Փաշինյանը սարսափում է հրապարակից
Ընտրություններից առաջ քաղաքացիների հետ շփվելու Նիկոլ Փաշինյանի էժանագին փորձերը հանդիպում են պարզ մարդկանց արժանապատիվ դիմադրությանը: Մեկն իր խանութի դուռն է փակում Փաշինյանի առաջ, մյուսը՝ պաշտպանում է Կաթողիկոսին, երրորդը՝ շրջիկ կրկեսին ականատես դարձած սեփական երեխային ու ծաղրածուի պատճառով կորցրած հայրենիքը՝ Արցախը:
Այս բոլոր դեպքերն արժանանում են հանրության հիացմունքին։ Ընդդիմությունը դրանք ներկայացնում է՝ որպես քաղաքացիների արթնացման ու ՔՊ-ի մոտալուտ հեռացման վկայություն, իշխանությունն էլ՝ որպես իր շնորհիվ հաստատված ժողովրդավարության արտահայտություն:
Քաղաքացիների այս պոռթկումները, սակայն, խորքային առումով վկայում են Հայաստանի իշխանության այլասերման ու քաղաքական համակարգի գրեթե անդառնալի դեգրադացման մասին: Անհատական մակարդակում արտահայտվող ընդզվումն իշխանությունից զզված քաղաքացիների վերջին փորձն է՝ անձնապես ցույց տալու իրենց անհամաձայնությունը, որը միևնույն ժամանակ ընդդիմություններից վերջնականապես հույսը կտրելու վկայություն է:
Հայաստանում խեղվել են ոչ միայն քաղաքականության բովանդակությունն ու մեխանիզմը, այլև դրա արտահայտման ուղղությունները: Քաղաքականության հիմնական միջոցը խոսքն է, քննարկումը, բանավեճը, որոնք առավելապես իշխանության պատճառով փոխարինվել են հայհոյանքով:
Իշխանությունը հանրության հետ զրույց չի վարում, հանրային դիսկուրսը փոխարինվել է ընդդիմադիրներին ուղղված հայհոյախոսությամբ: Հակառակ կողմից ընդդիմությունը, հաճախ՝ ստիպված, ավելի հաճախ՝ անկարողությունից, նույն հանրության հետ դիսկուրսը փոխարինում է իշխանությանն ուղղված պատասխան հայհոյանքով: Այդ հայհոյախոսությունն էլ մեծ հաշվով կազմում է Հայաստանի քաղաքական օրակարգը, որն առավելապես արտահայտվում է ուղղահայաց մակարդակում՝ իշխանություն-ընդդիմություն հարթությունում:
Քաղաքական՝ առանց այդ էլ չեղած խոսքը հորիզոնական հարթություն չի իջնում, շրջանցում է հանրությանը: Այն դեպքում, երբ երկրում իրական փոփոխության համար այդքան անհրաժեշտ հանրային մոբիլիզացիան կարող է կայանալ միայն հորիզոնական հարթությունում՝ հանրությանը քաղաքական զրույցի ոչ թե ուղղակի ունկնդիր, այլ մասնակից, սուբյեկտ դարձնելու միջոցով: Եվ քանի որ դա տեղի չի ունենում, մարդիկ ցուցաբերում են ամենասովորական քաղաքացիական արժանապատվություն՝ իրենց վրա վերցնելով քաղաքական համակարգի՝ ընդդիմության գործառույթները:
Ընդ որում, շատ լավ հասկանալով, որ եթե այսօր նախընտրական մղումներով իշխանությունն իրենց համարձակությունը ներկայացնում է որպես ժողովրդավարության արտահայտություն, ընտրություններից հետո՝ վերարտադրվելով, վրեժխնդիր է լինելու անհատապես:
Փողոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը փողոց է վերադարձել՝ լավ հասկանալով, որ եթե իր իշխանությունը սպառնալիք ունի, ապա դա փողոցում է, որտեղ կարող է կայանալ հանրային համախմբումը՝ հորիզոնական երկխոսության, զրույցի միջոցով: Նա ցանկանում է կանխել փողոցում այդ զրույցի կայացումը՝ մի կողմից իրենց՝ քաղաքացիների, մյուս կողմից՝ հանրության ու ընդդիմության միջև: Պատահական չէ, որ ամեն օր որևէ զառանցագին տեսանյութ է հրապարակում՝ մարտահրավեր նետելով ընդդիմությանը: Դրա նպատակը քաղաքական զրույցին փոխարինած փոխադարձ հայհոյախոսությունն իշխանություն-ընդդիմություն մակարդակում պահելն է, որպեսզի զրույցը չտեղափոխվի հրապարակ:
Հայաստանում այսօր կան իշխանության, անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ արմատական տրամադրված, ընդվզման պատրաստ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ: Բայց նրանց ընդվզումը տեղային է ու մնում է միայն անհատական, լավագույն դեպքում՝ փոքր խմբերի մակարդակում:
Ընդդիմության խնդիրը հրապարակում, փողոցում այդ քաղաքացիների հանդիպումը կազմակերպելն է:
Խոսքը ոչ թե ֆիզիկական հանդիպման, այլ այդ քաղաքացիների միջև հորիզոնական հարթությունում զրույցի, երկխոսության կազմակերպման մասին է, որը՝ հանրային լայն մոբիլիզացիայի վերաճելու միջոցով, մնում է իշխանափոխության արդեն միակ ու ամեն օրվա հետ նվազող հնարավորությունը:
Հարություն Ավետիսյան



