ԵԽ-ն մանրամասներ է ներկայացրել Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության մասին
Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ գործընկերության նոր առաքելությունը (EUPM Armenia) ստեղծվել է Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում՝ որպես ներդրում ՀՀ ժողովրդավարական դիմակայունության բարձրացման և ճգնաժամերը կառավարելու կարողության ամրապնդման ուղղությամբ. այս մասին նշված է Եվրոպական խորհրդի կայքէջում տարածված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ առաքելությունը կաջակցի Հայաստանին՝ դիմակայելու բազմաշերտ սպառնալիքներին, ինչպիսիք են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիան և միջամտությունը, կիբերհարձակումները և ապօրինի ֆինանսական հոսքերը։EUPM Armenia-ն ռազմավարական խորհրդատվություն և կարողությունների զարգացում կապահովի տարբեր նախարարությունների և ազգային հաստատությունների համար՝ հասարակության և պետական կառույցների առջև ծառացած սպառնալիքներին արձագանքելու քաղաքականությունների մշակման գործում, ինչպես նաև կաջակցի համապարփակ, ամբողջ կառավարությանը ընդգրկող մոտեցման ձևավորմանը։
Այն նաև կտրամադրի օպերատիվ խորհրդատվություն և կունենա նախագծային բաժին, որը պատասխանատու կլինի մանդատի շրջանակում ընդգրկված ոլորտներում կոնկրետ գործողությունների հայտնաբերման և իրականացման համար՝ սերտ համագործակցությամբ համախոհ գործընկերների հետ։Ինչպես մեջբերված է հաղորդագրության մեջ՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ասել է, որ Հայաստանը բախվում է զանգվածային ապատեղեկատվական արշավների և կիբերհարձակումների։
Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը կապահովի փորձագիտական աջակցություն, կարողությունների զարգացում պետական գերատեսչությունների համար և թիմ, որը կհետևի հրատապ գործողություններ պահանջող ոլորտներին՝ օգնելով պաշտպանել Հայաստանի դիմակայունությունը։ Ըստ հաղորդագրության՝ ԵՄ գործընկերության առաքելությունը Հայաստանում կունենա նախնական երկամյա մանդատ, և դրա օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական օպերացիաների շտաբի կառավարման տնօրեն Ստեֆանո Տոմատը կլինի Քաղաքացիական օպերացիայի հրամանատարը։
Նա կիրականացնի EUPM Armenia-ի ռազմավարական մակարդակի ղեկավարումն ու վերահսկողությունը՝ Խորհրդի Քաղաքական և անվտանգության կոմիտեի քաղաքական վերահսկողության և ռազմավարական ուղղորդման ներքո, ինչպես նաև Բարձր ներկայացուցչի ընդհանուր լիազորության շրջանակում։
Առաքելության ղեկավարը, որը պատասխանատու կլինի տեղում գործողությունների ղեկավարման համար, շուտով կնշանակվի։Հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 2-ին ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը հաստատեց ԵՄ-Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգը։ Հիմնվելով ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա՝ այս ռազմավարական օրակարգը նշանակալի առաջընթաց է հարաբերությունների խորացման ուղղությամբ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության։
EUPM-ը, որը տեղակայվում է Հայաստանի իշխանությունների խնդրանքով, երկրորդ քաղաքացիական CSDP առաքելությունն է, առանձին՝ 2023 թվականին ստեղծված Հայաստանում ԵՄ առաքելությունից (EUMA), որի նպատակն է դիտարկել և զեկուցել տեղում իրավիճակի մասին՝ նպաստելով վստահության ամրապնդմանը և մարդկային անվտանգությանը հակամարտությունից տուժած տարածքներում։



