Տեր հայր, պահքը միայն սննդից հրաժարո՞ւմն է
Տեր Ղուկաս քահանա Բալայան
«Մարդիկ կան, որոնք միս չեն ուտում, բայց դատապարտում են դրացուն, ընկերոջը, ամուսնուն, կնոջը, երեխային. բնականաբար, սա չի կարող լինել պահք։ Տիրոջը հաճելի է անձնաքննությունը, երբ մարդը քննում է ինքն իրեն, իր անձը:

Բնականաբար, այսօրվա մեր դարում մարդիկ շատ են նյարդայնանում, բայց պահեցողության շնորհիվ մարդը լինում է խաղաղության մեջ՝ ինքն իրեն, իր սխալները քննելով, ոչ թե մտածելով, թե ինչ կերավ, ինչ խմեց։
Առաջնայինն այն է, թե մարդն ինչպես է ներդաշնակ ապրում Աստծո հետ։ Մենք Տիրոջից ժամանակ, ուժ, հնարավորություն ենք հայցում, որպեսզի ավելի մեծ ներուժով լծվենք քրիստոնեական քարոզչության գործին և տարածենք քրիստոնեությունը մեր միջավայրում»։
Տեր Կարապետ քահանա Կարապետյան
«Պահք պահել նշանակում է բռնել Տիրոջ ձեռքը և քայլել Իր նախանշած ճանապարհով: Բուն նպատակը պահքի՝ արժանանալ մեղքերի քավությանն ու թողությանը: Մենք պետք է միտված լինենք Աստծո խոսքը յուրացնելուն, սերտելուն, Նրան հաղորդ լինելուն: Կոչ ենք անում մեր հավատացյալներին, որ Սուրբ Գրքին թալիսմանի նման չվերաբերվեն, այլ բացեն այն և կարդան, յուրացեն:

Երբ չգիտենք Աստծո խոսքը, ինչպե՞ս պետք է հասկանանք Նրա կամքը, Նրա զավակները լինենք: Պահքի միջոցով մենք մոտենում ենք Արարչին, Նա էլ մոտենում է մեզ: Պահքի միջոցով մենք կարող ենք քայլել Տիրոջ ձեռքը բռնած դեպի Հարություն և արժանանալ Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսին՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»»:



