«Առանց էիտայի Հայաստան»-ի վերջին հանգրվանը՝ շանգյալապետություն
Քաղաքականության փոխարեն Հայաստանում հրամցվողը ժամավաճառություն է քաղաքական գործընթացների պատճառահետևանքային կապի մասին անգամ մակերեսային պատկերացման բացակայության պատճառով:
2026թ. ընտրություններից առաջ ՔՊ-ն գետինը մտնելու փոխարեն՝ մարդկանց ուղեղներն է մտնում այն պատճառով, որ 2021թ. ընտրություններում իր հռչկակած կարգախոսներից մեկն իրականացրել է հարյուր տոկոսով: Շուշին ու Հադրութը ՔՊ-ն չի դեօկուպացրել, ինչպես խոստանում էր հայ ընտրողներին, այլ դեհայկականացրել է Արցախն ամբողջությամբ, ինչպես երևի խոստացել են ոչ հայերին:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ՔՊ-ն չի իրացրել, ինչպես խոստանում էր, փոխարենը՝ պարգևավճարների ու մենթերին տրվող հիփոթեքների տեսքով իրացնում է այդ նույն ժողովրդի իրավունքները որպես մանրադրամ վաճառելու ու փոխարենն էժան բենզին ծախելու հնարավորությունը: Բայց 5 տարի առաջ ՔՊ-ի տված մի խոստում կատարվել է ամբողջությամբ՝ դառնալով այսօրվա բենզինային երջանկության գլխավոր նախադրյալը: ՔՊ-ն 2021թ. ոչ թե նախընտրական բուկլետներում, այլ առաջին պատահած ամբիոնից հորդող հիստերիկ նոպաների պահերին՝ գերագույն գլխավոր հիստերոիդի շուրթերով հայտարարում էր «էլիտաների դեմ պայքարի» մասին: Այսօր ՔՊ-ի այդ նպատակը կարելի է իրագործված համարել անդառնալիորեն:
Ո՛չ այն ժամանակ, ոչ՛ էլ այսօր այդ վտանգավոր հայտարարությունը հասկանալու մանդատ ու պատասխանատվություն ունեցողները չէին/չեն հասկանում, որ դա հայտարարություն էր պետության վերջնական լուծարման մասին: Այն պարզ պատճառով, որ առանց էլիտաների՝ պետություն չի կարող լինել՝ ըստ դասագրքային կանոնի: ՔՊ-ն՝ զբաղեցնելով վերնախավի նոմինալ դերը, անցած տարիներին ոչ միայն չփորձեց կամ փորձեց, բայց չկարողացավ իրական վերնախավ դառնալ, այլև տիրապետելով քարոզչաֆինանսական ռեսուրսներին՝ կազմաքանդեց ոչ միայն ու ոչ այնքան՝ եղած քիչ թե շատ էլիտաները, այլ վերնախավի գաղափարն ի բնե:
Քարոզչությունը՝ «մեռնեմ մեր թագավորի քյաֆթառ ջանին» ինքնախաբեությամբ մտածելու տապալված փորձ անող հատվածին, որը բավական մեծ հատված է, համոզեց, որ վերնախավը ժողովրդից թալանված փողերով հարստացածներից ու «սութի ինծիլիգենտներից» բաղկացած զանգված է, որը հասարակ ժողովրդին վերևից է նայում: Համոզեց՝ էլի ներկայացնելով, թե ահա եկել է «ժողովրդի ոչ թե ծոցից, այլ կեղտոտ տեղաշորից ելած» մեկը, որը մարդկանց փրկում է հարստահարող ու մեծամիտ վերնախավից: Այդ համոզումը ստացվեց, որովհետև եղած էլիտաները՝ սկսած քաղաքականից, մասնագիտականներից ու մշակութայինից, առանձնապես էլիտայի նման չէին ու հեշտորեն տրվեցին իրենց կործանելու իշխանության թելադրանքին: Իսկ նոր վերնախավ այդպես էլ չկայացավ՝ ոչ միայն հարստությամբ, այլ առաջին հերթին մտածելու կարողությամբ շերտին՝ իշխանության կողմից դասակարգային թշնամի հայտարարելու պատճառով:
Ավելին, բոլոր նրանք, ովքեր տեսականորեն կարող էին համապատասխանել վերնախավերից որևէ մեկի հետ ասոցացվելու պահանջներին՝ ունենալով դրա համար անհրաժեշտ մտավոր կարողությունները, մտավորականից ավելի պատեհապաշտ լինելու բերումով սոցիալական սանդուղքով գլորվեցին որքան հնարավոր է դեպի ներքև՝ անունը դնելով «հասարակ մարդկանց մոտ գտնվելու անհրաժեշտություն»:
Պետության համար լինելիության աստիճանի անհրաժեշտ են բոլոր տեսակի վերնախավերը՝ քաղաքականից մինչև մասնագիտական, գիտական ու մշակութային, որովհետև առանց այդ էլիտաների՝ որոշումների կայացումը վերածվում է գործընթացի, որում որևէ ցիլինդրավոր ամեն առավոտ սրտիկներ է ցուցադրում, ու կախված մատների ծալքից ու դրանցից ուղեղ ուղարկված ազդակներից՝ կայացնում է կենսականորեն կարևոր որոշումներ:
Էլիտաների դեմ պայքարը շատ պայմանականորեն կարող էր պետության հերը չանիծել, եթե այն փոխարինվեր էգալիտարիզմով՝ հավասարությամբ, որտեղ հորիզոնական կապերը, իշխանության թևերի տարանջատումն այնքան ուժեղ են գործում, որ փոխզսպումների համակարգի միջոցով ապահովում են անհրաժեշտ վերահսկողություն կայացվող որոշումների որակի նկատմամբ:
Բայց Հայաստանում հաստատվել է ոչ թե էգալիտարիզմ, այլ Էգոլիտարիզմ՝ հիմնված այն նույն մեկ ես-ի՝ էգոյի վրա, որը հինգ տարի առաջ կոկորդ պատռելով հայտարարում էր «Առանց էլիտաների Հայաստան»-ի մասին և այսօր պետությունն իջեցրել է մակարդակի, որտեղ որոշումները կայացնում են «շուն-շանգյալները»՝ ամենատարբեր անվանումներով պաշտոններ զբաղեցնելով:



