով: 2026 թվականի մայիսի վերջի դրությամբ Սևանում ջրի մակարդակը ծովի մակերևույթից մոտ 1900,49 մ է, ինչը մոտ 17 սմ-ով ցածր է 2025 թվականի մայիսի վերջի ցուցանիշներից: Տատանումները կապված են ջրի ակտիվ բացթողնման հետ՝ առաջին հերթին գյուղատնտեսական ոռոգման նպատակով, ինչը վտանգ է ստեղծում լճի համար։ Բնապահպանական իրավիճակն այստեղ այժմ պայմանավորված է երկու հիմնական գործոններով, այն է՝ ջրի մակարդակի կրիտիկական տատանումներով և լճի ակտիվ «ծաղկումով» (էվտրոֆիկացումով)՝ աղտոտման, ճահճացման և ջերմաստիճանի բարձրացման պատճառով: Բացի այդ, Գեղարքունիքի մարզում զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացումը, անհրաժեշտ մաքրման կայանների բացակայության դեպքում, հանգեցնում է կենսածին նյութերի (ազոտ և ֆոսֆոր) արտանետման մակարդակի բարձրացմանը:

Չի բացառվում, որ 2020-2023 թվականների իրադարձություններից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ նկատվող հայ-ադրբեջանական մերձեցումն այս կամ այն կերպ անդրադառնա նաև Սևանի ճակատագրի վրա։ Քաղցրահամ ջրի հասանելիության ընդլայնումը Բաքվի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթություններից է։ Ստանալով Սարսանգի ջրամբարը և Լեռնային Ղարաբաղի մյուս հիդրոէներգետիկ ռեսուրսները՝ Ադրբեջանը նախկինի պես կախված է հարևան պետություններից՝ անարդյունավետ կառավարման պատճառով կորցնելով առկա ջրի մինչև 50%-ը: Բաքուն քաղցրահամ ջուր ստանալու ցանկությունը ներկայացնում է որպես «պատմական արդարություն», նշում է հայկական խորհրդարանի նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

Վերջին տարիների դրամատիկ իրադարձությունների հետևում երբեմն թաքնված են ներքին գործընթացներ, որոնց իրական նպատակները մինչ այժմ թաքնված են մնում լայն հասարակությունից։

Վերջերս Իլհամ Ալիևը հանկարծ հայտարարեց, որ «չկա Սևանա լիճ, կա Գյոյչա», և հայերը չպետք է վախենան ադրբեջանցիների վերադարձից «իրենց պատմական հողերը ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»: Իր հերթին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ջրօգտագործման հարցերով հիմնովին զբաղվելու մտադրության մասին: «Առաջիկա հինգ տարիների ընթացքում ջրային հարցերը կդառնան մեր հինգ առաջնահերթություններից մեկը։ Ինչպես խաղաղության օրակարգը դարձավ մեր առաջնահերթությունը նախորդ ժամանակահատվածում, այնպես էլ հաջորդ հինգ տարիների ընթացքում ջրային հարցերը կդառնան բացարձակ առաջնահերթություն»։ Հատկանշական է, որ ապրիլի 29-ին կառավարության հերթական նիստի ժամանակ արված այս հայտարարության նախօրեին Աղվերանում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարման, ինչպես նաև տարանցիկ փոխադրումների հարցերը:

Բացառված չէ, որ հայաստանյան արտադրողների համար ռուսական սահմանափակումների հետևանքների մեղմացմանն ուղղված հնարավոր աջակցության դիմաց Բաքվում համապատասխան վճար պահանջեն, այդ թվում՝ «Գյոյչա լճի» ջրերով, ինչպես անվանում են Սևանը բաքվյան քարտեզներում։ Առայժմ լճից ջրառը վերահսկվում է Հայաստանի օրենսդրությամբ, սակայն, եթե Երևանում հարևանների առաջարկությամբ փոխեն երկրի հիմնական օրենքը, ապա ցանկացած այլ օրենքներում փոփոխություններ կատարելը դժվար չի լինի, առավել ևս, որ միշտ հնարավորություն կա հղում կատարել թուրք գործընկերների կառուցողական փորձին։

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

vpoanalytics.com

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930