«Երբ իրականում լսեմ Սամվել Կարապետյանին, այդ ժամանակ կպատասխանեմ. Սուրեն Պապիկյան
Երեկ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «կան տեքստեր, որոնք Հայաստանում հնչում են՝ դրանք նշանակում են պատերազմ, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած, առնվազն աշնանը»։
Այսօր ԱԺ-ում լրագրողները Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի Պաշտպանության նախարարությունը այս ամենի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ նախարարն ասաց.
«Բայց հստակ չէ՞, ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարևան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ։ Այսինքն՝ այստեղ նոր բան ասելու կարիք չկա։ Եթե ՔՊ վարչության նախագահը, վարչապետն ասում է, որ ղեկավարում է շարժում, որը չի շարունակելու «ղարաբաղյան շարժումը», ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է նոր պատերազմի, նոր բան չեմ ասի»։
Սուրեն Պապիկյանը նաև անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ մեծ թվով դրոններ ձեռք բերելու մասին հայտարարությանը, ասելով, որ դժվար է հիմա ասել, թե Սամվել Կարապետյանն ինչ-որ բան է հայտարարել։
«Հիմա ես պետք է հասկանամ՝ մենք գործ ունենք արհեստական բանականությա՞ն, թե՞ իրական մարդու հետ, երբ իրական իրեն կլսենք, գուցե այդ ժամանակ իրեն արձագանքեմ։ Բայց հաշվի առնելով, որ պրոցեսներ են տեղի ունենում, և հայ հասարակությունն այնուամենայնիվ արհեստական բանականությանն առերեսվում է և գուցե պիտի լուրջ վերաբերվի, որովհետև մենք աշխատում ենք վիրտուալ մարդկանց հետ, այլ ոչ իրական»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



