Freedom House-ի զեկույցում Թուրքիան անազատ երկրների շարքում է
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2026. ավտոկրատիայի աճող ստվերը» զեկույցը: 2025թ․ ընթացքում, ընդհանուր առմամբ, 54 երկիր գրանցել են քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վատթարացում, մինչդեռ միայն 35 երկիր գրանցել է բարելավումներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցում նշվում է, որ Թուրքիան 100 միավորից ստացել է 32 միավոր և մնացել է «Ոչ ազատ» երկրների խմբում։ Նախորդ տարվա համեմատ Թուրքիան կորցրել է 1 միավոր։ Զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիան քաղաքական ազատությունների մասով 40 հնարավորից ստացել է 16 միավոր, իսկ հիմնարար իրավունքների և ազատությունների մասով՝ 60 հնարավորից նույնպես 16 միավոր։ Ըստ զեկույցի՝ Թուրքիային հաջորդում են Իրաքը՝ 31 միավորով, Ալժիրը՝ 31 միավորով և Գվինեան՝ 28 միավորով։
Ըստ զեկույցի, Եվրոպայի 42 երկրներից 81 տոկոսը գտնվում է «Ազատ» երկրների խմբում, իսկ Թուրքիան տարածաշրջանում միակ երկիրն է, որը ներառված է «Ոչ ազատ» երկրների ցանկում։
Զեկույցվում նշվում է, որ Թուրքիայում դատական համակարգը քաղաքականացվել է, ինչպես նաև ընդգծվում, որ ԱԶԿ-ի իշխանությունը 2002 թվականին իշխանության գալուց ի վեր աստիճանաբար կենտրոնացրել է իշխանությունը և ճնշել ընդդիմությանը։
«2014-ին կառավարությունը սկսեց հազարավոր ոստիկանների, դատավորների և դատախազների պաշտոնների փոփոխությունը։ Երկու տարի անց տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո արդար դատաքննության իրավունքները ավելի վատթարացան, քանի որ իշխանություններն առաջադրեցին նոր մեղադրանքներ՝ հաճախ հիմնված թույլ ապացույցների կամ գաղտնի վկաների ցուցմունքների վրա, իսկ մեղադրյալները սովորաբար երկար ժամանակ պահվում էին կալանքի տակ»,-ասվում է զեկույցում։
Զեկույցի համաձայն, 2016-ից ի վեր ԱԶԿ-ի իշխանության պայմաններում քաղաքական գործիչների, լրագրողների և ակտիվիստների ձերբակալությունները կրում են շարունակական բնույթ։
Թուրքիան արդար դատաքննության իրավունքի մասով ստացել է «հնարավոր ամենացածր գնահատականը»․ Հնարավոր 4 միավորից՝ 0։
Զեկույցում նաև հիշատակվում է, որ 2025-ի մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է, իսկ հետագայում՝ կալանավորվել։ Նշվում է, որ Իմամօղլուն դիտվում է որպես Էրդողանի հիմնական քաղաքական մրցակից։ «Իմամօղլուն կալանավորվել է մի շարք կասկածելի մեղադրանքների հիման վրա։ Դատական համակարգի քաղաքականացված լինելու պատճառով քիչ հավանական է, որ նա կունենա արդար դատաքննության հնարավորություն»։
Թուրքիան ցածր միավորներ է ստացել նաև հետևյալ ոլորտներում․
Կոռուպցիայի դեմ պաշտպանության մեխանիզմներ՝ 1 միավոր
Մամուլի ազատություն՝ 1 միավոր
Կառավարության թափանցիկություն՝ 1 միավոր
Ակադեմիական ազատություն՝ 1 միավոր
Խոսքի ազատություն՝ 1 միավոր
Հավասար քաղաքացիություն՝ 1 միավոր։
Նշենք, որ Հայաստանը այս զեկույցում մնացել է նույն միավորներով և նույն տեղում։ Երկիրը գնահատվել է որպես «մասնակի ազատ»՝ 100 հնարավորից հավաքելով 54 միավոր։ Քաղաքական իրավունքը 23 է 40-ից, իսկ քաղաքացիական ազատությունը՝ 31՝ 60 հնարավորից։



