Գնաճն արագանում է. Ի՞նչ գին է վճարում դրա համար շարքային քաղաքացին
Գնաճը սովորական հարկ չէ քաղաքացու վրա, բայց հարկերից շատ չի տարբերվում։ Դրա համար միլիոններ ստացող պաշտոնյաների կողքին վճարում է նաև ամեն օր խանութ մտնող այն շարքային քաղաքացին, որի եկամուտները չեն ավելանում։ Ու հիմա, երբ տարվա սկզբին գնաճը Հայաստանում էապես արագացել է, շարքային քաղաքացին ստիպված է ավելի շատ վճարել կամ ավելի քիչ գնել։ Երկու դեպքում էլ դա ի վնաս քաղաքացու է, բայց նա այլ տարբերակ չունի, որովհետև իշխանությունները չեն մտածում շարքային քաղաքացու եկամուտներն ավելացնելու կամ գոնե գնաճին համարժեք ավելացնելու մասին։
Եթե անցած տարվա հունվարին գնաճը Հայաստանում 1.7 տոկոս էր, այս տարի դարձել է 3.8 տոկոս՝ 2.1 տոկոսային կետով ավելի բարձր, քան անցած տարի էր։
Իսկ որ ավելի վատ է, արագացել է հատկապես սննդամթերքի գնաճը։ Սննդամթերքն այս տարվա սկզբին թանկացել է 5.9 տոկոսով։ Անցած տարվա հունվարին սննդամթերքի գնաճը 2.5 տոկոս էր. 3.4 տոկոսային կետով արագացել է։
Առաջին հայացքից գուցե թվա, թե գնաճը Հայաստանում շատ բարձր չէ, բայց այդ պայմաններում առաջին անհրաժեշտության ու կարևորության սննդամթերքի բազմաթիվ տեսակներ հասցրել են կտրուկ թանկանալ։ Շարքային քաղաքացին գնաճը զգում է ոչ թե միջինացված ցուցանիշներով, այլ մսի, հացի, կաթի, ձվի, կարագի, բուսական յուղի ու բազմաթիվ այլ առաջնային ապրանքների գներով։ Իսկ այդ ապրանքները շատ ավելի կտրուկ են թանկանում, քան պաշտոնական ու միջինացված գնաճն է։
Վերջին 1 տարում տավարի միսը Հայաստանում թանկացել է 12.8 տոկոսով, խոզի միսը՝ 13.1 տոկոսով, գառան միսը՝ 14.1 տոկոսով։ Թռչնամսի գնաճն էլ 4.5 տոկոս է կազմել։
Ձուկն ու ձկնամթերքը թանկացել է 15.2 տոկոսով, անցած տարի էլ թանկացել էր 11 տոկոսով։
2026 թ. հունվարին, 2025 թ. հունվարի համեմատ, ձավարը թանկացել է 5 տոկոսով, ալյուրը՝ 5.5 տոկոսով, հաճարը՝ 6.5 տոկոսով, մակարոնեղենը՝ 8.2 տոկոսով, հնդկացորենը՝ 10.2 տոկոսով։
Համատարած թանկացել են կաթնամթերքները։ Թարմ կաթը թանկացել է 5.4 տոկոսով, պանիրը՝ 6.4 տոկոսով, կաթնաշոռը՝ 6.6 տոկոսով, մածունը՝ 6.7 տոկոսով, թթվասերը՝ 8.9 տոկոսով։ Կաթնամթերքի թանկացումը սկսվեց այն բանից հետո, երբ իշխանությունները որոշեցին օրենսդրական որոշ նորամուծություններ կատարել ու QR կոդեր պարտադրել։ Այդ պարտադրանքի ազդեցությունն էլ հիմա վայելում են սպառողները՝ կաթնամթերքի գների բարձրացումների միջոցով։ Կարգավորումը դարձավ թանկացման անմիջական պատճառ, չնայած հավաստիացնում էին, որ նման բան չի լինելու։
Այս տարի սպառողները ստիպված են 11.7 տոկոսով ավելի շատ վճարել նաև ձվի համար, քան վճարում էին անցած տարի։
Կարագն այս տարի թանկացել է 7.3 տոկոսով, անցած տարի էլ թանկացել էր 11.4 տոկոսով։ Արևածաղկի բուսական յուղի գնաճն անցած տարի կազմել էր 13.9 տոկոս, այս տարի ավելացել է ևս 6.5 տոկոսով։
Թանկացումների այս շղթան ոչ միայն չի ընդհատվում, այլև տարեցտարի շարունակվում է։
Արդեն տարիներ շարունակ գրանցվում է խմիչքների ու ծխախոտի բարձր գնաճ։ Այս տարի էլ բացառություն չէ։ Այդ ապրանքները թանկացել են ևս 9 տոկոսով։
Ավելի քան 18 տոկոսով թանկացել են տրանսպորտային ծառայությունները, գրեթե 15 տոկոսով՝ հանգստի կազմակերպումը։ Իսկ ամենաբարձր գնաճը գրանցվել է ոսկերչական ապրանքների պարագայում, տարեկան կտրվածքով հասնելով ռեկորդային 42.7 տոկոսի։
Ոսկու գնաճը գուցե շատերին այնքան էլ չի անհանգստացնում, բայց սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը չի կարող չանհանգստացնել, հատկապես, երբ նրանց եկամուտները գոնե գնաճին համարժեք չեն ավելանում։ Նորություն չէ, որ Հայաստանում հասարակության մեծ մասի իրական եկամուտները շատ ավելի դանդաղ են աճում, քան լայն սպառման ապրանքների ու սննդամթերքի գներն են բարձրանում։ Դա է պատճառը, որ նրանց սոցիալական վիճակը գնալով վատանում է։ Տեղի է ունենում սոցիալական բևեռացման խորացում, որովհետև հասարակության մի մեծ հատվածի եկամուտները չեն հասնում գնաճի հետևից, իսկ մյուսներինը, այդ թվում՝ պաշտոնյաներինը, կիլոմետրերով առաջ են անցել։ Վկա՝ միլիոնների պարգևավճարները, որոնք ստացան անցած տարվա վերջին ու պատրաստվում են ստանալ առաջիկայում։
Գնաճի արագացում է նկատվում այն պարագայում, երբ առանց այդ էլ Հայաստանը վերջին տարիներին վերածվել է տարածաշրջանի ամենաթանկ ու ապրելու համար ամենաբարձր գին ունեցող երկրի։ Կյանքի թանկությամբ առաջ ենք անցել Վրաստանից, Ադրբեջանից, նույնիսկ՝ Թուրքիայից ու Ռուսաստանից։ Ու դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ գնաճը Հայաստանում անհամեմատ ավելի ցածր է եղել։
Հիմա, երբ գնաճն արագանում է, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին է լինելու դրա ազդեցությունը հասարակության հատկապես այն հատվածի վրա, որոնց եկամուտները չեն հասցնում գնաճի հետևից։ Ինչպես նախորդ մի քանի տարիներին, այս տարի էլ իշխանությունը չի նախատեսել սոցիալապես անապահով հատվածի հարյուր-հազարավոր քաղաքացիների եկամուտների ավելացում։ Թոշակառուներին ասացին՝ ձեր թոշակները բարձրացնելու կարիք չկա, որովհետև ծախսելու ձևը չգիտեք, խաբեցին հետվճարով, ինչից բազմաթիվ թոշակառուներ հնարավորություն չունեն օգտվելու։ Չնայած, օգտվելու պարագայում էլ, մեծ ակնկալիքներ չեն կարող ունենալ։
Հրաժարվեցին նվազագույն աշխատավարձի բարձրացումից, որը կարող էր հնարավորություն տալ գոնե մի քանի հազար դրամով ավելացնել ցածր եկամուտներ ունեցող աշխատողների աշխատավարձերը։ Իրենց ամեն ամիս պարգևատրում են, իսկ նվազագույն աշխատավարձով ապրող շարքային քաղաքացու համար չբարեհաճեցին մի քանի հազար դրամով ավելացնել աշխատավարձի նվազագույն շեմը։ Ու այս մարդիկ ստիպված են կրել արագացող գնաճի ազդեցությունը։ Այն 160 հազարից ավելի գործազուրկների մասին էլ չենք ասում։
Գնաճի արագացումը բերելու է նրան, որ հասարակության այս բոլոր խավերը սկսելու են ավելի վատ ապրել։ Հատկապես որ, առաջին տարին չէ, երբ նրանց եկամուտներն այնքան չեն ավելանում, որքան առաջնային ապրանքների գնաճն է։
Արագացող գնաճին զուգահեռ՝ Հայաստանում խորանում է սոցիալական անարդարությունը. շարքային քաղաքացու չավելացող եկամուտների պարագայում՝ իշխանությունները չեն վարանում իրենց միլիոնների պարգևավճարներ բաժանել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



