«Այս պահին հայկական համայնքում զոհեր չկան. «Հեզբոլլահ»-ի առաջնորդները փորձում են քողարկված ապաստանել քրիստոնյա թաղամասերում, այս առումով, վտանգ կարող է սպառնալ նաև հայկական համայնքին». Սևակ Հակոբյան
ԱՄՆ-Իսրայել-Իրան երկշաբաթյա հրադադարից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերն ակտիվորեն սկսեցին հարվածել Լիբանանին, որի հետևանքով արդեն կան բազմաթիվ զոհեր։ Չնայած իսրայելական կողմը նշում է, որ իր թիրախում «Հեզբոլլահ»-ն է, սակայն հարվածների հետևանքով զոհվում են հարյուրավոր խաղաղ բնակիչներ։
Իսրայելը համաձայնել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Լիբանանի ներկայացուցիչների հետ բանակցել խաղաղության շուրջ: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը, սակայն, պնդել է, որ «Հեզբոլլահ»-ն չպետք է մասնակցի դրանց:
168.am-ը Լիբանանի «Զարթօնք» հայկական օրաթերթի խմբագիր, մտավորական, հասարակական գործիչ Սևակ Հակոբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է Լիբանանում, մասնավորապես՝ հայկական համայնքում։
«Երբ հրադադարը որևէ կողմ խախտում է, նշանակում է, տվյալ կողմը հրադադարի հետ համաձայն չէ, այս պարագայում՝ Իսրայելին ու Միացյալ Նահանգներին ձեռնտու չէ նման հրադադարը։ Հիշեք, թե ինչպես վարվեցին Լարիջանիի հետ ճիշտ այն պահին, երբ խոսում էին բանակցությունների մասին, որին կարող էր մասնակցել նաև Լարիջանին։
Հասկանալի է, որ Իսրայելի վարչապետին ձեռնտու չէ պատերազմն այս ձևով դադարեցնելը, սա էլ կարող է որոշակի կասկածներ հարուցել առ այն, որ Նեթանյահուն որոշակի մտահոգություններ ունի՝ կապված իր քաղաքական ապագայի հետ։ Նա ունի ներքին խնդիրներ, և Իսրայելում նորմ կա, որ պատերազմական իրավիճակում ընտրություններ հնարավոր չէ կազմակերպել։ Ենթադրվում է, որ նա մինչև իր կյանքի վերջ ցանկանում է մնալ Իսրայելի վարչապետ»,- նշեց Սևակ Հակոբյանը։
Նա նաև շեշտեց՝ թերևս, այս բոլոր հանգամանքներն էլ հաշվի առնելով՝ Իսրայելը հրադադարից հետո հարձակում իրականացրեց Լիբանանի վրա։
«Այս պահին կարող ենք ասել, որ հայկական համայնքում զոհեր չկան, զոհեր չկան, քանի որ Լիբանանը հատկանշված է համայնքային թաղամասերով ու շրջաններով։ Լիբանանի այն հատվածները, որոնք Իսրայելի կողմից թիրախավորվում են, այդ հատվածներում «Հեզբոլլահ»-ի առաջնորդներն են գտնվում։ «Հեզբոլլահ»-ի առաջնորդներն այժմ փորձում են քողարկված կերպով ապաստանել նաև քրիստոնյա թաղամասերում, դրա համար էլ Իսրայելի կողմից երբեմն նման թաղամասեր են թիրախավորվում։ Այս առումով, այո, վտանգ կարող է սպառնալ նաև հայկական համայնքին, որովհետև որևէ մեկը չգիտի, թե իր վերևի բնակարանում ով է ապրում կամ ում են տվել վարձակալության»,- նշեց Սևակ Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Լիբանանում տիրող ընդհանուր մթնոլորտին, մեր զրուցակիցը փոխանցեց՝ ի վերջո, ամբողջ երկիրը պատերազմի մեջ է, կա մեծ լարվածություն, չնայած մինչև այս պահը դպրոցները, համալսարանները բաց են՝ գործում են։
«Զուգահեռ շատ է մեծացել ներքին փախստականների թիվը, հատկապես շիա գյուղերից, 1 միլիոնն արդեն անցել է փախստականների թիվը։ Չի բացառվում, որ առաջիկայում դպրոցներն օգտագործվեն որպես ապաստարաններ փախստականների համար։
Լիբանանում իրավիճակը կախված է Իրան-Իսրայել-Միացյալ Նահանգներ բանակցություններից, ի վերջո, Լիբանանի «Հեզբոլլահ»-ը ինքնուրույն կազմակերպություն չէ, այն Իրանի պրոքսին է Լիբանանում»,- ընդգծեց Սևակ Հակոբյանը։



