Գնաճը խժռում է Փաշինյանի «բարձրացրած» թոշակները
Հայաստանի տնտեսական իրականությունը հերթական անգամ կոտրում է իշխանության տարիներով կառուցած «տնտեսական հաջողությունների» քարոզչական պատկերը։
Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է խոսել տնտեսական ակտիվությունից, «աննախադեպ աճից», բարձրացված թոշակներից, շարքային քաղաքացին իր ամենօրյա կյանքում բախվում է բոլորովին այլ իրականության՝ անընդհատ թանկացումների, նվազող գնողունակության և սոցիալական անորոշության հետ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները փաստում են, որ 2026թ. մարտին 12-ամսյա գնաճն արդեն երկրորդ ամիսն անընդմեջ դուրս է եկել ընդունելի միջակայքից (2-4% ). հունվարին 3.3% գնաճը փետրվարին արդեն դարձել է 4.2%, իսկ մարտին ավելի է աճել՝ հասնելով 4.5%-ի։
Եթե փետրվարին դեռ ոմանք փորձ էին անում իրավիճակը ներկայացնել որպես ժամանակավոր երևույթ, ապա այժմ ակնհայտ է՝ տնտեսության ներսում ձևավորվում են բավական մտահոգիչ ու վտանգավոր միտումներ։ Բարձր տնտեսական ակտիվության մասին հնչող իշխանական հայտարարությունների ֆոնին իրականում պահպանվում են պահանջարկից բխող գների ճնշումները, իսկ տարածաշրջանային լարվածության պայմաններում խորանում են նաև մատակարարման հետ կապված ռիսկերը։ Այսինքն՝ «կայունության» մասին խոսույթը կարելի է դիտարկել՝ որպես հեքիաթ, որը փորձ է արվում հրամցնել հանրությանը։
Առավել մտահոգիչ է այն, որ ըստ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2026թ. մայիսի 5-ի նիստի պաշտոնական հաղորդագրության՝ 12-ամսյա բնականոն գնաճն արդեն հասել է 4.7%-ի։ Սա նշանակում է, որ նույնիսկ միրգ-բանջարեղենի սեզոնային էժանացումները չեն կարողանում զսպել ընդհանուր գնաճը։ Այլ կերպ ասած՝ թանկացումները դարձել են խորքային և համատարած։ Թվում է, թե այս ամիսներին ՀՀ քաղաքացին ավելի քիչ ծախս պետք է անի՝ հաշվի առնելով, որ ջեռուցման սեզոնն ավարտվել է, և կոմունալ վճարները տրամաբանորեն համեմատաբար քչանում են, սակայն գնաճի հանգամանքը՝ չավելացող եկամուտների հետ զուգահեռ, ուղղակի դատարկում է քաղաքացիների դրամապանակը։
Նման իրավիճակը տնտեսական քաղաքականության ձախողման ցուցիչ է, քանի որ յուրաքանչյուր, անգամ փոքր տատանում տարածաշրջանում լուրջ հետևանք է ունենում Հայաստանի տնտեսության վրա. սա բացառապես արտաքին գործոններից կախվածության մեջ գտնվող տնտեսական քաղաքականության արդյունք է։ Ի դեպ,ԿԲ խորհուրդը 2026թ. մայիսի 5-ի նիստում դարձյալ չփոխեց վերաֆինանսավորման 6.5% տոկոսադրույքը, որն անփոփոխ է մնում արդեն շուրջ 5 ամիս՝ 2025թ. դեկտեմբերի 16-ից։ Ստացվում է, որ իշխանությունը նախընտրական շրջանում փորձում է ժամանակ շահել՝ խուսափելով կոշտ, բայց անհրաժեշտ որոշումներից։
Ակնհայտ է, որ գործող իշխանությունը, ամենայն հավանականությամբ, արդեն զգում էր, որ գնաճի նման դինամիկայի պարագայում դժվար է լինելու զսպել հանրության շրջանում բարձրացող սոցիալական դժգոհության ալիքը։ Հենց այդ պատճառով էլ ընտրություններից առաջ հանկարծակի որոշվեց 10.000 դրամով բարձրացնել նվազագույն կենսաթոշակը։ Ընդ որում, այդ որոշումն այնքան հապճեպ ու պոպուլիստական էր, որ նույնիսկ իշխանական թիմի որոշ պաշտոնյաներ դրա մասին տեղեկացան վերջին պահին։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ դասական նախընտրական «ընտրակաշառք»։
Այս որոշումը կիլոմետրերով հեռու է սոցիալական քաղաքականության երկարաժամկետ լուծում լինելուց։ Ու նույնիսկ այս քայլից հետո Փաշինյանի կառավարությունը չկարողացավ կատարել իր իսկ ծրագրային խոստումը՝ կենսաթոշակի միջին չափը հավասարեցնել սպառողական զամբյուղի արժեքին։ Փոխարենը՝ կառավարությունը սկսեց արհեստականորեն «լրացնել» պակասող գումարը՝ թմբակահարելով, թե քեշբեքի մեխանիզմով (կենսաթոշակի և նպաստի հետվճար) անկանխիկ գործարքներից վերադարձվող գումարն իբր լուծում է խնդիրը։ Սակայն իշխանությունը մոռանում է նշել ամենակարևորը՝ հազարավոր թոշակառուներ ընդհանրապես չեն օգտվում քեշբեքից, չունեն բանկային քարտերից ակտիվ օգտվելու հմտություններ ու գիտելիքներ, իսկ գյուղական բնակավայրերի դեպքում՝ անկանխիկ գործարքներով գնումներ անելը պարզապես սահմանափակված է։
Ներկայիս իրավիճակը վտանգավոր է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական իմաստով։ Մի կողմից՝ քաղաքացիների եկամուտները չեն բավարարում գների աճին դիմակայելուն, մյուս կողմից՝ իշխանությունը շարունակում է զբաղվել կարճաժամկետ քարոզչական քայլերով՝ փորձելով մինչև ընտրություններ պահպանել սոցիալական հանդուրժողականության նվազագույն մակարդակը։ Ամենավտանգավորն այն է, որ ներկայիս գնաճային ցուցանիշները դեռևս ամբողջությամբ չեն արտացոլում հենց այդ «նախընտրական նվերների» ազդեցությունը։ Սա նշանակում է, որ առաջիկա ամիսներին Հայաստանի քաղաքացին կարող է կանգնել դաժան իրականության առաջ․ նոր գնաճը պարզապես «կուլ կտա» կենսաթոշակների աղմկոտ բարձրացումները, իսկ իշխանության հերթական խոստումները կրկին կմնան միայն թղթի վրա։



