Լևոն Զուրաբյան. «Կարող է մի օր իմանանք, որ մեր տներն էլ են վաճառել»

Նախօրեին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հաստատել էր «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ռուսական «Գազպրոմի» մասնաբաժինը 100% դարձնելու մասին բանակցությունների առկայությունը: ՀՀ Կառավարությանը պատկանող 20 տոկոսը «Գազպրոմին» վաճառելու քննարկումները, ըստ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ ոչ միայն մտահոգիչ են, այլև անհանգստացնող:

168.am-ի հետ զրույցում ՀԱԿ պատգամավորն ասաց, թե կորպորատիվ իրավունքի ցանկացած մասնագետ կարող է բացատրել՝ ի՞նչ է նշանակում՝ ունենալ 20 տոկոս բաժնեմաս: Նրա խոսքով` բաժնետեր լինելը կարևոր արտոնություններ է տալիս Հայաստանին. թույլ է տալիս վերահսկել ընկերության ֆինանսական գործունեությունը, որոշումների ընդունումը, ստանալ ինֆորմացիա բոլոր հարցերի շուրջ, մասնակցել բաժնետերերի տարեկան կամ եռամսյա ժողովներին, այսինքն` լիակատար ազդեցություն ունենալ քննարկվող կամ ընդունվող որոշումների վրա:

«Եթե այս ամենից Հայաստանը հրաժարվում է, զրկվում է այս բոլոր արտոնություններից: Հայաստանն այսուհետ ոչ դիվիդենտներ կարող է ստանալ, ոչ որոշումների վրա ազդել, ոչ ինֆորմացիա ստանալ: Սրանից ավելի ահավոր բան կա՞: Մանավանդ, երբ այս ամենին գումարենք, որ Հայաստանը նստած է Ռուսաստանից մատակարարվող գազի ասեղի վրա: Տնտեսական նման կարևոր գործունեության վերաբերյալ Հայաստանի կառավարությունը զրկվելու է կարևորագույն լծակներից: Սա քի՞չ է»,- ասաց Լ. Զուբարյանը:

Նա նաև հիշեցրեց, որ դեռևս հոկտեմբերի 1-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր գազի սակագնի բարձրացման մասին, մասնավորապես, որ իշխանությունը 63 մլրդ դրամով վաճառելու է «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի բաժնեմասի 20%-ը, ինչը, սական, կառավարությունը հերքել էր:

Կարդացեք նաև

«Իրականում գաղտնի որոշմամբ բացվել է հնարավորություն այն բանակցությունների մասին, որով իրենք զբաղված են: Բայց իշխանությունները հերքեցին, ասացին` նման բան չկա: Ըստ էության, այս ամենը գաղտնի է պահվել, և ժողովրդի թիկունքում կնքվել է նման գործարք»,- ասաց Լ. Զուրաբյանը:

Նրա հավաստմամբ, մինչև ապրիլի 1-ն ընդունվել է որոշում` գազի գինը 180 դոլարից 240 դոլար դարձնելու մասին, բայց քանի որ իրենք խորհրդարանում «աղմուկ բարձրացրին», իշխանությունը թանկացման ժամկետները «հետ է քցել», բայց գազի գինը սահմանել է 270 դոլար, ապա` տեսնելով, որ նախագահական ընտրությունների հետ կապված «զգայուն գործընթացներն» ավարտվել են, դրել են նաև 20 տոկոս բաժնեմասի վաճառքի հարցը, որով, ըստ ՀԱԿ պատգամավորի, իշխանությունը մտադիր է, ըստ երևույթին, սուբսիդավորել գազի գինը:

«Հայաստանի իշխանությունը երկրի տնտեսությունը ներքաշում է կատարյալ կախվածության մեջ Ռուսաստանից: Որևէ պետություն, երբ հասկանում է, որ այդ պետության տնտեսական ամենակարևոր խնդիրը կախվածությունն է մի ֆակտորից` գազից, ապա 10 տարի շարունակ պետք է զբաղվեին ստրատեգիական մի ծրագրի իրականացմամբ, որը թույլ կտար ազատվել այդ կախվածությունից. ներդնեին քամու, արևի էներգետիկա, ՀԷԿ-երի ավելի ինտենսիվ զարգացում… հազար ու մի ձև կա այս հարցը լուծելու համար: Բայց իշխանություններն այս խնդրով չեն զբաղվել, որովհետև թալանել են երկիրը: Թալանել են ոչ միայն ՎՊ հաշվետվության տվյալներով: Իսկ այդ միլիարդավոր դոլարներով, որը թալանել են պետությունից, կարելի էր երկու անգամ Հայաստանի անկախությունը գնել և ազատվել գազի գնի տեռորից»,- ընդգծեց նա:

Լևոն Զուրաբյանը վստահեցրեց, որ բաժնեմասի վաճառքի հարցում կարող է կրկնվել նախորդ պատմությունը, երբ հասարակությունը գործարքից հետո միայն կիմանա, որ բաժնեմասը վաճառվել է, ինչպես պատահեց գազի սակագնի թանկացման հարցում. «Այս իշխանություններից ամեն ինչ կարելի է ակնկալել: Կարող է՝ մի օր իմանանք, որ մեր տներն էլ են վաճառել: Ի՞նչ իմանանք…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս