Հայաստանը նոր՝ 15 մլն եվրո դրամաշնորհ կվերցնի վրացական սահմանին էներգահամակարգերի միացման համար
Հայ-վրացական սահմանին մոտ՝ Այրումում, հայկական և վրացական էներգահամակարգերի միացման համար Վերականգնման վարկերի բանկը Հայաստանին կտա 15 մլն եվրոյի դրամաշնորհ։
Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ ՀՆՀ-ի II Փուլ» դրամաշնորհային համաձայնագրի կնքումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Վրաստանը խորհրդանշականի է հասցրել Ադրբեջանից Հայաստան բենզինի տարանցման գինը. նախարար
Նշվում է, որ Այրումում կտեղակայվի 500/400/220 կՎտ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայան (վերջնական հզորությունը` 1050 ՄՎտ):
«Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎտ օդային գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎտ ենթակայանից 400 կՎտ օդային գծի միջոցով»,- ասված է որոշման մեջ:
Արդյունքում, Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի, հետագայում, ելնելով տարածաշրջանային շուկայի պահանջարկից, հասցնել մինչև 1050 ՄՎտ-ի։
«Նոր էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի ծառայության որակը, զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար»,- վստահեցնում են կառավարությունից:
Ծրագրի շրջանակում խորհրդատվական պայմանագիր է կնքվել նաև «Fichtner GmbH & Co.KG» ընկերության հետ:
Նշենք, որ այս ծրագրի իրականացման համար կնքված բոլոր վարկային և դրամաշնորհային միջոցների ընդհանուր արժեքը կազմում է 542,75 մլն եվրո։



