Արդյո՞ք կա Օնիկ Գասպարյան-Սեյրան Օհանյան հեռահար բանավեճ. ԳՇ նախկին պետը կիսո՞ւմ է նախկինների բանակին առնչվող իր երբեմնի «խորհրդականի» գնահատականը

Ապրիլի 20-ին «Ի՞նչ կա փակ հանդիպմանը խոսելու Օնիկ Գասպարյանի առաջարկի հետևում, ի՞նչ բաց հարցեր են սպասում նրա բաց պատասխանին» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, ինչի համար հիմք է ծառայել ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետի տարածած հայտարարությունը: Սրան էլ նախորդել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող հայտարարությունը, ինչին ևս անդրադարձել ենք։ 

Ի դեպ, նշենք, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարարին առաջարկել էինք պատասխանել մեր ռազմական և պատերազմական հարցերին, բայց նա, ըստ էության, խուսափել է՝ տեղը հարմար չլինելու պատրվակով, և այս նյութը գրելու դրությամբ չի արձագանքել: Հասկանալի է՝ նեղ մասնագիտական և խորքային հարցերը դժվարություններ և ռիսկեր կարող են ստեղծել:

Ինչևէ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Ազատության» միջոցով պատասխանելով փակ հանդիպում կազմակերպելու առաջարկին, նշել է. «Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում երկու օր պատասխանել է հարցերի, և դա ներառված է զեկույցում: Բոլոր բացատրությունները ինքը տվել է, ներկայացրել նաև իր նկատառումները: Հիմա ի՞նչ է ուզում»:

Իրականում ճիշտ է ասում, ինչի մասին ինքներս ենք մեր հոդվածում գրել:

Կարդացեք նաև

Իհարկե, իշխանությունները կարող էին օգտվել Օնիկ Գասպարյանի առաջարկից և մի «անմեղ» փակ քննարկում կազմակերպել և հրավիրել անհայտ կորածների հարազատներից, որոնք սկզբում մասնակցել են քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Բայց երևի այս պահին դա նրանց քաղաքական պլանների մեջ չի մտնում: Իսկ 44-օրյայի ռազմական նախկին ղեկավարներից ստացել են, ինչ պետք է: Եվ հիմա զարմանալի է, որ պաշտպանության նախկին նախարարն ու ԳՇ պետը չեն ցանկանում՝ առնվազն թույլատրելի սահմանում հրապարակվի Քննիչ հանձնաժողովի զեկույցը, որպեսզի, օրինակ, տեսնենք՝ հարցաքննության ժամանակ Օնիկ Գասպարյանի ասածները հակասության մե՞ջ են Նիկոլ Փաշինյանի ասածների հետ, թե՞ ոչ, ինչպես պնդել էր Անդրանիկ Քոչարյանը, այդ թվում՝ Շուշիի հետ կապված:

Ի դեպ, 4 տարի առաջ մենք անդրադարձել ենք ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետի խորհրդական ներկայացված Վլադիմիր Պողոսյանի՝ Շուշիի հետ կապված «գաղտնազերծումներին»:

Մասնավորապես, Պողոսյանը «Նոյան Տապան» գործակալության հետ զրույցում, ըստ էության, հաստատելով պնդումները, որ Շուշին հանձնվել է, ուշագրավ հայտարարություն էր արել:

«Մոտավորապես ամսի 3-ին (նկատի ունի նոյեմբերի 3-ը.- Մ.Պ.) Միքայել Արզումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ համաձայնությամբ, գրավոր հրամանով բավականին գրագետ և մարտական փորձ ունեցող բարձրաստիճան սպայի է նշանակում, որը պիտի Շուշիի պաշտպանության համար պատասխանատվություն ստանձներ: Բայց հաջորդող օրերին Արայիկ Հարությունյանը բանավոր չեղարկում է ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի գրավոր հրամանը և դարձյալ բանավոր նշանակում է Սեյրան Օհանյանին, որը ոչինչ չի արել Շուշիի պաշտպանության համար: Եվ հենց այդ ժամանակվանից ձախողումը սկսվեց: Ես այնտեղ եմ եղել ամսի 4-5-ին: Ես ուղիղ մեղադրում եմ Արայիկ Հարությունյանին, ով եթե անգամ Արցախում ունեցած կարգավիճակով հանդիսանում էր գերագույն հրամանատար, բայց նա իրավունք չուներ ՊԲ հրամանատարի գրավոր հրամանը չեղարկելու, որը համաձայնեցված էր ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հետ»,- շեշտել էր նա և հավելել, որ ինքը սպաների հետ բարձրացել է դեպի Շուշի, ավելին, իր հետ է եղել պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատարի լիազորություններ ունեցած և այսօր պատերազմական մի քանի դրվագներով մեղադրվող Ջալալ Հարությունյանի եղբայրը՝ Արտյոմ Հարությունյանը, որ ներկայում Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության պետն է:

«Երբ ես գնացի Շուշի, իմ վարորդն ինձ ասաց՝ տպավորություն է, որ ասֆալտը լվացել են և պատրաստվում են քաղաքը հանձնել: Շուշիի պաշտպանության մասին հիշեցնող ոչ մի բան չկար, այսինքն, դասական իմաստով քաղաքը պատրաստված չէր պաշտպանության»,- շարունակել էր Օնիկ Գասպարյանի խորհրդական հռչակված Վլադիմիր Պողոսյանը՝ հավելելով, որ Միքայել Արզումանյանի՝ ՊԲ հրամանատար դառնալուց հետո հայկական կողմի մարդկային կորուստները նվազել են:

Այն ժամանակ մենք մեր համապատասխան հոդվածում հարցադրում էինք արել՝ փորձ է արվում փրկել Միքայել Արզումանյանի՞ն, թե՞ մեկ ուրիշին: Բայց մենք նաև այլ հարցադրումներ էլ էինք արել:

Նշենք, որ Շուշիի պաշտպանության ոչ պատշաճ կազմակերպման գործով անցնում է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, բայց, ըստ էության, Միքայել Արզումանյանի գործն ավարտվում է 2020 թ. նոյեմբերի 7-ով: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը Քննիչ հանձնաժողովում հայտարարել է, որ Շուշին հետ վերցնելու գործողություններ են եղել նոյեմբերի 7-ից հետո: Ի դեպ, գեներալ Արզումանյանի այս գործի այս դրվագով հավանաբար կհարցաքննվեն և՛ Սեյրան Օհանյանը, և՛ Օնիկ Գասպարյանը: Իսկ երեկ 24TV-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանը, ըստ էության, Շուշին կորցնելու համար լուրջ պատասխանատվություն է վերագրել նաև Օնիկ Գասպարյանին:

«Արցախի պաշտպանության գոտու աջ կողմում մի մեծ տարածություն է`Արաքսի գետի հունով մոտ 100 կմ մինչև ՀՀ սահմաններ, այդ ուղղությամբ է, որ Ադրբեջանը կարողացել է զարգացնել իր հարձակումը և հասնել ՀՀ սահմաններ։ Իսկ ՊԲ-ի համար շատ դժվար էր այդ հատվածում, այսպես ասած, իր աջ թևը պտտացնել, որ կարողանա իր պաշտպանությունն ամբողջությամբ իրականացնել։ Եթե ժամանակին մարտավարական խորությամբ հակառակորդն այդտեղ կանգնեցվեր, ապա չէր լինի Հադրութի և Շուշիի գրավումը»,-շարունակել է նա՝ ասելով, որ եթե հակառակորդը մարտավարական խորությամբ մխրճվում է ճեղքման գոտում, այդտեղ խնդրին պետք է միանար ՀՀ զինված ուժերը: Այստեղ, թերևս, պատասխանելու հարց է առաջանում նաև ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի համար, բայց դրա մասին՝ հաջորդ անգամ:
Իսկ հիմա այլ հարց՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Սեյրան Օհանյան-Օնիկ Գասպարյան որոշակի հեռավար բանավեճի ենք ականատես, մեղմ ասած: Հնարավոր է՝ կան բաներ, որի մասին չգիտենք:
Բայց սա արդյո՞ք բարոյական իրավունք է վերապահում ԳՇ նախկին պետի խորհրդատուներին և մերձակա շրջապատին քննադատել նախկինում բանակում կատարված բարեփոխումները: Ընդ որում, Օնիկ Գասպարյանի երբեմնի «խորհրդականը» կործանարար է համարում Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի բարեփոխումները բանակում, հատկապես նշելով, որ պաշտպանության նախարարի պաշտոնը դարձավ քաղաքացիական: Եվ սրա ֆոնին նշվում է, որ ԳՇ պետի պաշտոնում լինելով 3 ամիս, Օնիկ Գասպարյանն արել է անհնարինը, այսինքն, պատերազմում պարտության պատասխանատվությունը նրա վրայից վերցվում է:

Քանի որ նշեցինք դեռևս 2008 թվականից բանակում կատարված բարեփոխումների մասին, հավելենք, որ 2024 թվականին 168.am-ն ուսումնասիրություն էր ներկայացրել՝ կապված զինված ուժերում կառուցվածքային փոփոխություններին, կառավարման մոդելին, ԳՇ պետի՝ պաշտպանության նախարարի տեղակալ լինել-չլինելուն: Մենք ցույց էինք տվել, որ մինչև 2008 թվականը և նույնիսկ մինչև 2008 թվականի որոշակի հատված ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը համարվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Սա կարող ենք տեսնել գեներալ-գնդապետներ Միքայել ՀարությունյանիՍեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի կենսագրականներում և Նախագահի համապատասխան հրամանագրերում: Մասնավորապես, 2008թ. ապրիլի 14-ին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սեյրան Օհանյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով 2008թ. ապրիլի 15-ին Յուրի Խաչատուրովը նշանակվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Այլ հարց է, որ 2008թ. ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իրականացվել էին որոշակի բարեփոխումներ, կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում ԳՇ պետը դադարել էր լինել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչը, ըստ էության, ճիշտ որոշում էր:

Բոլորը կարող են ունենալ իրենց կարծիքը, բայց այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ով, ի դեպ, չէր համարվում պաշտպանության նախարարի տեղակալ 44-օրյա պատերազմի ժամանակ վերը նշված բարեփոխման արդյունքում, կիսու՞մ է իր պաշտոնական և ոչ պաշտոնական խորհրդատուի կամ խորհրդականի բացասական գնահատականները նախկինների բանակի հետ կապված, որի մասն է ինքը եղել, օրինակ, որպես ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, և շատ լավ հրամանատար:

Ինչ վերաբերում է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի երբեմնի «խորհրդականին», որի միջոցով նա «քսիֆներ» է տարածում, որը, օրինակ, 2021 թվականի ապրիլին հայտարարում էր՝ «եթե Օնիկ Գասպարյանը մտնի խաղի մեջ, դա կլինի Փաշինյանի իշխանության վերջը, մինչև ընտրություն կարող է ամեն ինչ ավարտվել»: Բայց թե ինչ եղավ հետո, լավ ենք հիշում՝ գեներալը կոչ արեց ընտրել Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանն էլ նրան անվանեց «բուկլետ բաժանող», և սրանով ամեն ինչ ավարտվեց: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև Օնիկ Գասպարյանն իր տեսակով քաղաքական գործիչ չէ, զինվորական է: Բայց նա դասեր չի քաղում և շարունակում ականջալուր լինել սխալ մարդկանց սխալ խորհուրդներին և հայտնվում թիրախում:

Հավելենք, որ 2023 թվականին ՀՀ պաշտպանության նախարարությունից պաշտոնապես մեզ հայտնել էին, որ Վլադիմիր Պողոսյանն Օնիկ Գասպարյանի օրոք ԳՇ վարչությունում վարձու աշխատող է եղել, խորհրդականի հաստիքը ձևակերպվել էր Արտակ Դավթյանի ժամանակ:

«ԶՈւ գլխավոր շտաբի նախկին աշխատակից Վլադիմիր Սերգեյի Պողոսյանը զբաղեցրել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի խորհրդականի հաստիքը (ոչ զինվորական, հայեցողական) 2020 թվականի փետրվարի 22-ից հունիսի 22-ը, իսկ 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ (Ձեր նախկին գրության մեջ խոսվում էր տվյալ ժամանակահատվածի մասին) մինչև 2021 թվականի մարտ ամիսը, զբաղեցրել է ԶՈՒ գլխավոր շտաբի Վարչակազմակերպչական վարչության վարձու աշխատողի (քաղաքացիական) հաստիք»,- մանրամասնել էր Պաշտպանության նախարարությունը: Այսինքն, Վլադիմիր Պողոսյանն Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելուց հետո վարձու աշխատանքի է անցել ԶՈՒ ԳՇ Վարչակազմակերպչական վարչությունում: Սակայն պատերազմի օրերին որպես ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական՝ տարբեր հանդիպումներ է ունեցել, ինչպես ինքն է պարբերաբար պատմել տարբեր հարցազրույցներում, իսկ պատերազմից հետո էլ ներկայացել է՝ որպես Օնիկ Գասպարյանի նախկին խորհրդական: Մինչդեռ մի քանի ամիս փաստացի ձևակերպված լինելով որպես ԳՇ պետ Արտակ Դավթյանի խորհրդական՝ երբեք չի ներկայացել որպես այդպիսին:

 Հ.Գ. Այս հոդվածից հետո, ինչպես արդեն եղել է, Վլադիմիր Պողոսյանը կարող է «հուզվել», անհիմն մեղադրանքներ հնչեցնել մեր հասցեին, իսկ Օնիկ Գասպարյանն էլ ասել, թե իր հետ որևէ կապ չունի, որ դիտողություն անի, բայց դրանից իրականությունը չի փոխվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930