Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև:

● Անդրանիկ Թևանյանի վրա այնպիսի հոդված է դրված, որը ենթադրում է, որ դատական փակ նիստ պետք է տեղի ունենա: Որևէ փաստ՝ գաղտնիք հրապարակելու, առավել ևս՝ դավաճանության, գոյություն չունի: Ակնհայտ է, որ սա քաղաքական դատավարություն է: Մեր երկրում գաղտնիքներ չկան: Մեր անգամ ռազմական գաղտնիքները, հայկական բանակի մասին ամբողջական տեղեկություններն Ադրբեջանը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, մյուսներ ավելի շատ ունեն, քան Սուրեն Պապիկյանն ու Նիկոլ Փաշինյանը: Խնդրո առարկա նիստին 100-ից ավելի պատգամավորներ են եղել, աշխատակազմ, և այդ նիստին ոչ մի արտառոց բան չի հնչել. Քննարկվել են ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները, որոնք Ռուսաստանում են գտնվում, ինչպես նաև՝ սահմանազատման ու սահմանագծման հարցեր: Այնպես որ, որևէ գաղտնի բան այդտեղ չի եղել:

● Այս իշխանությունը Ռուսաստանին համարում է թշնամի երկիր: Եթե դու ձերբակալում ես որևէ մեկին ու նրան համարում լրտես, ուրեմն նշանակում է՝ գործ ունենք թշնամի երկրի հետ. էդ դեպքում դու ի՞նչ գործ ունես ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում ու ԵԱՏՄ-ում: Սրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ անգամ Շոյգուն է կոշտ հայտարարություններ անում:

Կարդացեք նաև

● Աստանայում Հայաստանի առաջ հարցն ուղիղ կդնեն՝ դուք հիմիկվանից որոշեք՝ ուր եք գնում, եթե որոշեք, որ գնում եք Եվրամիություն, ուրեմն ԵԱՏՄ շուկաները փակվում են ձեր առաջ:

● Ըստ էության հունիսի 7-ի ընտրությունները հանրաքվե են: Եթե հանրությունն ընտրում է այս իշխանությանը, ապա պետք է պատրաստ լինեն, որ մենք Ռուսաստանից գազ չենք ստանալու, որոշակի փշրանքներ Ադրբեջանի կստանանք՝ ռուսական գազի տեսքով: Գյուղերը թող պատրաստ լինեն, որ վատ են ապրելու:

● Ե՛վ Ռուսաստանից, և՛ Իրանից շատ բարձր մակարդակով հայտարարել են, որ TRIPP-ը չի աշխատելու, եթե իրենք այդ նախագծում ներգրավված չլինեն: Այլապես կհամարեն, որ այդ նախագիծն ուղղված է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ:

● Հայաստանում կլինի երաշխավորված խաղաղություն այն ժամանակ, երբ բոլոր շահագրգիռ երկրների շահերը համընկնեն, ու նրանք համաձայնության գան: Եթե այդպես չլինի, Հայաստանը կդառնա պատերազմի օջախ:

● 2020թ. պատերազմից հետո, երբ Արցախը դեռևս էթնիկ զտման չէր ենթարկվել, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, տարածաշրջանում Եվրամիության ու Պետդեպի պատասխանատուներն ասում էին՝ մեզ պետք է, որ տարածաշրջանից դուրս գան ռուս խաղաղապահները, որից հետո մենք կմտնենք Կենտրոնական Ասիա: Իսկ ով վերահսկում է Կենտրոնական Ասիան, աշխարհն է վերահսկում: Կենտրոնական Ասիա հնարավոր է դուրս գալ միայն Հարավային Կովկասով: Եվ Հայաստանին այս իշխանությունը մտցրել է այս պայքարի մեջ, իսկ այն լինելու է արյունահեղ:

● Եվրոպացիներն իրենց ջայլամի տեղ են դրել. իրենք շատ լավ գիտեն, որ գնում են ռուսական գազ, միայն թե՝ Ադրբեջանի միջոցով: Եվրոպան Ադրբեջանից շատ հպարտ ռուսական գազ է գնում թանկ գներով ու ուրախ-ուրախ հայտարարում, որ Ռուսաստանին դրել են սանկցիաների տակ: Արդյունքում՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը փող են աշխատում:

● Եթե ռուսական գազը փոխարինվի ադրբեջանականով, Հայաստանը կդառնա ադրբեջանական պրոտեկտորատ: Ադրբեջանն անգամ Թուրքիայի հետ մրցակցության մեջ է մտել Հայաստանի համար ու բացահայտ ասում է՝ սա իմ տարածքն է:

