ԵԱՏՄ-ն զգուշացնում է Երևանին․ ի՞նչ կհետևի ԵԱՏՄ ղեկավարների հայտարարությանը

Այսօր Աստանայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ ԵԱՏՄ ղեկավարները նախ բանակցություններ վարեցին նեղ կազմով, ապա ընդլայնված կազմով ամփոփեցին աշխատանքներն իրենց ելույթներով, միմյանց շնորհավորելով միության 12-ամյակի կապակցությամբ։ Սակայն  ԵԱՏՄ այս նիստի գլխավոր աշխարհաքաղաքական ինտրիգը  Հայաստանի՝ միությանը հետագա անդամակցության և տնտեսական ապագայի հարցն էր։ Ակնհայտորեն, սա այս նիստի ամենալարված հարցերից էր։  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաշվի առնելով Երևանի վերջին շրջանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության փորձերն ու մերձեցումը Բրյուսելի, Վաշինգտոնի հետ, մի քանի անգամ հորդորել է  Հայաստանին վերջնականապես կողմնորոշվել և ընտրություն կատարել երկու տարբեր ինտեգրացիոն մոդելների միջև։

Մոսկվայի կողմից հստակ ազդակ է հնչել առ այն, որ եվրոպական ստանդարտների որդեգրումը վաղ թե ուշ կհանգեցնի ԵԱՏՄ կանոնակարգերի հետ իրավական հակասությունների, և Հայաստանը չի կարողանա իր եվրաինտեգրման գործընթացն առաջ տանել Եվրասիական միության տնտեսական ու ֆինանսական արտոնությունների հաշվին։

ՀՀ իշխանություններն, ի պատասխան Ռուսաստանից հնչող բազմամակարդակ քննադատությունների, հայտարարում են՝ կշարունակեն մնալ ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, որքան այն չի հակասում ԵՄ ինտեգրացիայի գործընթացին։

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ թույլ չի տա Լուկաշենկոյին ԵԱՏՄ-ն օգտագործել Հայաստանի դեմ, քանի որ ԵԱՏՄ-ում ունի բավարար լծակներ, ինչպես նաև էական ազդեցություն։ Այս նիստին ընդառաջ Ռուսաստանը տարբեր՝ ամենաբարձր մակարդակներով հայտարարեց, որ Հայաստանի հարցը քննարկվելու է այս նիստին։ Եվ չնայած նիստի հրապարակային հատվածում որևէ ղեկավար չանդրադարձավ Հայաստանին, նիստից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ ԵԱՏՄ 4 ղեկավարները միացել են Հայաստանի վերաբերյալ հայտարարությանը և այն փոխանցել աշխատանքներին մասնակցող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Նա նաև հաղորդեց, որ հայտարարությունը հրապարակվելու է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում, այսինքն՝ հայտարարությունը եղել է ՌԴ նախագահի նախաձեռնությունը, որին միացել են ԵԱՏՄ մյուս ղեկավարները։ Ի դեպ, ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը տևել էր 2 ժամ, և, թերևս, հենց այս հատվածում էր ամենայն հավանականությամբ քննարկվել Հայաստանի հարցը։

Կարդացեք նաև

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նիստից հետո հայտարարեց, որ ԵՄ-ի հետ մերձեցմանը զուգընթաց՝ Հայաստանը վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն ԵԱՏՄ նորմերին ու կանոններին։ Ուստի, նրա խոսքով,  ԵԱՏՄ անդամակցությունն անհամատեղելի է ԵՄ-ի հետ։ «Եվ բացի այդ, կա ևս մեկ մեծ հարց. շարժվելով դեպի Եվրոպական միություն, ինչը Հայաստանի բացարձակ սուվերեն իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Նա պետք է դա անի սեփական միջոցների հաշվին։ Ամեն ինչ բացարձակապես հասկանալի է, թափանցիկ և պարզ»,- ասել է Պեսկովը։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն էլ հայտարարել էր, թե ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի վերաբերյալ Հայաստանի մտադրությունների հարցը սկզբունքային է:

«Իմ կարծիքով՝ այդ հարցը քննարկվելու է բարյացակամորեն։ Մյուս կողմից՝ հարցը սկզբունքորեն հետևյալն է. դուք ընտրում եք կա՛մ ԵԱՏՄ-ն, կա՛մ ԵՄ-ն։ ԵՄ-ն չափազանց երկար պատմություն է, շատ երկրներ են ցանկանում անդամակցել ԵՄ-ին, ԵՄ ընդունվելու պատմությունը տարիներ է ձգվում։ Իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է, որից հիմա հնարավոր չէ երես թեքել։ Այստեղ շատ բան է կախված Հայաստանից»,- ասել էր նա։ Լեբեդևի կարծիքով՝ Հայաստանում նույնպես գիտակցում են Եվրասիական տնտեսական միության նշանակությունը։

«Ուստի հիմա ԵԱՏՄ-ի հետ, ինչպես արդեն հայտարարել է և՛ [Հայաստանի վարչապետ Նիկոլ] Փաշինյանը, և՛ շատ այլ գործիչներ, ոչ ոք չի պատրաստվում կապերը խզել։ Հետևաբար, համագործակցությունը կշարունակվի։ Դե, իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ին, այնտեղ արդեն կտեսնենք»,- հավելել էր նա։

Այսպիսով, թեև Հայաստանի վերաբերյալ ընդունված հայտարարության բուն տեքստը դեռևս չի հանրայնացվել, նիստի կուլիսային տրամաբանությունը և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների սինխրոն հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել դրա հիմնական բովանդակությունը։ Ամենայն հավանականությամբ, փակ դռների հետևում համաձայնեցված փաստաթուղթն արտացոլում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների միասնական դիրքորոշումը Եվրասիական և Եվրոպական տնտեսական մոդելների սկզբունքային անհամատեղելիության վերաբերյալ։ Մոսկվայի համար այս փուլում չափազանց կարևոր էր խնդիրը դուրս բերել բացառապես հայ-ռուսական երկկողմ տարաձայնությունների հարթությունից և ցույց տալ, որ «երկու աթոռին նստելու» Երևանի մարտավարությունը մտահոգում է միության բոլոր հիմնադիրներին։

Մեզ հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ որպես առաջին քայլ՝ ռուսական կողմի համար կարևոր  նշանակություն ուներ գործընկեր մյուս երկրների աջակցությունը Հայաստանի ԵԱՏՄ ապագայի տեսլականի հարցում, քանի որ ստեղծված իրավիճակն աննախադեպ է ԵԱՏՄ-ի համար։

Ըստ նրա, եթե նախկինում հետսովետական տարածքում ՌԴ-ն առնչվել է այլ երկրների նմանատիպ շրջադարձերին, ապա գործել է միայնակ, քանի որ այդ երկրների հետ միությունների մաս չի կազմել։ Սա, վերլուծաբանի կարծիքով, առանձնահատուկ իրավիճակ է, երբ լինելով մեկ միության կազմում՝ երկիրն ընթանում է մեկ այլ միությանն ինտեգրվելու ճանապարհով։ Բացի այդ, վերլուծաբանը գտնում է, որ եթե Մինսկի դիրքորոշումը, հաշվի առնելով  Երևանի հետ ունեցած դիվանագիտական տարաձայնությունները, կանխատեսելի էր, ապա Աստանայի և Բիշքեկի կողմից ՌԴ-ի այս  մոտեցմանը միանալը կարևոր էր Ռուսաստանի համար, ինչը գուցե  նշանակում է, որ ԵԱՏՄ-ում ձևավորվել է կոնսենսուս, կամ ԵԱՏՄ-ն միասնական զգուշացում է անում Հայաստանին։

«Միության տնտեսական արտոնություններից, էժան էներգակիրներից և հսկայական շուկայից օգտվելը դիտարկվում է՝ որպես արտոնություն, որը դժվար է քաղաքականապես ընդունել ու համադրել  մի երկրի հետ, որն իրավական, քաղաքական և այլ մակարդակներում մոտենում է ԵՄ-ին, որը հակադրության մեջ է  ԵԱՏՄ-ի հետ։

Ռուսաստանը սրանով ցույց է տալիս վճռականությունը և այն, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության ապագայի հարցով կարող է ձևավորվել կոնսենսուս, որը պետք է լուրջ ընդունվի Հայաստանում։ Սրանով Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Երևանը դադարի մանևրել և հասկանա, որ ԵԱՏՄ-ում կարող են միասնական լինել այս հարցով։ Այնուամենայնիվ գտնում եմ, որ Հայաստանը կմանրևի այնքան երկար, որքան հնարավոր է։ Կարծում եմ՝ հայտարարությանը կլինի պաշտոնական արձագանք Հայաստանի Հանրապետությունից, որից հետո ԵԱՏՄ-ն կքննարկի հետագա հնարավորությունները։ Ակնհայտորեն, Հայաստանում վստահ են, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին կառույցից դուրս բերելու հարցը չի դարձնի քննարկման առարկա, քանի որ գործում է վետոյի իրավունքը, իսկ որոշումները կոնսենսուսով են կայացվում։ Սակայն ստեղծված իրավիճակում որևէ սցենար բացառել պետք չէ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031