ԴՎԱՌՆՅԱՇԿԱՅԻ ՎԱՐՔԱԳԻԾ է. ԹՈՂ ԽՈՐՈՎԱԾ ԶԽՏԿՎԻ, ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ՝ ԽԱՇԼԱՄԱ ՉՈՒՏԻ. ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
Նիկոլ Փաշինյանի վարքագիծը և մարդկանց «շունուշանգյալ» անվանելը «դվառնյաշկայի» վարքագիծ է։ Այսպես պատասխանեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի նախորդ շաբաթվա աղմկահարույց հայտարարությանը՝ ընդդիմության ընտրողներին «շունուշանգյալ» անվանելուն։

«Ինձ համար դա նորություն չէ. դա այն Նիկոլն է, որն 8 տարի առաջ դահլիճում նստած պատգամավոր էր։ Այն ժամանակ էլ ինքն այդպիսին էր. ով իր հետ չի՝ իր թշնամին է, ով իր հետ չի՝ «շունուշանգյալ» է։ Ինքը չի հասկանում, որ վիրավորում է մարդկանց, կամ էլ դիտավորյալ վիրավորում է մարդկանց՝ նրանց ասելով՝ «ինձ ընտրեք, որ շունուշանգյալ չլինեք»։ Հասկանո՞ւմ եք՝ ինքն ինչ է անում։ Դա դվառնյաշկայի վարքագիծ է։ Դուք տեսե՞լ եք՝ ընդդիմադիր լիդերներից որևիցե մեկը վիրավորի Նիկոլի ընտրողներին։
ո՞ր ղեկավարն է այդպիսի բան արել։ Դու երկրի ոչ բարով ղեկավար ես, դու ի՞նչ իրավունք ունես երկրում մարդկանց այն մասին, որ ուրիշին է ընտրում, «շունուշանգյալ» անվանես։ Ենթադրենք՝ ինչ-որ մեկը նման միտք է արտահայտել, բայց երկրի ղեկավարն իրավունք ունի՞ իր քաղաքացիների մի մասին, ընդ որում՝ 50+ տոկոսին, հրապարակայնորեն վիրավորել։ Ակնհայտ է, չէ՞, որ 50+ տոկոսն իրեն չի ընտրելու։ Այսինքն՝ բնակչության մեծամասնությանը դու «շունուշանգյալ» ես անվանում»,- հայտարարեց ԱԺ նախկին նախագահը։
Հիմնվելով սոցիոլոգիական հարցումների տվյալների վրա՝ Սամվել Նիկոյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը չի ձգում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ձայների 50+1 տոկոսը հավաքելուն, և հավելում է՝ մնացածը կախված է ընդդիմության կշռադատված, փոխհամաձայնեցված աշխատանքից։ Նա վստահ է, որ այդ պարագայում «չարիքը կհեռանա»։
Սամվել Նիկոլանը նաև Նիկոլ Փաշինյանին առաջարկում է ավելի շատ զբաղվել ուտելու հարցերով։
«Դու մեր պետությանը, մեր ազգին բերել ես տիեզերական մասշտաբի ողբերգություն, քո տեղը Մելիք Ֆրանգյուլի՝ դավաճանի կողքին է։ Նիկոլը հասկանում է դա, սա իր համար սովորական ընտրություն չէ։ Իր պատկերացումներում՝ կա՛մ ինքը լինելու է կերակրատաշտի մեջ, կա՛մ լինելու է այնտեղ, որտեղ ասացի… Թող խորոված ուտի՝ ջհանդամ, թող խորոված ուտի՝ խաշլամա չուտի։ Երբ 2018 թվականին փողոցներում նաև խաշլամա էին կերցնում, մոտս այնպիսի վատ կանխագուշակումներ կային, որ այդ խաշլաման մեր զինվորների ապագա հոգեհացն է տալիս։ Հասկանո՞ւմ եք։
Մեջս դող էր ընկնում այդ խաշլամայի հոտից, որովհետև թուրք-ադրբեջանական փողերը ծախսելով հեղափոխության վրա՝ այդ խաշլամայով մեր զինվորների հոգեհացն էր Նիկոլը խնջույքով տոնում։ Նույնն էլ՝ հիմա։ Թող խորովածը զխտկվի, ինչ ուզում է՝ անի, խաշլամա թող չուտի, որովհետև ես վախենում եմ դրանից»,- դիմելով Փաշինյանին՝ նշեց Սամվել Նիկոյանը։

Սամվել Նիկոյանը նաև հավելում է՝ քաղաքացու տոնը Նիկոլ Փաշինյանի համար, այո՛, խորոված-խաշլամա է, քանի որ նա չի հասկանում՝ ինչ է քաղաքացին։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