● Թուրքիայի բնակչությունն աճում է, բայց թուրքերն ասում են՝ իրենք ունեն դեմոգրաֆիական խնդիր, որովհետև մեծանում է քրդական բնակչության թվաքանակը, իսկ դա խնդիր է թուրքերի համար: Հիմա ուզում են Հայաստանը սեպ սարքել թուրքալեզու բնակչության արանքում, որ քրդերին վերցնեն շրջափակման մեջ: Քրդական հարցը լուրջ խնդիր է թուրքերի համար:

● Ես կարծում եմ՝ եղել է լոբբինգ, որ Մարկո Ռուբիոն գա Հայաստան ու ինչ-որ թուղթ ստորագրի այստեղ: Դա եղել է՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ՝ թուրքերի ու ադրբեջանցիների խնդրանքով, ինչպես նաև՝ սիոնիստ ավետարանականների խնդրանքով: Կա նաև «Աստծո ժողովուրդ» կոչվող կրոնական համայնք, որը շրջում էր Նիկոլ Փաշինյանի հետ տարբեր եկեղեցիներով այդ կեղծ պատարագների ընթացքում. ներդրված էին նրանց մեջ ու տարբեր տեղերում խոսում էին եկեղեցու նորոգումից:

● Վստահ եմ, որ Հայաստանի հետ իր հարաբերություններն ու գործողություններն ԱՄՆ-ը կոորդինացնում է նաև Ռուսաստանի հետ:

● Միացյալ Նահանգները կաշխատի ցանկացած ուժի հետ, որը կգա իշխանության: Հիշեք, որ Ալիևն ասում էր՝ մենք չենք ուզում պայմանագիր կնքել Նիկոլ Փաշինյանի հետ, այլ հայ ժողովրդի: Դրա համար Ադրբեջանում էլ են սպասում մեր ընտրություններին:

● TRIPP-ը մի հայտարարություն է, որի մեխանիզմները դեռ պարզ չեն: Նախնական պայմանավորվածությունները հստակ պայմանագրերի տեսք ունեն: Պետք չի, որ Հայաստանը հրաժարվի TRIPP-ից, բայց մանրամասները պետք է բանակցվեն: Եթե կողմերը շատանան, ու նրանց շահերը համընկնեն, սա կդառնա խաղաղության գոտի: Ապագա կառավարության խնդիրը պետք է լինի այդ նախագծում շատ կողմեր ներգրավելն ու Սյունիքն ու ողջ Հայաստանը դարձնել խաղաղության գոտի:

● Թուրքիայի հետ սահմանի բացումը կոչնչացնի մեր ողջ գյուղատնտեսությունը: Տնտեսական հարաբերությունների անվան տակ գործ ենք ունենալու Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ:

● Փաշինյանն այն անձնավորությունն է, ով վստահություն չունի ո՛չ Ռուսաստանում, ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ Եվրոպայում: Նրան լուրջ չեն ընդունում, գիտեն, որ ստախոս է: Բացի դրանից, նա Հայաստանի ներսում է կարմիր գծեր հատել: Այլ կարմիր գծեր կան, որոնց հատումը թույլ չի տալու, որ որևէ պարագայում Ռուսաստանը խոսի այս իշխանության հետ: Բոլոր դեպքերում այս մարդու ժամանակն անցել է, որովհետև նրա 2 ժամկետն անցել է, ու բացի ամեն ինչից, մարդիկ հոգնել են:

● Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են: Գուգլը որ իր քարտեզում տարածքների անվանում է փոխել, դա առանց այս իշխանության համաձայնության չէր կարող լինել: Սրանք ոչնչացնում են բարոյական բոլոր կոդեքսները, հարձակվել են եկեղեցու վրա, փոխում են զինանշանները, պառակտում Սփյուռքին, վերացրել են ներազգային համերաշխությունը: Սա իշխանության խնդիր չէ: Ես կոչ չեմ անում ձայն տալ միայն «Բարգավաճ Հայաստանին», կոչ եմ անում ձայն տալ անցողիկ ընդդիմադիր ուժերից որևէ մեկին, որովհետև սա հանրաքվե է մի գործընթացի մասին, որը եթե ձախողեցինք, մեզ՝ որպես ազգ, տանելու է վերացման: Սրանք ռեալ թվերն ունեն, պանիկայի ու հիստերիայի մեջ են, և կարծում եմ՝ վերջին շաբաթն ավելի հետաքրքիր պրոցեսներ կլինեն հանրային գիտակցության մեջ: Գործող վարչապետի հիստերիկ պահվածքը, կարծում եմ, մարդկանց կօգնի ճիշտ ընտրություն կատարել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031