Փոխե՛լ կանխորոշված ընտրության կանոնը. ժամանակն աշխատում է իշխանության օգտին
Ազգային ժողովի կողմից «Ընտրական օրենսգրքում» կատարած հապճեպ փոփոխությամբ արգելվեց կուսակցություններին օգտագործել անուններ, անձնանունն ընտություններին մասնակցելիս: Պարզ է՝ դա արվեց Սամվել Կարապետյանի անունով ընտրական դաշինքի գրանցումը թույլ չտալու համար: Ինչպես միշտ՝ քաղաքական դաշտը հիմնականում արձագանքեց ավելի շատ սուր հումորով, սարկազմով, Նիկոլ Փաշինյանի կողմից նոր արգելքների մասին երևակայություններով…
Բայց տեղի ունեցածը ոչ թե հումորի, այլ հումոր անողների մեծ մասի համար խոր մտահոգության տեղիք պետք է տա: Հայաստանում ժողովրդավարության տոտալ բացակայության մասին վկայող այս օրենսդրական փոփոխությունը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը թքած ունի իրավական, դեմոկրատական ցանկացած կառուցակարգի վրա և ընտրությունների արդյունքների հետ վարվելու է այնպես, ինչպես երկու օր առաջ վարվեց «Ընտրական օրենսգրքի» հետ՝ հարմարեցնելու է իր քաղաքական շահին: Հայաստանում հաջորդ իշխանության ձևավորման վրա չեն ազդելու ո՛չ սոցիոլոգիական հարցումները, ո՛չ ընտրատեղամասում մարդկանց ակտիվությունը, ո՛չ էլ ընդդիմադիրների ստացած ձայների ու ՔՊ-ի չստացած ձայների առատությունը:
Ընտրությունների ելքը որոշելու է մի գործոն՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանական ուղղահայաց համակարգի կառավարելիության աստիճանը: Ընդհուպ՝ մինչև այսօր ներառյալ, այդ ցուցանիշը մոտ է գրեթե հարյուր տոկոսի:
Ընդ որում, իշխանական ու պետական համակարգերի հավատարմությունը կառուցված է «առանց Նիկոլ՝ բոլորի կործանում» սկզբունքի վրա: Վերջինիս արդյունավետությունը, այսինքն՝ համակարգին կառավարելու Փաշինյանի կարողությունն աճում է ընդդիմության հռետորաբանության կոշտացման հետ. որքան ավելի շատ է ընդդիմությունը վերբալ սպառնալիքներ հնչեցնում, այնքան պետական կառավարման համակարգի, իրավապահների մոտ ավելի է սրվում հանուն ինքնապահպանման գործող իշխանության վերարտադրությանն ավելի անձնուրաց նվիրվելու բնազդը:
Պետական ուղղահայաց համակարգի տոտալ կառավարելիությունը Նիկոլ Փաշինյանին պետք է ոչ միայն ու գուցե ոչ այնքան սեփական դեսպոտիզմը բավարարելու, այլ հենց իշխանության վերարտադրությունն ապահովելու համար: Եվ մինչ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունն ընդդիմությունը ներկայացնում է՝ որպես Փաշինյանի վախերի դրսևորում (այնպես չէ, որ Փաշինյանը չի վախենում), նա հերթական այդ քայլով ցույց է տալիս, որ քաղաքական, պետական համակարգերը, որոշումներ ընդունող բոլոր ինստիտուտները վերահսկում է այնպես ու այնքան, որ ընտրություններից հետո՝ անկախ ընտրությունների արդյունքներից, դեռևս գործող ԱԺ-ի միջոցով կարող է ընդհուպ նոր օրենք ընդունել, որով իրեն կհռչակի Հայաստանի հավերժ կառավարիչ:
Արևմուտքը՝ «հիբրիդային պատերազմի դեմ պայքարի» շրջանակներում, կծափահարի դրան՝ հայտարարելով, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոնից դարձել է դեմոկրատիայի նորահայտ մայրցամաք: Իսկ Ռուսաստանը «հարգանքով կվերաբերվի բարեկամ հայ ժողովրդի ընտրությանը»՝ հարմար պահի արդեն նորընտիր Փաշինյանին հերթական անգամ Մոսկվա կանչելու ու նրա վրա ինքնահաստատվելու հաշվարկով:
Ընդդիմությունն այս՝ ամեն օրվա հետ ամրապնդվող ստատուս-քվոն փոխելու շատ քիչ ժամանակ և ավելի քիչ հնարավորություն ունի: Դա պետք է հանգի ընտրությունները Փաշինյանի խաղի կանոններով անցկացնելու մթնոլորտի փոփոխությանն ու նոր կանոն պարտադրելուն: Այս պահին և ընդդիմության կողմից այսօրվա գործիքակազմով դա ծիծաղելիորեն անհնարին է թվում:



