Մոսկվայի հեռախոսային էթիկետը. ինչո՞ւ է Պուտինը զանգում Փաշինյանին ռուս պաշտոնական սպառնալիքների և տնտեսական սանկցիաների ֆոնին
Հայ-ռուսական հարաբերություններում ընթացող կտրուկ էսկալացիան և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների սուր հռետորաբանությունը վերջին օրերին ստացան արձանագրային նոր շրջադարձ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգը Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տոնի առթիվ, տեղի է ունենում երկկողմ հարաբերությունների աննախադեպ սառեցման և Մոսկվայի կողմից կիրառվող ուղղակի տնտեսական սանկցիաների ֆոնին։
Հեռախոսազանգը Փաշինյանի ծննդյան առիթով էր, հաղորդագրությունների համաձայն, ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ հղել։ «ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։ Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով»,- ասված էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում:
Ուշագրավն այն է, որ հեռախոսազանգը տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերություններում, մեղմ ասած, բավականին տագնապային զարգացումների ֆոնին, երբ ՌԴ պաշտոնատար անձինք ՀՀ իշխանություններին զգուշացնում են ԵՄ-ի ինտեգրացիայի և ԵԱՏՄ անդամակցության անհամատեղելիության մասին: Դա անում են նաև բավականին կոշտ բառամթերքով՝ Նիկոլ Փաշինյանին անվանելով «սրիկա», ինչն օրերս արեց Դմիտրի Մեդվեդևը: Զուգահեռաբար ռուսական կողմը սանկցիաներ է կիրառում հայկական ապրանքների նկատմամբ, արգելելով որոշների մուտքը ռուսական շուկա, որոշ դեպքերում՝ հայտնաբերելով խնդիրներ արտադրանքում, և այլն:
Օրերս էլ Աստանայում կայացած ԵԱՏՄ նիստի ավարտին հայտնի դարձավ, որ ԵԱՏՄ բոլոր ղեկավարները հայտարարությամբ անդրադարձել են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, Հայաստանի եվրաինտեգրացիոն ձգտումները համարելով ռիսկային ԵԱՏՄ երկրների համար: Դրանում ասվում էր. «Հաշվի առնելով Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելուն ուղղված քայլերը, այդ թվում՝ 2025 թվականին ՀՀ Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, ինչպես նաև 2026 թվականի մայիսի 5-ին կայացած Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում ԵՄ-ի կողմից Հայաստանի եվրոպական ձգտումների վերահաստատումը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար էական ռիսկերը, որոնք առաջանում են Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը միանալու նախապատրաստման հետ կապված, որոշվել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում կզեկուցեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին»։ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի Ղրղըզստանի նախագահները կարևորել են նաև հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնելու հարցը՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ։
Ռուսաստանի կողմից ճնշումների և Փաշինյանին ուղղված զանգի հակասությունը քաղաքական ու փորձագիտական շրջանակներում քննարկումների տեղիք է տվել, սակայն այն կարծես տեղավորվում է արտաքին քաղաքականության մեջ կիրառվող ասիմետրիկ ճնշումների և բարձր մակարդակի դիվանագիտական էթիկետի համադրման տրամաբանության մեջ։
Իրավիճակի քաղաքական կոնտեքստն առավել քան տագնապալի է։ Այս բազմաշերտ ճնշումների համակարգում Վլադիմիր Պուտինի զանգը հանդիսանում է հաղորդակցության վերջին կապուղին բաց պահելու և իրավիճակը կառավարելիության տիրույթում պահելու գործիք։ Ռուսաստանի ներկայիս ղեկավարի արտաքին քաղաքական ոճին ծանոթ վերլուծաբանները հաճախ են պնդում, որ Կրեմլի արտաքին քաղաքականության մեջ ընդունված է տարանջատել տեխնիկական, տնտեսական պատժամիջոցներն ու գործադիր մակարդակի կոշտ հռետորաբանությունը պետության ղեկավարի անձնական դիվանագիտությունից։
Նմանատիպ մարտավարություն Մոսկվան կիրառել է նաև 2016 թվականին Թուրքիայի հետ հարաբերությունների ծայրահեղ ճգնաժամի փուլում (զանգը Էրդողանին հեղաշրջման փորձից հետո) և 2020 թվականին Բելառուսի հետ «նավթագազային պատերազմի» ու քաղաքական հանրային վեճերի օրերին (Լուկաշենկոյի ծննդյան շնորհավորանքը)։ Այս նախադեպերը ցույց են տալիս, որ ՌԴ նախագահը պահպանում է արարողակարգային կապը՝ ճգնաժամի էսկալացիայի աստիճանը վերահսկելու և վերջին կապուղին պահպանելու համար։
Այս ամենի հետ մեկտեղ, այս հեռախոսազրույցն ամենևին չի նշանակում ռազմավարական նահանջ Մոսկվայի կողմից կամ ճգնաժամի հանգուցալուծում։ Ռուսաստանն անցել է պրագմատիկ կոշտության փուլի, և հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան առաջիկայում կախված է լինելու ոչ թե արարողակարգային ժեստերից, այլ դեկտեմբերին սպասվող ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից առաջ Երևանի քաղաքական ու տնտեսական մանևրների արդյունավետությունից։ Սակայն ՀՀ իշխանությունները բարձր են գնահատում այս զանգը, այն համարում արդյունավետ և ջերմ, մտածելով, որ բոլոր հարցերը կլուծվեն:
Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ ՌԴ նախագահի զանգին զուգահեռ՝ այսօր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով օրերս Փաշինյանին «սրիկա» էր անվանել, հրապարակավ զուգահեռ է անցկացրել Նիկոլ Փաշինյանի և Լև Տրոցկու միջև, ապա կարծիք հայտնել, թե ՀՀ-ն ցանկանում է վայելել ԵԱՏՄ-ի բոլոր առավելությունները՝ հմտորեն օգտվելով Ռուսաստանից և Միության մյուս երկրներից: Մեդվեդևը նաև հիշեցրել է, որ Տրոցկու փորձը՝ հետևելու նույն օրինաչափությանը, հանգեցրեց Բրեստ-Լիտովսկի խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց շատ ավելի խիստ պայմաններով: Եզրափակելով՝ Մեդվեդևն ընդգծել է, որ Լև Տրոցկու սեփական ոլորապտույտ ուղին ողբերգական ավարտ ունեցավ:
Մեդվեդևը կարծում է, որ նման մարտավարությունը կարող է վտանգավոր լինել հենց հայ առաջնորդի համար։ Պուտինի զանգի համատեքստում Մեդվեդևի այս հայտարարությունը ՌԴ-ից հերթական ուղիղ աշխարհաքաղաքական նախազգուշացումն է. մինչ ՌԴ նախագահը դիվանագիտական էթիկետի շրջանակում պահում է անձնական հաղորդակցության պատուհանը, Անվտանգության խորհրդի փոխնախագահն ակնարկում է, որ որոշումների ձգձգումը Տրոցկու նախադեպի նման կարող է Հայաստանի համար հանգեցնել շատ այլ հետևանքների։



